ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
Ընկնում է նաեւ Բայդենի վարկանիշը
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Դերկաչը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի հետ քննարկել է Ուկրաինայի արտաքին քաղաքական հարցեր:
Ի հաստատումն իր խոսքերիՙ նա հրապարակել է համապատասխան ձայնագրություններ: Բանակցությունների թեմաների թվում է եղել մեկ միլիարդ դոլարի հատկացման դիմաց Բայդենի որդի Հանթերի աշխատանքի սխեմայի պահպանումը Ուկրաինական Burisma ընկերությունում: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Խոսակցությունները տեղի են ունեցել 2015-ի վերջերին եւ 2016 թվականի ընթացքում, ընդգծել է քաղաքական գործիչը:
Հեռախոսազրույցի ընթացքում Բայդենին հիշեցնող ձայնը առաջարկել է նաեւ փոխել Ուկրաինայի գլխավոր դատախազին: Պորոշենկոյին հիշեցնող ձայնը խնդրել է ԱՄՆ-ի կամ որեւէ այլ երկրի դեսպանատան աշխատակցի միջոցով փոխհամաձայնեցնել դատախազության գործունեությունը: «Գլխավոր դատախազի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը իմ կուսակից (Յուրի) Լուցենկոն էր», ասել է Պորոշենկոյին հիշեցնող ձայնը :
Հենց մեկ միլիարդ դոլարի պատճառով Պորոշենկոն պաշտոնանկ արեց գլխավոր դատախազ Շոկինին, որը քննում էր Burisma-ի գործը, եւ ի վերջո բացահայտել էր Բայդենների գործունեությունը, գտնում է Դերկաչը:
Դերկաչի կարծիքով, այդ տվյալները հիմք են տալիս Պորոշենկոյին մեղադրելու պետական դավաճանության մեջ: