Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈԶԻ ԱՐՄԵՆԻ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԸ

22/05/2020
- 22 Մայիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երգչուհու հայրը կռվել է Գարեգին Նժդեհի ինքնապաշտպանական ջոկատներում

Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների թեկնածու

Տարիներ առաջՙ հեռավոր 1966 թվականին,երբ դեռ դպրոցական էի եւ Բաքու-Երեւան գնացքով առաջին անգամ միայնակ Նախիջեւանից Երեւան էի գալիս, ամբողջովին ադրբեջանցիներով լի վագոնում մի հետաքրքիր հայրենակից գտա, որի հետ զրույցը, բնականաբար, մեր հայրենի եզերքիՙ Նախիջեւանի շուրջն էր:

– Ես միշտ զարմանում եմ,- ասում էր նա,- այդ ինչպե՞ս է լինում, որ հնուց ի վեր հայ երաժշտության, վիպասաց-գուսանների բնօրրան Գողթն-Նախիջեւանը բոլոր ժամանակներում տվել եւ այսօր էլ շարունակում է տալ հայ մշակույթի նորանոր նշանավոր գործիչներ:

Եվ ուղեկիցս թվարկում էր հայությանն ու աշխարհին հայտնիՙծնունդով կամ արմատներով նախիջեւանցիների բազմաթիվ անուններ, որոնց թվումՙ այդ տարիներինարդեն շատ սիրված երգչուհի Ռոզի Արմենի անունը:

Ճիշտն ասածՙ ես որպես անվերապահ ճշմարտություն չընդունեցի հայրենակցիս ասածը, բայց շատ հաճելի էր թեկուզ չհաստատվածՙ այդ լուրը լսելը, մանավանդ որ հեռուստատեսությամբ հեռարձակվող երգչուհու առաջին երեւանյան համերգին անձամբ էի լսել նրա «մայրս թրքահայ է, հայրսՙ ռուսահայ» կենսագրական բացահայտումը:

Տարիներ անց, լրագրող Վանիկ Սանթրյանի հեռուստահաղորդման ժամանակ, երգչուհին, իրոք, առաջին անգամ ասաց, որ հայրը ծնունդով Նախիջեւանից է, սակայն թե Նախիջեւանի ո՞ր բնակավայրիցՙ չասաց: Այնուհետեւ նախիջեւանագետ-պատմաբան Արգամ Այվազյանն իր «Նախիջեւան. հայկազունք» հանրագիտակում տեղ գտածՙՌոզի Արմենի կենսագրականում նշեց, որ նրա հայրը ծնունդով Նախիջեւանի Աստապատ գյուղից է եղել: Որոշ նախիջեւանցիներ սակայն պնդում էին, որ երգչուհու հոր ծննդավայրը ոչ թե Աստապատն է, այլ Այլապատը, երրորդ տարբերակի համաձայնՙ Նախիջեւանին մերձակա մեկ այլ գյուղՙ Շմրթանը:

Այնուհետեւ երեւան եկան համացանցային նյութերը, ըստ որոնցՙ Ռոզիի մայրը Անկարայի մերձակայքում գտնվող Ստանոզ հայկական գյուղում ծնված Նուրան-Նվարդ Ալոզյանն է, իսկ հայրըՙ Նախիջեւանում ծնված Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը:

Մի քանի տարի առաջ առիթ ունենալով անձամբ հանդիպելու երգչուհունՙ հարցրեցի.«Նախիջեւանի ո՞ր գյուղից էր հայրիկը»: «Իր փասփորթին մէջ միայն գրուած էրՙ Նախիջեւան»,- եղավ պատասխանը:Եվ քանի որ պատահաբար էի հանդիպել նրանՙ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ, չկարողացա երկար խոսել: Սակայն մեր սկսած զրույցը պարբերաբար շարունակվեց վերջերսՙ երգչուհու հետ իմ հեռախոսազրույցներում:

Այդ զրույցների ժամանակ տիկին Ռոզին, կրկին վերանայելով հոր փաստաթղթերը, որոշ տեղեկություններ եւս հայտնեց նրա մասին:Հայրը ծնվել է 1896 թվականի մայիսի 10-ին, վախճանվել է 1980 թվականի հուլիսի 14-ին:Հոր հայրըՙ Մարգար Հովհաննիսյանը, 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ութամյա տղայի աչքի առաջ սպանվել է տուն ներխուժած թուրքերի կողմիցՙ պատից կախված իր իսկ սրով, մայրըՙ Թագուհի Գեւորգյանը, ավելի վաղ է վախճանվել: Ռոզիի եղբայրըՙ Մարգարը, պապի անունն է կրել, իսկ քույրըՙ Թագուհինՙ տատի:

Ես էլ իմ հերթին հիշեցի եւ երգչուհուն պատմեցի հոր ծննդավայրի վերաբերյալ չորրորդ տարբերակ-վարկածըՙ իմ ամենաավագ հայրենակիցներից մեկիՙ 1883 թվականին Նախիջեւանի Առինջ գյուղում ծնված եւ 1983-ին Երեւանում վախճանված Շամիր Ստեփանի Տեր-Հովհաննիսյանի վկայությունը: Նա 1903 թվականին ավարտելով Երեւանի արական գիմնազիանՙ ուսուցիչ էր նշանակվել Նախիջեւանի Ազնաբերդ, ապա Առինջ գյուղերի նորաստեղծ դպրոցներում եւ աշխատել մինչեւ 1909 թվականը, այնուհետեւ տեղափոխվել էրԵրեւան եւ հետագա ողջ կյանքում աշխատել որպես հաշվապահ: Շամիր Տեր-Հովհաննիսյանը պատմում էր, որ 1910-ական թվականների վերջերին Երեւանում նրա հարեւանն է եղել Ռոզի Արմենի հայրըՙ Խուրշուդ Հովհաննիսյանը, ծնված Նախիջեւանի Ճահուկ (Ջահրի) գյուղում: Նրանք ապրել են կողք-կողքիՙ ներկայիս Վարդանանց փողոցի սկզբնամասում:

«Կրնայ ըլլա»,- լսելով ինձՙ պատասխանեց տիկին Ռոզին:- Հայրիկս իր անցեալին մասին երբեք չէր պատմեր մեզի: Մենք ալ շատ չէինք ուզեր «փորփրել» իր անցեալը: Միայն գիտէինք, որ քանի մը տարի լեռներուն մէջ կռիւներու մասնակից եղած է, ապա Արաքսի վրայէն Պարսկաստան, Պուլկարիա, յետոյ ալ Ֆրանսա անցած է: Երբ կը հարցնէինքՙ «Ինչո՞ւ Հայաստանէն հեռացած էիր», կ՚ըսէր. «Ես կարմիրներու դէմ կռուած էի, ինչպէ՞ս կրնայի Խորհրդային Հայաստանի մէջ ապրիլ»:

Մեր զրույցից պարզ դարձավ, որ այդ «լեռներուն մեջ կռիւները» ամենայն հավանականությամբ Լեռնահայաստանի ինքնապաշտպանական կռիվներն են եղել, որտեղ սպարապետ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ կռվել են նաեւ վրեժով լցված բազմաթիվ հայրենազուրկ նախիջեւանահայեր: Երգչուհու հայրը, փաստորեն, կռվել է Գարեգին Նժդեհի ազատագրական ջոկատներում եւ հետագայում, քաջատեղյակ լինելով Նժդեհի ու նրա զինակիցների հանդեպ Խորհրդային Միությունում ծավալված հալածանքներին, մշտապես զգուշացել է բացահայտվելուց:

Այս տեղեկությունը միանշանակ հաստատեց Ռոզի Արմենի երեւանաբնակ զարմիկըՙ ճարտարապետ Ռոբերտ Այդինյանը , որը Հովհաննիսյանների ընտանիքի մտերիմն է, եւ որին Երեւանում Խուրշուդ-Խորեն Հովհաննիսյանը անձամբ է պատմել իր կյանքի զանգեզուրյան շրջանի, ապա Նժդեհի զորքի կազմում Պարսկաստանով Եվրոպա անցնելու մասին:

Ռոբերտը պատմեց, որ Երեւանում Ռոզիի հոր հետ մի քանի օր շրջել են քաղաքի կենտրոնական մասերում, նա կարոտով եւ հուզմունքով է նայել փողոցներին, շենքերին ու մարդկանց եւ հաճախ կրկնել. «Շատ է փոխվել քաղաքը»: Երեւանում գտնվելու վերջին օրը Խուրշուդ Հովհաննիսյանը Ռոբերտին անսպասելի հարցրել է. «Զանգեզուրում եղե՞լ ես»: «Այո»,- պատասխանել է նա: «Գիտե՞ս, որ բոլշեւիկները Զանգեզուրն էլ էին ուզում Ադրբեջանին բռնակցել»: «Գիտեմ»,- պատասխանել է Ռոբերտը: «Իսկ գիտե՞ս, թե ում շնորհիվ Զանգեզուրը Հայաստանի կազմում մնաց»: «Իհարկե, գիտեմ: Այստեղ բոլորը չգիտեն դա, բայց շատերը գիտեն»,- առանց Գարեգին Նժդեհի անունը տալու ասել է Ռոբերտը: Եվ այստեղ Ռոզիի հայրը նրան ասել է մի բան, որ շատ քչերին է խոստովանել. «Ես էլ եմ նրա հետ կռվել եւ նրա հետ հեռացել Հայաստանից»:

Մեր հերթական հեռախոսազրույցին տիկին Ռոզիին ուզում էի պատմել նաեւ հոր հավանական ծննդավայրիՙ անցյալում համանուն գավառի կենտրոն եւ բավական հայտնի բնակավայր եղած Ճահուկ գյուղաքաղաքի մասին, երբ անբացատրելի մղումով որոշեցի նախքան այդՙմի անգամ էլ վերանայել պատմաբան-վիճակագիր Ա-Դո -ի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում (1905-1906թթ.)» գրքում նկարագրված իրադարձություններիՙ Ճահուկ գյուղի հատվածը: Գտա Ճահուկում թուրքերի իրականացրած գազանությունների մանրամասն նկարագրությունները, իսկ գրքի վերջում ներկայացված ճահուկցի 51 զոհերի ցանկումՙ 35-րդը անհավատալիորեն… «Յովհաննէսեան Մարգար» անուն-ազգանունն էր (էջ 461). նա զոհվելու օրը, 1905 թվականի մայիսի 12-ին, եղել է 45 տարեկան: Այլեւս կասկած չմնաց, որ երգչուհու հոր ծննդավայրը հենց Ճահուկ ավանն է եղել:

Այս ամենի մասին հեռախոսով պատմելուց հետո Ռոզիին տեղեկացրի, որ Ճահուկում են ծնվել Ղազար Ա Ճահկեցի կաթողիկոսը, գեղանկարիչ Սեդրակ Առաքելյանը, լեգենդար հետախույզ Հայկ Հովակիմյանը, բանաստեղծուհի Վարսենիկ Աղասյանը, դերասան Օրի Բունիաթյանը, արմատներով ճահկեցի էր նաեւ ականավոր լեզվաբան Գեւորգ Ջահուկյանը: Ասացի, որ մինչեւ անցյալ դարի վերջերը գյուղի կենտրոնում դեռեւս կանգուն էր Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, իսկ մերձակա Ճահուկ լեռան վրաՙ նշանավոր Ճահուկ բերդը:

«Ինծի համար շատ հաճելի է այդ ամենը լսելը»,- պատասխանեց երգչուհին եւ պատմեց, որ թեեւ հայրը շատ էր ուզում կրկին Հայաստանը տեսնել, այնուամենայնիվ,1967-ին շատ երկար տատանվելուց հետո միայն համաձայնեց իր հետ Հայաստան գալՙ տեսնելու ե՛ւ Երեւանը, ե՛ւ Թբիլիսին, որի հետ էին կապված իր պատանեկության եւ ուսումնառության տարիները:

Ճակատագրի զարմանալի զուգադիպությամբ, անցյալ դարասկզբին Ռոզիի հայրը Թիֆլիսում ծանոթ է եղել Շառլ Ազնավուրի հոր հետ, սովորել են միեւնույն դպրոցում (հավանաբարՙ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում): Նրանց փարիզյան հանդիպման մասին Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գրքիՙ իր գրած նախաբանում հիշել է Ռոզին: Մի օր հայրը տուն է եկել փայլող դեմքով: Հայ նպարավաճառի խանութում Ազնավուրի հորն է հանդիպել, որն իրեն ասել է. «Գիտե՞ս, Խորե՛ն, տղասՙ Շառլը, երգում է: Հայրը պատասխանել է. «Գիտե՞ս, Միշա՛, աղջիկսՙ Ռոզը, նույնպես սիրում է երգել»: Նրանք ուրախ են եղել, որ տարիներ անց կրկին հանդիպել են, հիշել իրենց թիֆլիսյան կյանքը, դպրոցը:

…Նախիջեւանցիներն իրավամբ հպարտությամբ են լցվում իրենց երկրամասից սերված երեւելի հայերիՙ Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Գարեգին Նժդեհի, Ռուբեն Մամուլյանի, Անրի Թրուայայի, Մանուկ Աբեղյանի, Քրիստափոր Միքայելյանի, Դավիթ եւ Հենրիկ Մալյանների, Մայքլ Առլենների, Հովնաթանյանների, Լազարյանների եւ շատ-շատերի մասին խոսելիս: Այս անուններին ավելանում է նաեւ էստրադային մեծանուն երգչուհի Ռոզի Արմենի անունը, որի հայրական ճյուղի արմատները նույնպես հայերիս պատմական հայրենիքի նշանավոր այս հատվածից են սերված:

Նկար 2. Ռոզի Արմենի հայրը

Նկար 3. Հայրը, մայրը, եղբայրը

Նկար 4.Ճահուկ բերդ

Նկար 5. Ճահուկ լեռ

Նկար 6. Սբ. Հովհանես եկեղեցի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԳՈՒՐԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԿԱԽԱՐԴԱՆՔ Է»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԳՈՒՐԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԿԱԽԱՐԴԱՆՔ Է»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական