ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա
Հայաստանը նոր է անցնում դիմակների պարտադիր կրելու պայմանին
Մայիսի 11-ից Չեխիայի կառավարությունը որոշ ոլորտներում թուլացրեց սահմանափակումները եւ ամենայն հավանականությամբ արտակարգ դրությունը մայիսի 17-ից հետո չի շարունակվի։ Ինչպես նշում է չեխական մամուլը, Չեխիան բացել է ազատության դռները։ Բացվել են ռեստորանների եւ գարեջրատների բացօթյա հատվածները, մինչեւ 2500 մետր առեւտրային կենտրոնները, վարսավիրանոցներն ու սոլարիումները, թանգարանները, պատկերասրահներն ու ամրոցները։ Մարզական դպրոցների մարզումներին, մարզական միջոցառումներին, եկեղեցական արարողություններին եւ հարսանիքներին այլեւս կարող են մասնակցել մինչեւ 100 հոգի։ Թատրոններում, կինոթատրոններում եւ այլ մշակութային միջոցառումներին թույլատրվում է ներկա գտնվել մինչեւ 100 հանդիսատես, սակայն ոչ մեկին դեռեւս հայտնի չէ, թե երկար մեկուսացումից հետո, արդյոք մարդիկ կցանական միանգամից հաճախել թատրոն կամ կինո։ Իհարկե, մայիսի 11-ի անձրեւային եղանակը թույլ չտվեց, որպեսզի մարդիկ բացօթյա ռեստորաններն ու գարեջրատները վայելեն, սակայն խանութներում եւ տրանսպորտում մարդկանց աշխուժությունը զգացվում էր։
Միջնակարգ դպրոցներ կարող են հաճախել ավարտականՙ 9-րդ դասարանի աշակերտները եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, մի պայմանով, որ դասարանում պետք է լինի մինչեւ 15 աշակերտ կամ ուսանող։ Տարրական դասարանների աշակերտները կարող են հաճախել մայիսի 25-ից, բայց ըստ ցանկության եւ նախապես դպրոցի ուսուցիչներին տեղյակ պահելով։ Դպրոցում պետք է կրեն դիմակներ, շենք մտնելիս պետք է ախտահանեն ձեռքերը, իսկ եթե նստեն 1.5 մետր հեռավորության վրա, ապա կարող են հանել դիմակները։
Առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը հայտարարեց, որ մայիսի 25-ից փողոցներում կամ այգիներում այլեւս կարող են դիմակներ չկրել, բայց պետք է պահեն 2 մետր հեռավորություն։ Այլապես եթե օտար մարդկանց հետ դրսում հանդիպումներ են սպասվում, պետք է դիմակները կրել։ Նա նաեւ հայտնեց, որ մայիսի 17-ից հետո այլեւս չի երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, բայց փոխարենը ուժի մեջ կմտնի հանրային առողջության պահպանման օրենքը։ Այդ մասին որոշում է կայացվել կառավարության նիստում։
Երկու ամսվա ընթացքում Չեխիայում կորունավիրուսի թեստավորում է անցել 334 714 մարդ, որոնցից 8275-ի մոտ հաստատվել է վարակակիր լինելու փաստը, 5058-ն արդեն առողջացել են, եւ 290-ը մահացել են։ Կորոնավիրուսով ներկա պահին հիվանդ է 2927 մարդ։
Կառավարությունն արդեն իսկ օրենսդրական նոր նախագիծ է ներկայացնելու խորհրդարանին, որի ընդունումը հնարավորություն կտա աշնանը սպասվող կորունավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ ավելի գործնական քայլեր ձեռնարկել։ Այդ մասին հայտնեց վարչապետ Անդրեյ Բաբիշը երեկ երեկոյան CNN PRIMA հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նա նաեւ նշեց, որ շարունակվելու է հասարակության տարբեր խավերին ցուցադրվող ֆինանսական օգնությունը։
Իսկ Չեխիայի գլխավոր համաճարակաբան, առողջապահության փոխնախարար Ռոման Պրիմուլան ՄՖ Դնես օրաթերթին տված հարցազրույցում նշում է, որ աշնանը հարկ կլինի բնակչության, այդ թվում բժիշկների շրջանում գրիպի դեմ վակցինացիա անցկացնել, որպեսզի Կովիդ 19-ը կրկնվելու դեպքում 1.5 միլիոն մարդու բժշկական օգնություն ցույց տալու խնդրի առաջ չկանգնեն։
Առավել ծանր վիճակում է հայտնվել երկրի գյուղատնտեսությունը, ինչի արդյունքում սպասվում է գյուղատնտեսական մթերքների թանկացում։ Դա ունի երկու պատճառ, քանի որ Իտալիայից եւ Իսպանիայից ավանդաբար ներկրվող մթերքների քանակը խիստ կրճատվել է, այնուհետեւ գյուղատնտեսական ոլորտում աշխատող շատ օտարերկրյացիներ վերադարձել են իրենց երկրներ, եւ մարդկային աշխատուժի կարիք կա։ Այս ամենին ավելացել է նաեւ սպասվող երաշտը, որը կարող է լրջորեն վնասել բերքատվությանը։
Այս պատճառով է նաեւ, որ այսօրվանից Չեխիայի արտգործնախարարությունը 20 երկրներում վերականգնում է մուտքի արտոնագրերիՙ վիզաների տրամադրումը, որպեսզի թե բրիգադային աշխատողները, թե հարեւան երկրների քաղաքացիները, որոնք աշխատել են Չեխիայումՙ բժիշկները, սոցիալական ոլորտի աշխատողները եւ բանվորները կարողանան վերադառնալ Չեխիա։ Սահմանների բացումը նույնպես կապված է այս խնդրի հետ։ Սակայն Չեխիա մտնելիս պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստի մասին արձանագրություն, այլապես պետք է անցնեն 14-օրյա պարտադիր մեկուսացում։
Նույն պայմաններով բանակցություններ են անցկացվում նաեւ 5 երկրների հետ, որտեղ չեխերը կարող են ամառային ամիսներին հանգստանալ, սակայն որոշակի պայմաններով։ Այդ երկրներն են Խորվատիան, Ավստրիան, Սլովակիան, Գերմանիան եւ Հունաստանը։
Հանրահայտ ,,Պրահայի գարուն,, դասական երաժշտության 75-րդ միջազգային փառատոնն իր պատմության մեջ առաջին անգամ սկսվել է ոչ թե Հանրային տան հանդիսավոր բացումով, այլ հեռուստատեսային հեռարձակմամբ։ ՉՏ ԱՐՏ ալիքով հնչեց Սմետանայի հանրահայտ ,,Իմ հայրենիքը,,։ Իսկ ՉՏ1 հեռուստալիքը սկսել է ,,Սերը կորունավիրուսի պայմաններում,, նոր սերիալի հեռարձակումը։
Չեխիայի դասերը ուշ հասան Հայաստան
Այն, որ Չեխիայի կառավարությանը հաջողվեց կազմակերպված կանխարգելել Կովիդ 19 կորոնավիրուսի արագ տարածումը, ուներ մի քանի հիմնական պատճառներ։ Նախ կառավարությունը եւ հատկապես վարչապետ Բաբիշը առաջին իսկ օրերից որոշումները կայացրեց բացառապես խորհրդակցելով համաճարակաբանների ու ոլորտի մասնագետների հետ։ Ավելին գլխավոր համաճարակաբան Պրիմուլան մի որոշ ժամանակ նույնիսկ գլխավորեց ճգնաժամային շտաբը, այնուհետեւ անցավ ,, Խելացի կարանտին,, ծրագրի ղեկավարմանը, որը մոբիլային հավելվածների միջոցով վերահսկում է վարակվածների տեղաշարժը։ Թե՛ կառավարության անդամները, թե՛ լրագրողները, թե՛ հեռուստատեսային հաղորդավարները անմիջապես կրեցին դիմակներ, եւ անկախ նրանից ուղիղ եթեր էին մտնում իրենց բնակարանից, թե դրսում կանգնածՙ ռեպորտաժի վայրից, անպայման կրում էին դիմակներ եւ կոչ էին անում մնալ տանը եւ դրսում կրել դիմակներ։ Բնականաբար խանութներում ու դեղատներում դիմակներ չկային, քանի որ դեռ հունվարին Չինաստանը դրանք գնել էր եվրոպական տարբեր երկրներից։ Մարդիկ սկսեցին կարել եւ բաժանել հարեւաններին, հարազատներին, սոցիալական տներին ու ծերանոցներին, բժիշկներին եւ հիվանդանոցների աշխատողներին։ Նրանք ովքեր դիմակ չունեին, դեմքը ծածկում էին շարֆերով ու վզկապներով։
Չեխիայի ողջ բնակչությունը մեկ մարդու պես ենթարկվեցին այս կանոններին եւ ղեկավարության օրինակը ազդեց բոլորի վրա։ Չեխերը եւս մեկ անգամ ցույց տվեցին, ինչպես 2002 թվականի ջրհեղեղի ժամանակ, որ կարող են շատ արագ կազմակերպվել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Ընդ որում կառավարության այն անդամները, որոնք ուղիղ կապ ունեին ամենօրյա որոշումների հետՙ առողջապահության, ֆինանսների, առեւտրի եւ արդյունաբերության, ներքին գործերի նախարարները, գլխավոր համաճարակաբանը եւ, իհարկե, վարչապետ Բաբիշը 24-ժամյա ասուլիսների ու հարցազրույցների մեջ էին, պատասխանում էին լրագրողների եւ ընդդիմադիրների ամենասուր հարցերին, հաշվի առնում քննադատությունները եւ արագ լուծում տալիս ծագած խնդիրներին։ Նույնիսկ հարեւան Գերմանիայում օրինակ են բերում Չեխիայի կառավարությանը, որը կարողացավ առանց մեծ զոհերի հաղթահարել այս մեծ ճգնաժամը։
Չեխիայի կառավարությունը փորձեց օրական 20 եվրոյի չափով փոխհատուցել անհատ ձեռներեցներին, այն բոլոր ոլորտների աշխատողներին, որոնց աշխատանքը դադարեցվել էր արտակարգ դրության սահմանափակումների պատճառով։ 60 տոկոսով փոխահատուցեց ռեստորանների, հյուրանոցների ու նմանատիպ այլ օբյեկտների աշխատողների աշխատավարձը։ Մշակույթի նախարարությունը հատուկ ծրագրով օգնեց մշակույթի գործիչներին, թատրոններին ու ամրոցներին։ 6 ամսով հանվեցին առողջապահական, սոցիալական եւ մի քանի այլ հարկատեսակներ։
Այժմ էլ կառավարությունն արդեն հեռահար ծրագրեր է մշակում, որ աշնանը կրկնվելու դեպքում` ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկեն։
Իսկ ի՞նչ արեցին Հայաստանում։ Նախ ամենաբարձր մակարդակով հանրությանը հանգստացրին, ասելով, որ կորոնավիրուսը մեզ չի կպնի, որ թեյ ու սուրճ խմեք,ամեն ինչ լավ կլինի, իսկ երբ արդեն հասկացան, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, այլեւս որեւէ զգաստության կոչ չունեցավ սպասելի ազդեցությունը։ Ցավոք, Չեխիայի, նաեւ Սլովակիայի կորոնավիրուսային պայքարի մեթոդներըՙ այն է, պարտադիր դիմակների կրումը, ուշ հասավ Հայաստան։ Փոխարենը կիրառվեց ֆրանսիական տարբերակըՙ թղթերի լրացումը, որը ամենեւին արդյունավետ չէր։
Եվ քանի որ Եվրոպայում բոլորն են սպասում վարակի տարածման աշնանային նոր ալիքին, լավ կլինի, մինչ այդ Հայաստանում նույնպես մշակեն կանխարգելման ավելի ազդեցիկ ծրագրեր։ Այլապես, աշնանային ալիքը կարող է ավելի ծանր լինել, եւ անդառնալի կորուստների բերել։