ՄՈՒՐԻԵԼ ՄԻՐԱՔ-ՎԱՅՍԲԱԽ, Գերմանիա
Ամուսնուս եւ եղբորս հետ 2011-ին հնարավորություն ունեցա այցելելու Թուրքիաՙ ամերիկահայ «ուխտավորների» խմբի հետ, որի առաջնորդն էր այդ գործին անխոնջ նվիրյալ Արմեն Արոյանըՙ Կալիֆոռնիայից: Ակնկալում էինք, որ կվերագտնենք մեր արաբկիրցի ծնողների բնակավայրերը, եւ երջանիկՙ դրանց գտնելու համար: Բայց տխուր, որ դրանցում ոչ մի հայկական հետք չէր մնացել: Դրությունը գրեթե նույնն էր նաեւ մեր այցելած մյուս քաղաքներում եւ գյուղերում: Կարսում օրինակ, մենք տեսանք հայկական եկեղեցու մնացորդները, որ վերածվել էր մզկիթի, մյուս վայրերում դրանք կա՛մ թանգարանի էին վերածվել, կա՛մ ախոռների: Երիտթուրքերի առաջնորդները այնպես էին կազմակերպել ցեղասպանությունը, որ բնաջնջել էին ոչ միայն հայազգի բնակչությունը, այլեւ նրա մշակութային ժառանգությունը: Ամենացավալին, անշուշտ, հիշողությունը բնաջնջելու մերօրյա թուրքերի գործադրած ջանքերն էին:
Բայց արդյոք հնարավո՞ր է ջնջել հիշողությունը: Դեկտեմբերի 5-ին գերմանական Օսնաբրյուկ քաղաքում բացված ցուցահանդեսը բացառում է նման բան: Էրիխ Մարիա Ռեմարկի անվան խաղաղության կենտրոնի (գերմանա-հայկական ընկերության համագործակցությամբ) կազմակերպած «1915-2015. Հայկական ճարտարապետությունը եւ Ցեղասպանությունը» խորագրով ցուցահանդեսը, որ տեւեց մինչեւ հունվարի 19-ը, հնարավորություն է տվեց գերմանացիներին պատմական Հայաստանի վերոնշյալ եւ այլ վայրերը այցելելուՙ ավաղ միայն լուսանկարների միջոցով:
Ցուցադրության վայրի ընտրությունը խիստ հատկանշական է: Օսնաբրյուկ քաղաքի իշխանությունների եւ համանուն համալսարանի ջանքերով 1996-ին կառուցված Ռեմարկի անվան խաղաղության կենտրոնը, որ նվիրված է «Արեւմտյան ճակատում անփոփոխ է» վեպի գերմանացի հեղինակի կյանքի եւ ստեղծագործությունների ուսումնասիրություններին, կանոնավոր միջոցառումներՙ դասախոսություններ, սիմպոզիումներ եւ կինոդիտումներ կազմակերպող մշակութային օջախ է նաեւ: Գերմանա-հայկական ընկերության (DAG) նախագահ դոկտ. Րաֆֆի Քանտյանի համոզմամբ ամենահարմար վայրն էր նման ցուցահանդես կազմակերպելու համար, հաշվի առնելով, որ եթե Ռեմարկն իր վեպում նկարագրել էր պատերազմի սարսափներն արեւմտյան ճակատում, ապա այս ցուցահանդեսում ներկայացված էին հայերի բնաջնջման հետեւանքները արեւելյան ճակատում:
Օսնաբրյուկ համալսարանից դոկտ. Թոմաս Շնայդերի եւ քաղաքապետ Բիրգիտ Ստրանգմանի ողջույնի խոսքերից հետո, դոկտ. Քանտյանը ներկաներին ներկայացրեց 1915-ի դեպքերը եւ ցուցահանդեսի գլխավոր թեման, որ փորձ էր պատկերացնելու, թե ինչ ազդեցություն էր թողել ցեղասպանությունը թուրքահայերի (եւ ոչ միայն) մշակութային ժառանգության վրա:
Քսաներկու տաղավարներ լուսանկարներով եւ համապատասխան ծանոթագրություններով ցուցադրում էին ողջ ողբերգությունն իր տարբեր դրսեւորումներով: Մեկում 1915-ից առաջ հայերի սովորական առօրյա կյանքն էր ներկայացված ընտանեկան լուսանկարների միջոցով: Մյուսում տարագրություններն ու կոտորածներն էինՙ համապատասխան բացատրական տեքստերովՙ հիմնված դեսպան Հենրի Մորգենթաուի եւ վերապրող Փայլածո Քափթանյանի վկայությունների վրա: Երրորդումՙ տարբեր կառույցների (առեւտրական խանութների, դպրոցների, պաշտամունքի վայրերի եւ բնակելի շենքերի) ամբողջական ավերումը: «Առաջ» եւ «Հետո» լուսանկարներում ցույց էին տրված հայկական ճարտարապետության նմուշների փոխարինումը ժամանակակից առեւտրի կենտրոնների: Եկեղեցիների ճակատագիրը հատուկ ուշադրության էր արժանացել: Ցուցադրված էին Մուշի Սբ. Կարապետ վանքը նախքան ավերումը եւ հետո, 1900-ին արված եզակի լուսանկարը Անիից մոտ 40 կմ դեպի հարավ-արեւելքՙ Տեկորի գետակի ձորի բարձունքներում կառուցված Խծկոնք (IX-Xդդ) վանքային համալիրի, որ պայթեցվել էր 1964-ին, կիսավեր վիճակում թողնելով հինգից միայն մեկ եկեղեցի եւայլն:
Կատարվածը դիտավորյալ, ծրագրավորված քաղաքականության արդյունք էր: Նպատակը «հայ», «հայկական» բառերից վերջնական ազատումը: Այլոց շարքում Ուրֆան է արժանի հիշատակության, որտեղ ցեղասպանությունից առաջ 38 հազար հայեր էին ապրում, որոնք վարպետ գորգագործներ եւ ոսկերիչներ էին: Համիդյան կոտորածների ժամանակ 3000 հայեր ապաստան էին գտել Սբ. Աստվածածին եկեղեցում, որն ամբողջովին հրդեհվեց թուրքերի կողմից: Այս քաղաքում էր, որ Յոհաննես Լեփսիուսը հիմնել էր իր գորգերի գործարանը հայ որբերին աշխատանքով ապահովելու նպատակով: Այսօր, ըստ լուսանկարների, այդ վայրում հյուրանոց է կառուցված:
Մնում է երախտիքի խոսքեր հղել այս հույժ կարեւոր եւ ժամանակին բացված ցուցահանդեսը կազմակերպողներին, որոնց, բացի վերոնշյալներից (Է.Մ. Ռեմարկի անվան խաղաղության կենտրոնի եւ գերմանա-հայկական ընկերակցության), պետք է ավելացնել նաեւ «Armenische Unternehmerverband» հաստատությունից Հասմիկ Հակոբյանի անունը: Շնորհակալություն բոլորին:
Ծ.Խ.- Նյութը որպես բրոշյուր բաժանվել է ցուցահանդես այցելուներին եւ կարելի է գտնել այցելելով «www.remarque.uni.osnabrueck.de/aktuell.html» կայքը:
Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
Նկար 1. Հայ բանվորուհիներ Ուրֆայում
Նկար 2. Յոհաննես Լեփսիուս