Ինչպես արդեն հայտնի է, ապրիլի մեկից, ամենայն հավանականությամբ, բարձրանում է գազի գինը, գոնե հայտնի է, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը այդ հարցով դիմելու է համապատասխան հանձնաժողով: Սրա մասին, այսինքնՙ գնի բարձրացման, «Ազգ»ում գրել էինք դեռ անցած տարի, շեշտելով, որ գազի ներկա գինը, խոսքը ներքին սպառմանի մասին է, գործող իշխանությունները երկար պահպանել չեն կարող, հետեւաբար հարկավոր են լուծումներ, իսկ թանկացումը դառնում է անխուսափելի:
Եվ ահա, արդեն պաշտոնապես հաստատվում է, որ գազի գնի բարձրացումը հավանական է նաեւ սպառողների համարՙ այստեղից բխող հետեւանքներով, իսկ դրանք, մեղմ ասած, այնքան էլ լավը չեն: Գազի գնի բարձրացումը կհանգեցնի շղթայական ռեակցիայիՙ բերելով նաեւ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման եւ այդպես շարունակ:
Ճշգրիտ կերպով հաշվարկել այն բացասական հետեւանքները, որ գազի գնի բարձրացումը կբերի մեր տնտեսության համարՙ բավականին դժվար է, սակայն պարզ է, որ պետությունը իսկապես կկանգնի խնդիրների առջեւ, որոնց լուծումները, գոնե ներկա իշխանությունների կարողականության պայմաններում, անիրական են: Իսկ դա պայմանավորված է ոչ միայն մեր «թավշյա» իշխանությունների քաղաքական ու տնտեսական զարգացման տեսլականի բացակայության, այլեւ ամենապարզունակՙ կարեւորը երկրորդականից տարբերելու անընդունակության հետ:
Սկսենք նրանից, որ գազի գնագոյացման մեջ շատ մեծ է քաղաքական գործոնը, հետեւաբար 2019թ. հունվարի մեկից գազի գնի 15 դոլար բարձրացումը արդեն իսկ հուշում էր, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում մենք ունենք խնդիրներ: Այդ խնդիրներն սկսվեցին ոչ միայն ՀԱՊԿ քարտուղար գեներալ Խաչատուրովի ձերբակալումից հետո, այլեւ հենց էներգետիկ բնագավառում առկա պայմանավորվածությունները պահելու անկարողության հետ:
Հիշեցնենք, որ մինչեւ 2018թ. ՀՀ-ն գազի գնի շուրջ ուներ պայմանագիր Ռուսաստանի հետ, համաձայն որիՙ մենք սահմանին պետք է վճարեինք 150 դոլար հազար խորանարդ մետրի համար: Սակայն կար նաեւ, այն ժամանակվա վարչապետներ Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ պայմանավորվածություն, համաձայն որիՙ մեզ տրվել էր եւս 15 դոլարի զեղչ, արդյունքում իրականում վճարում էինք 135 դոլար:
Նման պայմանավորվածության նպատակն էր նպաստել ՀՀ-ում ջերմոցային տնտեսության զարգացմանը: Հիշեցնենք, որ կառավարությունը ջերմոցներին գազը վաճառում էր 100 դոլար հազար խ/մ-ի դիմաց գնով: Նպատակն էր ՀՀ-ում սկսել ջերմոցների լայնամասշտաբ կառուցում, որպեսզի Հայաստանը կարողանա մեծաքանակ լոլիկ արտահանել ՌԴ, այդպիսով մրցակցություն ստեղծելով Թուրքիայի հետՙ Ռուսաստանի ներքին շուկայում:
Իսկ նմանատիպ մրցակցություն հնարավոր էր, եթե ՀՀ-ն կարողանար ջերմոցային տնտեսությունները հասցնել արդյունաբերական մասշտաբների, իսկ այստեղ խոսքը վերաբերում էր գոնե 100 հազար հեկտար ջերմոցների կառուցմանը: Նման մասշտաբային ծրագրի իրականացումը ՀՀ-ին կարող էր դուրս բերել տարածաշրջանի առաջատար պետությունների շարքը գյուղատնտեսության բնագավառում եւ իրական մրցակցություն ստեղծել Թուրքիայի հետ:
Ռուսաստանյան շուկայում մրցակցելու համար ՀՀ-ն ուներ մեկ առավելություն եւս, դա ԵԱՏՄ անդամ լինելու հանգամանքն էր, ինչը Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները ազատում էր մաքսային տուրքերից: Եվ այսպես, ծրագրի իրականացման համար հարկավոր էր էժան գազ, որը ապահովում էր ՌԴ-ն. ջերմոցային տնտեսական մեծ հզորություն, որի համար նախատեսված գումարները արդեն կային, նաեւՙ սպառման հսկայական շուկա, որը հանձին ԵԱՏՄ-ի ապահովված էր:
Նմանատիպ ծրագրերը հոռետեությամբ ընկալողների համար ասեմ, որ աշխարհում գյուղատնտեսական ապրանքների ամենախոշոր արտահանողների տասնյակում են Հոլանդիան (2-րդ տեղում է եւ զիջում է միայն ԱՄՆ-ին), որի ընդհանուր տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետր է, այսինքն ՀՀ-ի եւ Արցախի տարածքը միասին, եւ Իսրայելը, որը էլ ավելի փոքր է քան ՀՀ-ն:
Ծրագիրը «հաջող» կերպով խափանվեց հայտնի «հեղափոխության» հետեւանքով, երբ իշխանության եկած դիլետանտները, սկսված գործընթացը շարունակելու ու դրա արդյունքները վայելելու փոխարեն «խաչակրաց» արշավանք սկսեցին «Գազպրոմ-Արմենիայի» դեմ: Իսկ դրա պատճառը ՀՀ վարչապետին կից ինչ-որ հանձնաժողովն էր, որը զբաղվելով գազի եւ էլեկտրաէներգիայի գնագոյացման խնդրովՙ կեղծ վստահությամբ հաղորդում էր թե իբր մեկ ամսվա ընթացքում կարող են նվազեցնել այդ էներգակիրների գները:
Վերջիններս հայտնաբերելով ՀՀ-ՌԴ գազային պայմանագրում 15 դոլարի «բացակայությունը», վստահորեն հայտարարեցին, որ իրենք ինչ որ կոռուպցիոն սխեմաներ են հայտնաբերել եւ դրանում մեղադրեցին ոչ միայն ՀՀ նախկին ղեկավարությանը, այլեւ Գազպրոմին ու նույնիսկ հայտարարեցին, թե իբր դա Միլլերի (Գազպրոմի գործադիր տնօրեն) փողերն են, խոսքը մոտ 30 մլն դոլարի մասին էր: Այս «հայտնագործությունից» հետո «Գազպրոմ-Արմենիան» հայտնվեց ՊԵԿ-ի վերահսկողության ներքո, նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին, պարբերական ստուգումներ սկսվեցին եւայլն:
Այս թեման դարձավ նաեւ միջպետական քննարկման առարկա Փաշինյանի եւ Պուտինի հանդիպման ժամանակ: Հասկանալի էր, որ ռուսական կողմին այս ամենը դուր չեկավ եւ նրանք հայտարարեցին գազի գնի բարձրացման մասին, ինչը եւ կատարվեց 2019թ. հունվարի 1-ից:
Գազի գինը դե-յուրե բարձրացվեց 15 դոլարով, եւ միայն նեղ մասնագիտական շրջանակները իմացան, որ իրական բարձրացումը եղել է 30 դոլար: Հասկանալի է, որ ջերմոցային տնտեսությունների կառուցման գործընթացը կանգ առավ, դրան «նպաստեց» նաեւ հայտնի Սպայկայի տնօրենի ժամանակավոր ձերբակալումը եւայլն:
Հիշեցնենք, որ այդ ջերմոցների կառուցման հիմնական նախաձեռնողներից մեկը հենց այդ ընկերությունն էր: Այս ամենի հետեւանքով ՀՀ-ն կորցրեց հսկայական ներդրումներ, որոնք պետք է գային Հայաստան եւ նպաստեին գյուղատնտեսության զարգացմանը, եւ այսպես շարունակ:
Կորուստները հետագայում է՛լ ավելի մեծացան, երբ «թավշյա» կառավարության պահանջով «Գազպրոմ-Արմենիան» չդիմեց ներքին շուկայում գնի բարձրացմանը, իսկ դրա փոխարեն փաստացի դադարեցրեց կատարել իր ներդրումային պարտավորությունները: Սակայն հասկանալի էր, որ գազի գնի բարձրացման զսպումը հավերժ չի կարող տեւել եւ վաղ թե ուշ ՀՀ-ում ՌԴ-ի գազային ընկերության փաստացի ներկայացուցիչը կդիմի համապատասխան հանձնաժողովՙ գնի բարձրացման համար, իսկ իշխանություններն էլ պատճառ չեն ունենա այն մերժելու:
ՀՀ-ՌԴ մոտ մեկ տարի տեւող բանակցությունները փաստացի ձախողվել են, պահպանել ներքին ու նույնիսկ արտաքին կայուն գինՙ այլեւս անհնար է: Եվ այս իրավիճակի պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ-ում լուծարվեց էներգետիկայի նախարարությունը եւ այդ քաղաքականությամբ զբաղվող մասնագիտացված պետական գերատեսչություն այլեւս չկա:
Թե ինչ քայլեր են իրականացնելու մեր «թավշյա» իշխանիկները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, դժվար է կանխատեսել, մանավանդ որ անհասկանալի պատճառներով ՀՀ տարածքային կառավարմանը միացրած էներգետիկայի նախարարության «մնացորդներում» մասնագետները քիչ են եւ կադրերի մեծ մասն էլ հեռացել է:
Մենք կանգնած ենք մի նոր մարտահրավերի առաջ, որի հաղթահարման համար, եթե իհարկե դա հնարավոր է, մեծ ջանքեր կպահանջվեն: