ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Հայ-ռուսական հարաբերությունները 2019-ին
Հայ-ռուսական հարաբերությունները 2019թ. ընթացքում հետեւողականորեն զարգացել ու խորացել են: Երկկողմ եւ երկու կողմերի մասնակցությամբ բազմակողմ հարաբերությունների ընդհանուր գնահատականը, անշուշտ, դրական է: Մեր փոքրիկ երկիրը անցնող տարում շատ արժանապատվորեն եւ կառուցողական մոտեցումներով նախագահեց ԵԱՏՄ-ում: Գարնանը Հայաստանում հյուրընկալվեցին ԵԱՏՄ երկրների վարչապետները, ովքեր ակնհայտորեն գոհ ու բավարարված վերադարձան տուն: Հոկտեմբերի սկզբին Երեւանում հաջողությամբ աշխատեց Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը: ԵԱՏՄ պետությունների ղեկավարների հետ միասին Երեւանում էին Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը:
ԵԱՏՄ երեւանյան գագաթաժողովի կարեւոր նշանակությունը Մեծ Եվրասիայում ընթացող ինտեգրացիոն գործընթացների համար դեռ ուսումնասիրության կարոտ է: Ակնհայտ է սակայն, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան, նրա հանդիպումները վկայում են այն հաջողության մասին, որով պսակվեց Հայաստանի նախագահությունը ինտեգրացիոն այս կառույցում: Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները տարվա ընթացքում հանդիպել են վեց անգամ: Սա ինքնին խոսում է այն մասին, որ երկկողմ հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում: Եթե տարվա սկզբում կային կասկածներ ու մտահոգություններ այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը կարող է խաթարվել թյուրըմբռնումների, մոտեցումների անհամապատասխանության եւ համատեղ օրակարգեր ձեւավորելու անկարողության արդյունքում, ապա տարվա քաղաքական անցուդարձը վկայեց, որ այդ մտահոգությունները հիմնականում պետք է փարատված համարել: Հայ-ռուսական երկկողմ համագործակցությունը բոլոր բնագավառներում շարունակել է վերընթաց արձանագրել, ձեռքբերված պայմանավորվածությունները նոր զարգացումների ու համագործակցության նոր ուղղությունների լավ հնարավորություն են ստեղծում:
Նոյեմբերի սկզբին Երեւանում աշխատում էր ՀԱՊԿ Խորհրդարանական ասամբլեայի 12-րդ նստաշրջանը: Խորհրդարանական ասամբլեան իր գոյության ողջ ընթացքում առաջին անգամ գումարվեց Ռուսաստայան Դաշնության տարածքից դուրսՙ Հայաստանում: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարզորեն ցուցադրեց թե՛ դաշնակիցներին, թե՛ մյուսներին իր ցանկությունը կառուցողական մասնակցություն ունենալ տարածաշրջանային անվտանգության կառույցիՙ ՀԱՊԿ-ի դերի հստակեցման ու մեծացման գործում: Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը : Երեւանում նա երեք տարով ընտրվեց Ասամբլեայի նախագահ: Խորհրդարանական այս կարեւոր իրադարձության նախօրեին մենքՙ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներս, մոսկովյան մի խումբ գիտնականների եւ փորձագետների հետ միասին «ուղեղային գրոհ» անցկացրինք պարզելու համար, թե ի՞նչը կարող էր մեծացնել անդամ երկրների հասարակությունների հետաքրքրությունը այս կառույցի եւ մեր անվտանգության ապահովման մեջ նրա ունեցած ներդրման նկատմամբ: Մենք արձանագրեցինք, որ ճիշտ կլիներ ՀԱՊԿ տարածաշրջանում ստեղծել ցանցային կապերով միմյանց հետ գործող տեղեկատվական-վերլուծական հարթակներ, որոնցից յուրաքանչուրն իր հետազոտություններով, իր բացատրական աշխատանքով եւ դրանց արդյունքները միմյանց փոխանցելով էապես բարձրացնեին շարքային քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակն ու բարյացակամ, կառուցողական վերաբերմունքը կառույցի եւ նրա խնդիրների նկատմամբ:
Մեկ ամիս անց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նաեւ այդ երաշխավորությունների հիման վրա Մոսկվայում հրավիրեց ՀԱՊԿ վերլուծական կոնսորցիումի նիստը եւ փորձեց արդեն նոր մակարդակի վրա վերլուծական հանրության ներուժը օգտագործել կառույցի հեղինակությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար:
Անցնող տարում Հայաստան ժամանեց նաեւ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն : Երեւանում նա հաջողված բանակցություններ վարեց հայ գործընկերոջ հետ, իսկ այնուհետեւ այցելեց Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական հենակետ: Հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ծրագրում է էականորեն արդիականացնել հենակետի սպառազինությունն այն հաշվով, որ հարվածային ուժը մեծանա երկու անգամ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ էապես կմեծանա հայ-ռուսական համատեղ ռազմական միավորման հարվածային ուժը: Հայ-ռուսական զինական եղբայրության եւ ռազմաքաղաքական դաշինքի արդիականության մասին դատողությունները այժմեականություն են ստանում թե՛ Սիրիայում ՀՀ զինված ուժերի ծավալած մարդասիրական գործողության լույսի ներքո, թե՛ Շվեդիայում գյուլենական թուրք վտարանդի լրագրողների կողմից արված մի բացահայտման արդյունքում, որի համաձայն Թուրքիայի զինվորականները վերջերս մի գաղտնի պլան են պատրաստել Հայաստանի դեմ պատժիչ ռազմաօդային գործողություն իրականացնելու մտադրությամբ: Հետաքրքրական է, որ գյուլենական վտարանդիների այս բացահայտումը թուրքական մամուլի կողմից ոչ թե մեկնաբանվեց կամ հերքվեց, այլ նրանց մի անգամ եւս Թուրքիայի դավաճան հռչակեցին: Տարվա ընթացքում հայ եւ ռուս զինվորականները սերտորեն գործակցել են համատեղ զինավարժանքների մի քանի հարթակներում եւ դա բարձրացրել է հայկական զինուժի մարտունակությունը:
Հայաստան ժամանեց նաեւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը : Նա, ըստ ամենայնի, փորձում է առաջ տանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Կարեւոր է արձանագրել, որ հիմա էլ, ինչպես եւ առաջ, գործընթացի միջնորդությունն իրականացնող ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի միջեւ հակասություններ եւ տարաձայնություններ չկան նույնիսկ այն պարագայում, երբ նրանց միջեւ ընդհանուր մթնոլորտը գլոբալ առումով բնորոշվում է իբրեւ առճակատում: Դժվար է ասել, թե ինպես է առաջ մղվելու բանակցային գործընթացը եւ ինչպես են մոտեցվելու կողմերի դիամետրալ հակառակ դիրքորոշումները, բայց այն, որ հինգ տարի ընդմիջումից հետո վերսկսվեցին լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շփումները, թույլ է տալիս հուսալու, որ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները երեւի միմյանց ասելու դեռ բան ունեն: Ամեն դեպքում, վատ բանակցությունները լավ պատերազմից լավ են: Պետք է հուսալ, որ մեր դիվանագետներն ու քաղաքացիական հասարակությունը կնախաձեռնեն այնպիսի շփումներ, որոնցից խաղաղաշինությունը օգուտ կունենա:
Դեկտեմբերի վերջին Հայաստանի Հանրապետությունը Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի Դաշնությանն է փոխանցում ԵԱՏՄ-ում նախագահությունը: Տնտեսագետներն ու քաղաքագետ փորձագետները սպասում են 12 ամիսների արդյունքով վիճակագրական ծառայության տվյալներին, որպեսզի վերլուծեն ու հասկանան Հայաստանի տնտեսության միտումները եվրասիական ինտեգրման գործընթացի համատեքստում: Մեր փորձագետները դեռ հոկտեմբերին կանխատեսել են, որ ՀՆԱ-ի ցուցանիշը կարող է 6%-ից բարձր լինել: Մեր տնտեսագետների մեկ այլ կանխատեսմամբ հայ-ռուսական առեւտրատնտեսական ապրանքաշրջանառության ծավալը այս տարի էլ կաճի երկնիշ ցուցանիշով: Եթե այդ կանխատեսումները գոնե հիմնականում իրականանան, ապա դա վառ ապացույցը կլինի այն պնդման, որ եվրասիական տնտեսական ինտեգրումը շարունակում է շահեկան եւ օգտակար լինել Հայաստանի համար, շարունակում է նոր հնարավորություններ բացել մեր արդյունաբերության մի քանի ճյուղերի որակական զարգացման համար: Մենք մտադիր ենք հունվար-փետրվար ամիսներին մի ընթացիկ մեծածավալ քաղաքատնտեսական եւ սոցիալական հետազոտություն անցկացնել պարզելու համար, թե ԵԱՏՄ գոյության հինգ տարիների ընթացքում ինչքանո՞վ են արդարացել մեր հասարակական-քաղաքական եւ գիտափորձագիտական շրջանակների սպասելիքները եվրասիական ինտեգրումից, որի լոկոմոտիվն է Ռուսաստանը: Մեր ռազմաքաղաքական դաշնակից պետության ղեկավարները վերջին շրջանում մի քանի առիթով հայտարարել են, որ ռուսական տնտեսությունը հաջողությամբ հաղթահարել է առկա խոչընդոտներն ու դժվարությունները եւ հնարավորություն է բացել 2020թ. թռիչքաձեւ զարգացում ապահովելու համար:
Մենք ուշադրությամբ սպասում ենք տարվա ամփոփիչ արդյունքներին նաեւ իմանալու համար, թե ի՞նչ չափով են մեծանում կամ փոքրանում Ռուսաստանում ժամանակավորապես աշխատող մեր հայրենակիցների դրամական ուղիղ փոխանցումներըՙ տրանսֆերտները: Տարվա միտումները ցույց են տալիս, որ այդ փոխանցումների թիվը հիմնականում մնացել է նույն մակարդակին եւ կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի մոտավորապես 10-12%:
Տարին բացառիկ բարենպաստ էր զբոսաշրջության զարգացման համար: Մենք հետեւողականորեն մոտենում ենք 2մլն. ցուցանիշին: Մասնագետներն ասում են, որ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը էլ ավելի մեծ կարող է լինել, եթե հունվարին Ռուսաստանի իշխանությունները թույլ տան վերաբացել օդային չվերթները դեպի Վրաստան: Ասում են, որ Վրաստան ժամանող ռուս զբոսաշրջիկների զգալի մասը ցանկություն ունի նաեւ այնուհետեւ Հայաստան այցելելու: Անցյալ տարվա տվյալներով ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում էին Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների մոտ 40%-ը: Մենք ուշադրությամբ սպասում ենք զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմնի տարեկան ամփոփիչ վերլուծությանը:
Հետաքրքրական է, որ գնալով մեծանում են Հայաստանից Ռուսաստան ֆինանսական առաքումները: Սա խոսում է այն մասին, որ մեր երկրի ոչ միայն խոշոր, այլեւ միջին ու փոքր բիզնեսը հնարավորություններ է փնտրում Ռուսաստանում հաջող տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մենք մոտենում ենք ԵԱՏՄ շրջանակներում միասնական ֆինանսական շուկայի ձեւավորմանը, ինչը իրողություն կարող է դառնալ 2025թ.: Հիմա կարեւոր է, որ Հայաստանի պատկան մարմինները գործնական, բարյացակամ ու վստահելի պայմաններում, Ռուսաստանի գործընկերների հետ երկխոսության եւ համագործակցության մթնոլորտում կարողանան լուծել մեր արտագնա աշխատողների հետ կապված զանազան հարցեր: Սա մեծապես կբարձրացներ մեր հասարակության վստահությունը թե՛ մեր իշխանության, թե՛ ԵԱՏՄ-ի նկատմամբ: Տեղն է եւ կուզենայի կրկնել: Ուղղակի զարմանալի է, որ Խորհրդային Միության փլուզումից եւ նորանկախ պետությունների ձեւավորումից հետո անցած 28 տարիների ընթացքում Հայաստանի ոչ ակադեմիական, ոչ բուհական եւ ոչ էլ գերատեսչական համակարգերում այդպես էլ չստեղծվեցին ետխորհրդային հետազոտությունների, եվրասիական հետազոտությունների կամ ԱՊՀ հետազոտությունների կենտրոններ: Նման կենտրոնները Ռուսաստանում եւ մյուս դաշնակից երկրներում փնտրում են գործընկերային հարթակներ Հայաստանում եւ չեն գտնում: Սպասել, թե նման կենտրոնների ստեղծման համար դրսից դրամաշնորհներ կլինեն, միամտություն է: Հայաստանն անվիճելիորեն շահում է եվրասիական ինտեգրման գործընթացներին մասնակցելուց եւ մեր պետությունն ու ֆինանսական հովանավորություն իրականացնելու մյուս մեր դոնորները պետք է իրենք մտածեն նման գիտավորլուծական հարթակներ ստեղծելու մասին: Սա է գործնական ներդրումը եվրասիական տարածքում միասնական հումանիտար, գիտակրթական եւ մշակութային տարածք ստեղծելու գործում: Վաղուց ժամանակն է նախաձեռնել նման ոչ մեծ, բայց դինամիկ գործելու ի վիճակի կենտրոնների ստեղծումը այն բանից հետո, երբ վաղուց շատ մոդայիկ են եվրոպական հետազոտությունների կենտրոնները, իսկ վերջերս ստեղծվում են նաեւ ամերիկյան հոտազոտությունների կենտրոններ:
Եվ վերջում եւս մեկ խնդրի մասին: Ռուսական կողմի անհանգստությունը Հայաստանում գործող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հարցում մի քանի տարվա պատմություն ունի: Այդ անհանգստությունը արտահայտվել է նաեւ նախորդ իշխանություններին: Հայաստանի նոր իշխանությունը ժառանգել է նաեւ այս խնդիրը: Հայ եւ ռուս դիվանագետների ջանքերով մշակվում է մի համաձայնագիր այդ լաբորատորիաների վերաբերյալ, որը դեռեւս չի ստորագրվել: Ռուսական լրատվամիջոցներն ասում են, որ Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Ղազախստանում ստեղծված այս լաբորատորիաները կեսաբանական պատերազմի սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի համար: Մերոնք պնդում են, որ դրանք Հայաստանի իշխանության համար բացարձակապես թափանցիկ են: Կարծում ենք, որ հայկական դիվանագիտությունը ստեղծված իրավիճակում մի գերբարդ խնդիր է լուծում, երբ պետք է ձեւավորվի մի իրավիճակ, երբ ամերիկյան կողմը չի զայրանում ու խնդիրներ հարուցում մեր իշխանության համար, իսկ ռուսական կողմը բավարարվում է այդ լաբորատորիաների այնպիսի թափանցիկ իրավիճակից, երբ անհանգստությունները կարող են փարատված համարվել:
Ամփոփելով փաստենք, որ տարվա զգալի աշխուժության արդյունքում մենք ունենք հայ-ռուսական ռազմավարական դաշնային հարաբերությունների դինամիկ զարգացող իրավիճակ, որը կարելի է նոր հնարավորությունների պատուհան համարել: Այժմ խնդիր է դառնում այդ հնարավորությունները գործնական ու շոշափելի հաջողության վերածելը: