Խոսել կարելի է՞: Նկատի չունեմ տանը` խոհանոցում, կամ վաթսափով ու ֆեյսբուքով, արտագաղթած ու այդպես էլ չվերադարձած մորաքրոջ ամուսնու մոտ ազգականի հետ: Վայրը կարեւոր չէ, ոչ էլ լեզուն: Օրինակ, մարդ կա, որ արաբերեն է խոսում, բայց նա ոչ միայն Ղուրան է կարդում, այլեւ Մարկես եւ ուրեմն` հրաշալի է խոսում, գոնե մտածում: Մարդ էլ կա` ֆրանսերեն է խոսում, բայց սիրո մասին որեւէ բառ չգիտի, ու բավարարվում է Միշել Ուելբերգի սեռական ակտերի մանրամասն նկարագրությամբ, որին առաջարկում է` լուռ հնազանդվել այս ֆրանսիացի գրողն իր` մեծ թեմայով փոքր վեպում: Խոսելու պարագայում կարեւորը ձեւն է: Օրինակՙ եթե դուք կանգնեք Պրահայի Կառլովի կամրջի վրա ու բղավեք, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այսօր առավոտյան գողացել է ձեր նախաճաշի ձուն, գուցե ոստիկանները ձեզ մոտենան ու փորձեն հասկանալ` խենթ ե՞ք, թե՞ զրպարտում եք: Եթե պարզվի խենթ եք, ձեզ կտանեն հատուկ վայր, եթե պարզվի զրպարտում եք անձամբ նախագահին, ձեզ կզրկեն մաքուր օդից, եւ դա Եվրոպայի` ինչպես ասում են կենտրոնում: Բայց եթե դուք նույն այդ կամրջի վրա բղավեք, որ հաջորդ ընտրություններին չեք պատրաստվում Զեմանին ձայն տալ, ձեզ եթե որեւէ ոստիկան մոտենա էլ, ապա միայն ձեռք սեղմելու համար:
Ուրեմն խոսքի ազատությունը պետք չէ շփոթել զրպարտության հետ: Մենք շփոթում ենք, ավելին` այսօր մեր երկրում ոչ թե խոսքի ազատություն է, այլ զրպարտություն: Ավելի ճիշտՙ խոսքն ազատ է, եթե դրանով ինչ-որ մեկը, որն երեկ չէ առաջին օրը պաշտոնյա էր, կամ պաշտոնյա է այսօր, պետք է զրպարտվի: Այսինքն եթե դու ուզում ես խոսել ինչ-որ նախկին պաշտոնյայի մասին` առանց զրպարտելու, ապա այնպես կիջեցնեն իրենց վիրտուալ բռունցը քո վիրտուալ բերանին, որ բերանիցդ իսկական արյուն կգա ու ստիպված կլինես գնալ ատամնաբույժի մոտ, որպեսզի ընկած ատամի փոխարեն նորը դնի: Մանավանդ որ ատամն անչափ կարեւոր օրգան է դարձել մեր կյանքում: Բոլորս ինչ-որ սկսել ենք կծել: Առաջ, նկատի չունեմ` Տիգրան Մեծի օրոք, այլ բոլորովին վերջերս, խոսքի ազատությունը Հայաստանում նշանակում էր իշխանությանը քննադատելու կամ լիզելու իրավունքի իրացում: Այսօր այդ ազատությունը նշանակում է` իշխանությանը քննադատողներին հայհոյելու արտոնություն: Առաջ` ով մեզ հետ չէր, սրիկա չէր, հիմա` ով մեզ հետ չէ, սրիկա է, ու քանի որ նախորդ իշխանությունները մեզ պահել են մսի կարոտ, հիմա ազգովին փարատում ենք այն` կապ չունի դիմացներս հավ է, գառ է, տավար է, թե մարդ: Չէ, կան, իհարկե, այս խրախճանքին հեռվից հետեւող ջութակահարներ, որոնք չնայած ե՛ւ միս են սիրում, ե՛ւ քաղցած են, բայց սկզբունքորեն չեն մասնակցում այս քեֆին, քանի որ երբ ազգը թեկուզ մի օր միայն ուտի, կապ չունի միս, թե սպանախ, ապա հաջորդ օրն իսկ ՄԱԿ-ի Վեհաժողովի դահլիճում մի աթոռ կպակասի, գլխավոր քարտուղարն էլ գուցե երկու խոսք ասի` երջանկահիշատակ այդ ազգի մասին:
Ամեն դեպքում ազգերը լինում-պահպանվում են ոչ թե ուտելու, այլ խոսելու արդյունքում, դրանով տարբերվում են ասենք հոտերից, երամակներից, վտառներից, անգամ` երամներից:
Ուտողների ժամանակն անցե՞լ է: Բա ի՞նչ ժամանակներ են եկել, պատժելո՞ւ, բոլորի՞ն, անխտի՞ր…Ուտելու ժամանակները երբեք չեն ավարտվի, քանի դեռ աշխարհում լեփ-լեցուն սեղաններ կան եւ դրանց լուսանկարները երազում տեսնող երեխաներ: Ուղղակի ժամանակներն ուտողներին են փոխում: Այսքան բան: