ԱՄՆ-ի կառավարության բարձրագույն օրենսդրական մարմնի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում քվեների ջախջախիչ մեծամասնությամբ (405-11) ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող HR 296 բանաձեւը մեծ ոգեւորություն էր առաջացրել աշխարհասփյուռ հայության բոլոր շրջանակներում: Քաղաքական այդ կարեւոր փաստաթուղթը նաեւ յուրակերպ ապտակ ու պատժամիջոց էր ակնհայտ իրողությունը համառորեն ժխտող մեր դարավոր թշնամուն: Ոգեւորիչ էին ու առանձնակի կարեւորություն ունեին հատկապես փաստաթղթի երեք հետեւյալ դրույթները. ա) ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատում էր, որ պիտի ոգեկոչեն, հարգեն եւ նշեն զոհերի հիշատակը, բ) բացառում էր հայերի ցեղասպանության ցանկացած ժխտողական գործընթացի մեջ ԱՄՆ-ի ներգրավումը, գ) կոչ էր արվում բոլոր կրթամշակութային գործառույթ իրականացնող մարմիններին իրենց ծրագրերում ունենալ Հայոց ցեղասպանության մասին դրույթներ:
Գաղտնիք չէ, որ տագնապալեցուն տասնամյակներ շարունակ հայերս հույսեր ենք փայփայել, որ Ամերիկայի եւ Թուրքիայի միջեւ լարվածություն կառաջանա կամ քաղաքական հարաբերությունները մի օր կխզվեն: Եվ ամեն անգամ, երբ քիչ թե շատ լարվել են այդ հարաբերությունները, մենք հավատացել ենք, որ արդարությունն իսկապես մի օր պիտի հաղթանակի: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում Թուրքիայի շարունակական սպառնալիքները, պարծենկոտ նկրտումներն ու հավակնոտ պահվածքը եւ Միացյալ Նահանգների շարունակական երկմտելն ու անվճռականությունը հող էին նախապատրաստել ներկա ճանաչման համար եւ դրանով այն ավելի քան գնահատելի է: Դրվատելի է նաեւ, որ բանաձեւն առանձնանում է իր համապարփակ բովանդակությամբ, քանի որ ի մի է բերում նախկին համանման բոլոր օրենսդրական ակտերը: Այդ թվում` արդարադատության միջազգային դատարանին ԱՄՆ-ի կառավարության 1951 թվի մայիսի 28-ի որոշումը, նախագահ Ռեյգանի 4838 հայտարարությունը, 1975 թվի ապրիլի 8-ի Ներկայացուցիչների պալատի թիվ 148 համատեղ բանաձեւը, ինչպես նաեւ այն փաստը որ այդ երկրի հիսուն նահանգներից 49-ը, աշխարհի 30 երկիր, Եվրոմիությունը եւ միջազգային վեց այլ կառույցներ արդեն իսկ ընդունել եւ ճանաչել են ցեղասպանությունը: Այս իրողություններն անկասկած ընդարձակում են կատարվածի քաղաքական եւ օրենսդրական սահմանները եւ բարձրացնում այն համաշխարհային մակարդակի:
Բանաձեւի ընդունումը իրարանցում առաջացրեց համայն հայության եւ թուրքական իշխանությունների մոտ: Աշխարհով մեկ սփռված հայերը ցնծությամբ ընդունեցին ճանաչման լուրը: Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեցին ԱՄՆ -ի Ներկայացուցիչների պալատին, մինչդեռ թուրքական կառավարությունն անթաքույց բարկությամբ արձագանքեց: Էրդողանը պարզաբանեց, որ «Ներկայացուցիչների պալատի որոշումներն ընդունվել են ամերիկյան հասարակության շրջանում մեր երկրի հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի մթնոլորտն օգտագործելով: Որոշ իմաստով, պատգամավորները պատեհապաշտական դիրքորոշում են որդեգրել»: Նախագահ Էրդողանի հասարակական կապերի տնօրեն Ֆահրետտին Ալթունն էլ հայտարարեց, որ «բոլոր նրանք, ովքեր այդ բանաձեւին կողմ են քվեարկել, պատասխանատու են լինելու անհանգիստ մեր տարածաշրջանում գոյություն ունեցող առանց այն էլ կրիտիկական հարաբերությունների էլ ավելի վատթարացման համար»: Բանաձեւի ընդունումը դատապարտեց նաեւ Թուրքիայի խորհրդարանը:
Տարբեր մակարդակներում եւ տարբեր ձեւերով դրան արձագանքեցին բազմաթիվ երկրների մեծ թվով լրատվամիջոցներ: Տարբեր լեզուներով լույս տեսնող պարբերականների էջերում հատկապես հայ հեղինակները` բյուրավոր պատճառներ վկայակոչելով, բանաձեւի ընդունումը համարում էին միանգամայն օրինաչափ եւ փորձում բացատրել, որ 35 տարի առկախ մնացած բանաձեւն, այնուամենայնիվ, ընդունվեց, քանի որ այն քաղաքական գործոնները, որոնք գրեթե միշտ խանգարել էին դրա ընդունմանը, հաղթահարված էին եւ մշտական այն պատճառաբանությունը, թե «առայժմ ժամանակը չի ընդունելու նման որոշում, որպեսզի չնեղացնենք մեր դաշնակից Թուրքիային», այլեւս կորցրել էր իր նշանակությունը եւ հաղթահարված էր հենց իր` Թուրքիայի` դաշնակցին ոչ վայել պահվածքի արդյունքում: Նույն հեղինակները զանազան աղբյուրներից բազմաթիվ փաստեր վկայակոչելով միամտաբար «ապացուցում էին», որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր ամբարտավան կեցվածքով, երկրում իրականացրած իր բռնություններով, երբեմն-երբեմն ԱՄՆ-ի իշխանությունների հասցեին մարտահրավերներ նետելով եւ հատկապես Սիրիայի տարածքում «անվտանգության գոտի» ստեղծելու մարմաջով տարվածՙ քրդերին կոտորելով, ներառյալ YPG զորամիավորումների մարտիկներին, որոնք ԱՄՆ-ի զորքերի կողքին քաջաբար կռվելով պարտության էին մատնել ԻՊ-ին, անցել է բոլոր սահմանները, այրել թուրք-ամերիկյան բոլոր կամուրջները, եւ բանաձեւը այդ ամենի վառ ապացույցն է: Դրանից ոգեւորվելով եւ պատմական դասերը մոռանալով, նրանք կոչ էին անում առաջ շարժվել ու Թուրքիային ներկայացնել Հայկական հարցի լուծման իրենց հնարավոր տարբերակներն ու բանակցել դրանց շուրջ: Ոգեւորված ընդգծվում էր նաեւ այն իրողությունը, որ այդ ամենը խիստ զայրացրել էր ամերիկյան հասարակությանն ու նախագահ Թրամփին եւ հենց քվեարկության օրը Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն զուգահեռ Ներկայացուցիչների պալատը դարձյալ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ համատեղ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում էր ընդունել:
Ինչպիսի՜ միամտություն, ինչպիսի՜ ավելորդ ոգեւորություն, ուղղակի միայն զարմանալ կարելի է: Արձանագրենք, որ անուղղելի լավատես եղել ենք ու այդպիսին էլ մնացել ենք արդեն դարեր շարունակ: Միշտ անտեսանելի մի ձեռք մեզ ուղղորդում է ապավինել, հույսը սրա-նրա վրա դնել, սեփական ազատությունը նվաճելու փոխարեն մուրալ կամ ուրիշից սպասել ու խաբվել շարունակ: Լավ, բավական չէ՞ աշխարհի հզորների կողմից այդ չարաբաստիկ Հայկական հարցը մանրադրամի վերածել ու դրանով «մոլախաղ» խաղալ: Զարմանալ կարելի է, մեծ տերությունները չեն հոգնում ամեն անգամ հօգուտ իրենց շահերի Հայկական հարցով խաղադրույքներ կատարել: Բավական չէ՞ այն ամենը, որ շահեցին շուրջ երկու միլիոն անմեղ զոհերի կյանքի հաշվին: Եվ ամենակարեւորը` ժամանակը չէ՞ արդյոք, որ սթափվենք ինքներս եւ դադարենք սրա-նրա հայանպաստ խոսքերից թղթե ամրոցներ կառուցել: Այս հարցերն ու հարցականները հանգիստ չէին տալիս: Պարտությունը հաճելի բան չէ, սակայն օրեր շարունակ աղոթում էի, որ սխալված լինեմ: Սակայն…
Սակայն նոյեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ուղեւորվեց Վաշինգտոն եւ աստիճանաբար սկսեց գոլորշիանալ այն եթերը, բացվել իրականացույց վարագույրները եւ իրերը հայտնվեցին իրենց տեղերում: Հաջորդ օրը նրան Սպիտակ տանը ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Դա բուռն հակազդեցություն առաջ բերեց ԱՄՆ-ում: Պատահական չէր Էրդողանի եւ նրա պատվիրակության իջեւանած հյուրանոցին հարող փողոցների փակումը բեռնատարներով, ինչը, որպես աննախադեպ երեւույթ, ավելի քան զարմացրել էր նույնիսկ թուրք լրագրողներին:
Թուրքական քաղաքական շրջանակներն էլ էին մտահոգված ԱՄՆ-ում համատարած բնույթ ստացած հակաթուրքական տրամադրություններով: Ինքը` Էրդողանն էլ ԱՄՆ մեկնելուց առաջ նշեց, որ այցը իրականացնում է թուրք-ամերիկյան հարաբերությունների առումով անառողջ մթնոլորտում: Նույնիսկ երբ Էրդողանը ինքնաթիռում ուղեւորվում էր Վաշինգտոն, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 15 դեմոկրատական եւ 2 հանրապետական անդամներ, ինչպես նշել է BBC-ն, նամակով դիմեցին նախագահ Թրամփին, պահանջելով չեղյալ հայտարարել իր հրավերը Էրդողանին, քանի որ ստեղծված իրավիճակում Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ միանգամայն աննպատահարմար է: Սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլեւ Սենատի օրակարգից հանվեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծը: Ավելին, նախագահ Թրամփն ուղղակի հայտարարեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով կարեւոր դաշնակից է, իսկ ինքն էլ` Էրդողանի հիացողը:
Էրդողանն էլ իր հերթին ԱՄՆ-ի նախագահին թանկագին բարեկամ անվանեց եւ գանգատվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ներկայացուցիչների պալատի որոշումից: Այս ամենի տրամաբանական արգասիքը եղավ ԱՄՆ-ի սենատում ընդդեմ ցեղասպանության բանաձեւի վետոն: ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո կիրառեց սենատոր Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի դեմ: Գրահամի վետոյով արգելափակվեց Սենատի լիագումար նիստում օրինագծի քննարկումն ու քվեարկումը: ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն, նույնիսկ մեկ սենատորի վետոյով կարող է արգելափակվել սենատ բերված որեւէ օրինագծի քննարկումն ու ընդունումը: Ընդ որում հրապարակվեց, որ սենատորն այդ որոշումը կայացրել է Վաշինգտոն մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց հետո: Ընդ որում Գրահամը հետեւյալ կերպ է մեկնաբանել օրինագիծն իր կողմից արգելափակելու քայլը. «Հուսով եմ, որ Թուրքիան ու Հայաստանը կնստեն սեղանի շուրջ ու կքննարկեն այդ խնդիրը (ցեղասպանության): Սենատորները չպետք է պատմությունը վերաշարադրեն ու այն ներկայացնեն ոչ այնպես, ինչպիսին որ կա»: Սենատորը հավելել է նաեւ, որ ինքն այդ որոշումը կայացրել է ոչ թե անցյալին նայելով, այլ կենտրոնանալով թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայի վրա:
Փաստորեն պատմության իմացությունս զուր չէ եւ կանխատեսումներս էլ իրատեսական էին: Ավարտվեց հերթական խայտառակ արարը եւ վարագույրը փակվեց: Մնում է միայն մեկ կարեւոր բան` հերթական քաղաքագիտական դասը, որը դարից ավելի է ջանադրաբար սերտում ենք, բայց հենց առիթ է ներկայանում կիրառելու` համառորեն մոռանում ենք, փոխենք: Հետեւությունն այս ամենից, որ պետք է անենք, մեկն է, հին է, պարզ է, բյուրեղացած է` հայ ժողովուրդը միայն մեկ` հայկական կողմնորոշում պետք է ունենա:
29.10-20.11.2019