ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆՔրիստոնյա փոքրամասնության վիճակի մասինՍիրիայի Ղամիշլի քաղաքում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ հայ կաթոլիկ համայնքի քահանա Տեր-Հովսեփ Պետոյանի եւ նրա հորՙ Աբրահամի հուղարկավորությունը: Նրանք սպանվել էին նոյեմբերի 11-ին, երբ ավտոմեքենայով Դեր-Զոր էին գնում տեղի հայ կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքների վիճակին ծանոթանալու: Ճշտված տեղեկությունների համաձայն, նրանց «Հայ կաթոլիկ եկեղեցի» մակագրությունը կրող ավտոմեքենային մոտեցել էին երկու մոտոցիկլիստներ, որոնք կրակ էին բացել: Ոճրագործության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Սպանությունը տեղի է ունեցել գրեթե նույն պահին, երբ Ղամիշլիի քրդական շրջանում պայթեցվել են ավտոմեքենաներ: Դրանցից մեկը պայթել է Քաղդեական կաթողիկե եկեղեցու առջեւ, այլ տեղեկությունների համաձայնՙ դա եղել է Հայ կաթղիկե եկեղեցու տաճար:Կատարվում է հետաքննություն: Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր ցավակցությունն է հայտնել սիրիահայերին: Սիրիայի քաղաքացիական պատերազմի տարիներին, իհարկե, պատահել էին հոգեւորականների վրա հարձակման դեպքեր: Զոհերի թվում եղել էին մեկ հոլանդացի ճիզվիտ եւ մեկ ֆրանցիսկյան վանական, անհետ կորել էին մեկ իտալացի ճիզվիտ եւ մեկ ուղղափառ եպիսկոպոս: Ինչ վերաբերում է Հայ կաթողիկե եկեղեցուն, նա կորցրել էր կաթոլիկ հոգեւորական Միշել Կայալին, որին գերի էին վերցրել 2013-ի փետրվարին: Բայց այդ ժամանակ Սիրիայում «Իսլամական պետություն» դեռեւս գոյություն չուներ:Այսօր Սիրիայի հյուսիս-արեւելքում ջիհադիստներ թեեւ մնացել են, բայց նրանք սակավաթիվ են: Այդ տարածաշրջանը դարձել է թուրքական բանակի եւ սիրիացի քրդերի մրցակցության ասպարեզ: Վերջին օրերին բազմաթիվ սիրիական հրատարակություններում հայտնվել են լուրեր այն մասին, որ երկրի հյուսիս-արեւելքումՙ, թուրքերի վերահսկողության գոտում, հաճախակի են դարձել վանդալիզմի գործունեությունները առհասարակ քրիստոնյաների եւ մասնավորապես հայկական կրոնամշակութային օբյեկտների նկատմամբ: Արեւմուտքի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայի հետ համագործակցող «Ազատ սիրիական բանակի» մարտիկների կողմից հայերի տների զավթման մասին: Բողոքներ կան նաեւ սիրիացի քրդերի առնչությամբ: Թեեւ բանը չի հասել սպանությունների:Այդուհանդերձ, առկա են տագնապալի զգացողություններ: Իրավիճակը սկսեց բարդանալ այն բանից հետո, երբ Անկարան Սիրիայի հյուսիս ներխուժելով սկսեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Հայ կաթոլիկների հետ պատահած ողբերգությունից օրեր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սուրբ Աթոռի մշտական ներկայացուցիչ արքեպիսկոպոս Բերնարդո Աուսան Վատիկանի խոր մտահոգությունն էր արտահայտել այն կապակցությամբ, թե ինչ է տեղի ունենում Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքերի «Խաղաղության ակունք» գործողության պայմաններում: Սկսեցին Անկարային կապել այդ տարածաշրջանում վերսկսված քրիստոնյաների հալածանքների հետ:Միեւնույն ժամանակ, այն տպավորությունն էր ստեղծվում, թե ինչ-ինչ ուժեր փորձում են շիկացնել հայ-թուքական հարաբերություններըՙ ընդսմին օգտագործելով քրդական գործոնը: Հոկտեմբերի կեսերին արեւմտահայ սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ սկսել էին խոսել Ստամբուլից դուրս բազմաթիվ ծպտյալ հայերի գոյության մասին, ներառյալ Թուրքիայի ներկայիս քրդաբնակ նահանգները, որոնց պետք է սպասարկի Կոստանդնուպոլսի հայ կաթողիկե եկեղեցին: Նման պայմաններում բազմիմաստ է հնչում Ամերիկայի Հայկական ազգային հանձնախմբի հայտարարությունը, որով առաջարկվում էր Սիրիայում հայ հոգեւորականների սպանության հարցը մտցնել նախագահներ Թրամփի եւ Էրդողանի հանդիպման օրակարգի մեջ, քանի որ ողբերգության վայրը մեծ մասամբ Անկարայի դաշնակիցների հսկողության տակ է:Ինչպես հայտարարում է Հալեպի կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պետրոս եպս. Միրիատյանը (Բուտրոս Մարայատին), Դեր-Զոր քաղաքը, դեպի ուր ուղեւորվել էին հայ հոգեւորականները, շատ կարեւոր է մեզ համար, քանի որ հենց այնտեղ էին սպանվել 1915 թ. Հայոց ցեղասպանության բազում նահատակներ: Այսօր այնտեղ այլեւս չկան կաթոլիկ հայեր, եւ Թուրքիան չի ուզում, որ մենք վերադառնանք այնտեղ: Մեր ներկայությունը կհիշեցներ հայոց ցեղասպանության մասին: Հոգեւորականի խոսքերով, չի կարելի բացառել, որ վերջին սպանությունների հետեւում լինի «թուրքական հետք», թեպետեւ առայժմ չկան դրա ապացույցներ: Եվ եթե անաչառ դատելու լինենք, Անկարան ներկայումս ավելի շատ մտահոգված է քրդական հարցով, քան իր համար բացառապես վիրտուալ իրողություն հանդիսացող հայկական հարցով: Գուցե ոմանք հանուն իրենց շահերի փորձում են հարցը շահարկել իրենց ձեռնտու ուղղություններով: Այս կապակցությամբ աչքի են զարնում հետեւյալ հանգամանքները: Սիրիայում հայ հոգեւորականների սպանությունը տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի օրը: Իր հայ պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ Լավրովը խոսեց Սիրիայում քրիստոնյա բնակչության պաշտպանությանն ուղղղված Մոսկվայի եւ Երեւանի համատեղ ջանքերի մասին:Լավրովից երկու օր առաջ Հայաստան էր այցելել Վատիկանի արտգործնախարար, պետությունների հետ հարաբերությունների գծով Սուրբ աթոռի քարտուղար, Պոլ արքեպիսկոպոս Գալահերը, ում հետ, ինչպես ասաց Մնացականյանը, ինքը քննարկել է կրոնական փոքրամասնությունների, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների պաշտպանության, պատմական եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Իսկ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողության ձեռնարկումից հետո ինքը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինՙ խնդրելով հաշվի առնել Սիրիայի հայ համայնքի շահերը: Իհարկե, հայերը Մերձավոր Արեւելքի միակ քրիստոնյաները չեն: Նշենք, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմից առաջ հայ համայնքի ներկայացուցիչների թիվը շուրջ 110 հազար էր: Հայ բնակչությունը կենտրոնացած է գլխավորապես Հալեպում, որտեղ էլ իր մարդասիրական առաքելությունն է իրականացնում Երեւանից եկած մարդասիրական զորախումբը:Այդուհանդերձ, պարզվում է, որ ոմանց դուր չի գալիս տարածաշրջանում հայերի քաղաքական գործոն լինելու հանգամանքը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Հենց այդ ուժերն էլ «Իսլամական պետությանը» առաջ են քաշել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խաղացողների միջեւ հակամարտությունը սրելու նպատակով: Հայ կաթողիկե եկեղեցու սպասավորների վրա կատարված հարձակումը կարող է լինել ընդամենը առաջին տագնապալի ազդանշանը: Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը կազմակերպության գլխավոր քարտուղարի Ցեղասպանությունների կանխարգելման գծով խորհրդական Ադամ Դիենգոյի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունը հրավիրեց հոգեւորականների սպանության վրաՙ դրանք որակելով որպես հարձակում կրոնական եւ ազգային փոքրամասնությունների վրա: |