ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Երեւան, 6 նոյ. 2019
Վերջին օրերին Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ ռամկավարներ եւ նրանց միացած երեւանաբնակ մի քանի սիրիահայեր արժանացան ՀՀ կառավարության ամենաբարձր մակարդակի ընդունելությանըՙ որպես «ՌԱԿ կենտրոնական վարչության» անդամներ, չհանդիսանալով այդպիսին:
Ինքնակոչների այդ խմբակի գործունեության միակ օրակարգը ցարդ եղել է պարբերաբար Հայաստան այցելել եւ ընդունվել նախկին թե ներկա բարձրագույն իշխանության կողմից եւ այդպիսով լեգիտիմություն մուրալ, մեկ էլՙ ոտնձգություններ անել Հայաստանի Հանրապետությունում 1991 թ.ից ի վեր օրինավորապես գործող ՌԱԿ-ի ու նրա Կենտրոնական վարչության դեմ:
Քանիցս հայտարարելով հանդերձ, որ իրենք դեմ են Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու գաղափարին, նրանք դեռ երկու տարի առաջ դիմել էին ՀՀ արդարադատությանը եւ պահանջել մեր երկրում 28 տարուց ի վեր գործող կազմակերպությանը զրկել ՌԱԿ անունից, զինանշանից ու դրոշից… Դեռ վերջերս ՀՀ Վճռաբեկ դատարանը, անհիմն գտնելով աշխարհում ոչ մի տեղ գրանցում չունեցող այդ խմբակի պահանջը, մերժել էր այն, ինչի մասին տեղյակ էր նաեւ ՀՀ բարձրագույն իշխանությունը: Եվ, հակառակ այդ փաստին, նույն իշխանությունն ընդունեց ինքնակոչ խմբակի ներկայացուցիչներինՙ թույլ տալով առնվազն 3 կոպիտ սխալ.
1- Այդպիսով փաստորեն, ՀՀ իշխանությունը լեգիտիմացնում է խմբակի հակաօրինական գործունեությունը, կարեւորում է անկոչներինՙ որոնք անցնող տասնամյակում ոչ մի օգուտ չեն տվել ո՛չ Սփուռքին, ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, ո՛չ էլ Արցախին, քանզի ո՛չ ծրագիր ունեն եւ ոչ էլ միջոց:
2- Քաջալերում է Սփյուռքում կուսակցության պառակտումը:
3- Ուղղակիորեն խանգարում է ՌԱԿ հայաստանյան կառույցին եւ առաջին հերթին Կենտրոնական վարչությանը, որը 2012 թ.ից պաշտոնապես ձգտում է համախոհությամբ վերամիավորել ու համախմբել կուսակցությունը հայաստանակենտրոնության առանցքի շուրջը:
Մեզ մնում է ափսոսանք հայտնել, որ ՀՀ ներկայիս իշխանությունները շարունակում են ՌԱԿ-ի նկատմամբ ՀՀ նախկին իշխանության, անվանապեսՙ Սերժ Սարգսյանի եւ Հրանուշ Հակոբյանի կիրառած պառակտիչ քաղաքականությունը, որը վնասում է ոչ միայն ՌԱԿ-ին, այլեւ մեր ժողովրդին, մեր պետականությանը:
Այս առթիվ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՌԱԿ Կենտր. վարչությունը շարունակելու է իր սերտ համագործակցությունը Սփյուռքի տարբեր գաղութներում գործող ՌԱԿ Գերագույն խորհրդի եւ նրա շրջանակների հետ, հույս տածելով, որ մոտիկ ապագայում, միշտ հայաստանակենտրոնության սկզբունքով, ՌԱԿ-ը մեր ժողովրդին դարձյալ կներկայանա որպես Հայաստան-Սփյուռք մեկ եւ ամբողջական կազմակերպություն: