Դասադուլՙ Երեւանի Պետհամալսարանում, վրդովված դասախոսներՙ գրեթե բոլոր բուհերում, քննարկումներՙ կրթական ու գիտական հաստատություններում, ասուլիսներՙ մամլո սրահներում, քննարկումՙ Ազգային ժողովում, արտահերթ նիստՙ Ազգային ակադեմիայի նախագահությունում. ոչ քաղաքական օրակարգով բողոքի նման ալիք դեռ չէր ծավալվել վերջին ավելի քան մեկ տարում: Ճիշտ է, առայժմ մասնագիտական-մտավորական շրջանակներում պարփակված, սակայն շատ հավանական է, որ բողոքի ալիքը շուտով ընդգրկի նաեւ քաղաքական շրջանակներըՙ ընդդիմության դրդումով նաեւ, մանավանդ որ բողոքողները պահանջում են միանգամայն կրթության ու գիտության նախարարի հրաժարականը:
Պատճառը հայտնի էՙ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ ներկայացված 42 էջանոց օրենքի նախագիծըՙ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» վերնագրով, որի հատկապես այն կետերն են ընդվզման առիթ դարձել, որոնք վերաբերում ենՙ մեկ կողմից գիտության բնագավառինՙ գիտական ինստիտուտների ֆինանսավորումը եւս առավել կրճատելու եւ դրանց գործառույթները բարձրագույն կրթական հաստատություններ տեղափոխելու առաջադրանքով, մյուս կողմիցՙ բուհերի ոչ հումանիտար ֆակուլտետներում ու բաժիններում հայոց լեզվի, գրականության եւ հայ ժողովրդի պատմության պարտադիր դասավանդման դրույթը վերացնելը կամ այդ առարկաների դասավանդումը հայեցակարգային դարձնելը:
Կողքի սյունակներում մեր աշխատակցուհու հանգամանալից արձագանքը նախագծի գիտությանը վերաբերող հատվածինՙ թույլ է տալիս ինձ կենտրոնանալու հայագիտական առարկաների դասավանդման խնդրի վրա, որը, բնականաբար, նախագծի քննադատների գլխավոր թիրախն է հանդիսանում: Ընդգծվում է դրանց դասավանդման անհրաժեշտությունը մեր կրթական համակարգի բոլոր մակարդակներումՙ ազգային պետության կերտման, աճող սերունդներին ազգային արժեհամակարգով դաստիարակելու, մայրենի լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը ավելի խորը ուսումնասիրելու նպատակով: Ոչինչ չունեմ ավելացնելու այդ առարկությունների վրա: Սակայն, կարծում եմ, որ օրինագծի ե՛ւ քննադատները, ե՛ւ պաշտպանները անտեսում են մի կարեւոր խնդիր, որը դարձել է խոցելի գարշապարը մեր կրթական ողջ համակարգիՙ հանրակրթությունը, նկատի ունեմ այս բառի ամբողջ ծավալըՙ դպրոց, հեռուստատեսություն, սոցցանցեր, հանրային գովազդներ, հասարակություն, նույնիսկՙ Ազգային ժողով ու կառավարություն: Ա-յախոսություն է ամեն տեղ, նույնիսկ վարչապետի, պատգամավորների, հայտնի մտավորականների, գիտնականների, արվեստագետների լեզվում: Իսկ հոռեգույնըՙ ժարգոնը, բարբառը, անգլերենի եւ ռուսերենի սխալուճիշտ կիրառումը, որը շատերին թվում է բնական ու նախընտրելի: Մեր երիտասարդներն արդեն չեն նախաճաշում, ոչ էլ ճաշում են կամ ընթրում, այլՙ զավտրըկ են անում, լանչի են գնում, դինըրի են հրավիրվում, իսկ ուիքենդին փարթի են կազմակերպում ու դենսինգ անում: Փողոցում կամ խանութում մաքուր գրական հայերենը շրջապատի զարմանքն է առաջացնում, նույնիսկՙ արհամարհանքը: Մեր բրենդ ային խանութները, գրագետ ու տպավորիչ ներկայանալու համար, «ընդհուպ մինչեւ» 70 տոկոս զեղչով ապրանք են առաջարկում, բժիշկները խոստանում են «ցանկացած» հիվանդություն բուժել, բարձրաստիճան զինվորականը պատրաստակամություն է հայտնում հակառակորդի «ցանկացած» ոտնձգության արժանի հակահարված տալ, մեր զինվորները, ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների, «վիրավորում» եւ ոչ թե վերք են ստանում, իսկ մանկապարտեզի երեխաներն արդեն ռուսաց լեզուն են «ուսումնասիրում» : Երեխա ասացի ու հիշեցի մեր դպրոցների շրջանավարտներին, որոնք, քիչ բացառությամբ, չեն կարողանում անսխալ մի քանի տողանի դիմում գրել, կամ նամակ:
Ինձ թվում էր, որ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ վարչապետը եւ օրինագծի մյուս պաշտպանները հարցը ճիշտ հունի մեջ դրած եղան, երբ իրավամբ հարց տվեցին, թե այդ ինչպե՞ս է որ մեր երեխաները 12 տարի դպրոցում հայոց լեզու, գրականություն, հայոց պատմություն անցնելուց հետո դեռ անգրագետ են մնում, բայց իսկույն, մի կողմ թողնելով այդ ախտաճանաչումըՙ նրանք ոստում կատարեցին դեպի բուհական համակարգ, անգամ Հարվարդ, Քեմբրիջ ու Սորբոն: Այնինչ պետք էր մնային այդՙ առաջին կետի վրա ու փորձեին կրթական բարեփոխումների հարցը քննարկել, լուծումներ փնտրել ա՛յդ սկզբնակետից, տարրական դասարաններից մինչեւ ավագ կոչված դպրոց: Դպրոցական մեր համակարգը անցնող 28 տարվա ընթացքում ի՜նչ փորձերի, փորձարկումների ու փորձանքների ենթարկվեց: Բոլոնիայի համակարգից մինչեւ օպտիմալացում եւ նորամուծություններՙ ինչպիսի՜ խառնաշփոթ առաջացրին, տարտղնեցին դպրոցականՙ թեկուզ խորհրդային կանոնակարգված համակարգը. դպրոցական ծրագրե՞րը, դասագրքերն ու ձեռնարկնե՞րը, մանկավարժական խոտա՞նը, հասարակության անտարբերությո՞ւնը: Ո՞րն է պատճառը կամ պատճառները, որ այսքան շատՙ անգամ կարմիրդիպլոմավոր կիսագրագետ պատանիներ ու երիտասարդներ ունենք: Կամ, դրական կողմից մոտենանք հարցին, ո՞րն է պատճառը, որ, օրինակ, Օձուն գյուղում ահել ու ջահել մաքուր հայերեն են խոսում: Մի՞թե տեղի 150-ամյա հրաշալի դպրոցի շնորհքը չէ:
Ահա թե որտեղից պետք է սկսել կրթական բարեփոխումները, ռեֆորմը, որը իսկապես անհրաժեշտ է մեր ժողովրդին ու պետությանը, մեր նորահաս սերունդներին:
Հավանաբար շտապողականությունը, հեղափոխականությունը կամ մտքի ծուլությունն է պատճառը, որ մեր իշխանությունները համապետական ու համազգային հարցեր ու խնդիրներ լուծելիս, այս էլ քանիերորդ անգամ, սկսում են վերջից: Արդյունքըՙ քաոս: