Դատելով որոշ դատարաններում տեղի ունեցող իրադարձություններից, իսկապես 1937 թվականը վերադարձել է, բայց հաշվի առնելով Երեւանի փողոցներում հատկապես երեկոյան ժամերին զբոսնող երիտասարդների առատությունն ու անհոգությունըՙ 1937-ը ոչ միայն չի վերադարձել, այլեւ անհետ կորել է պատմության, ինչպես ընդունված է ասելՙ աղբանոցում:
Իմիջիայլոց, այնպես չէ, որ 1937-ին եղել է միայն այն, ինչի մասին մեզ պատմել են մեր պապիկներն ու տատիկները, իսկ ոմանց էլ իրենց տատիկ-պապիկների հայրերն ու մայրերը: Ճիշտ է, 1937-ի մարտի 19-ին հրապարակվեց Հռոմի Պողոս պապի հրովարտակը, որով նա կոչ էր անում բոլոր կաթոլիկներին պայքարել կոմունիստների դեմՙ արգելելով որեւէ տեսակի շփումը կարմիրների հետ, որովհետեւ կոմունիզմը, ինչպես գրված էր Պապի հրովարտակում, Իսպանիայի շատ շրջաններում չարիք է սերմանում, ինչի հետեւանքով եկեղեցիներ են փլուզվում ու կաթոլիկներ սպանվումՙ զուտ այն պատճառով, որ բարեխիղճ հավատացյալ են ու ինչ-որ չափով փորձում են պայքարել անաստված կոմունիզմի դեմ: Բայց նույն 1937-ին, կոմունիզմի սրտումՙ Լենֆիլմ կինոստուդիան նկարահանեց Պետրոս Առաջին պատմա-կենսագրական երկսերիանոց ֆիլմը, որը պատմում էր ցարական Ռուսաստանի հզորության մասին: Ավելին, նույն թվականի հուլիսի 12-ին կոմունիստական մայրաքաղաք Մոսկվայի Սոկոլնիկի համալիրում առաջին անգամ կատարվեց Արամ Խաչատրյանի կոնցերտըՙ դաշնամուրի համարՙ նվագախմբի մասնակցությամբ: Հասկանալի է, որ այս ցանկը կարելի է շարունակել, ինչն իհարկե չի ցրի 1937-ի խավարը, բայց կապացուցի մի շատ կարեւոր բան: Խնդիրն այն է, որ շատ հեշտ է հասկանալՙ ժամանակները բռնապետակա՞ն են, թե՞ սովորական: Սա չի երեւում իշխանության գործիքներից, քանի որ բոլոր ժամանակներում ու երկրներում իշխանությունը նույն գործիքներն ունի: Սա չի երեւում փողոցներում, որտեղ մարդիկ կարող են ժպտալՙ վախից կամ չիրազեկվածությունից: Օրինակ գիտե՞ք, թե քանի կոմունիստ է հալվել սովետական գեղեցկուհիների ժպիտներից Մոսկվայի փողոցներումՙ 1937-ի միայն աշնան ընթացքում…
Բռնապետությունը երեւում է մշակույթի մեջ: Երբ սկսում է ստեղծվել հանճարեղ երաժշտություն, կտավ, ֆիլմ, գիրք, քանդակ, ուրեմն ժամանակները բռնապետական են, եւ մարդկանց միջոց ու վայր է պետքՙ ազատ լինելու: Սրա համար էլ Սովետի թատրոնը սրբավայր էր, որտեղ շատ դեպքերում աշխարհի մասին ճշմարտությունն էիր իմանում, սրա համար էլ կոմունիզմի ժամանակների բազմաթիվ ռեժիսորների կամ գրողների, նկարիչների կողքին կարող ես գրել տաղանդավոր բառը:
Անշուշտ, տարիների ընթացքում բռնապետությունը փոխեց իր տեսակը ու հիմա աշխարհում կարելի է մի շարք բռնատեսակներ նկատել, օրինակՙ մուսուլմանական, չին-հյուսիսկորեական, ինչու ոչՙ թավշյա: Իմ ամերիկացի ընկերները հուշում են, որ ռուս-բելառուսական եւ Մոսկվայում ապրող բարեկամներս ստիպում են հիշել նաեւ եվրոպական ու ամերիկա-ջհուդական բռնապետությունները, մի խոսքով, ի տարբերություն ժողովրդավարության, բռնապետությունը մարդկանց կեցության նորմալ ձեւ է:
Հիմա, մենք բռնապետությունո՞ւմ ենք ապրում… Իսկ դուք վերջին անգամ ի՞նչ հրաշալի նոր գիրք եք կարդացել կամ ո՞ր ներկայացումից եք ցնցվել…