Ռամկավար ազատական կուսակցությունն արդեն 98 տարի հպարտ ու ազնվաբարո նավարկում է ժամանակի ծովում: Որպես ապրող ու արարող կենդանի օրգանիզմ` ՌԱԿ-ը երբեմն հանդարտ, երբեմն խութերի հանդիպելով կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ եւ դուրս գալ խաղաղ ու արարող հանգրվան: Խորհրդային տարիներին ժողովրդական սկզբունքներով առաջնորդվող ռամկավարները վեր կանգնելով դասակարգային անիմաստ սահմանազատումներից Սփյուռքում արեցին ամեն ինչ հանուն ազգային լինելիության: Ազգապահպանմանջանքերին զուգընթաց ՌԱԿ-ը քաջալերում էր հայ մարդու բարեկեցությունն ու հայրենասիրությունը, իսկ երբ առիթը ներկայացավ խրախուսեց նաեւ ներգաղթը
ՌԱԿ-ը ողջամիտ դիրքորոշում դրսեւորեց նաեւ Խորհրդային Միության փլուզման օրերին: Կուսակցությունը Հայաստանում ծնունդ տալով իր հայաստանյան կազմակերպությանը` ՀՌԱԿ-ին, վերջինիս միջոցով մաս կազմեց Հայաստանի անկախ պետության ստեղծման գործընթացին: Նա մեկն էր այն հինգ կազմակերպություններից եւ միակը ավանդական կուսակցություններից, որ անվարան կերպով իր ստորագրությունը դրեց Անկախության հանրաքվեի հայտարարության տակ: Դրանով սկսեց մարմնավորվել ՌԱԿ հիմնադիրների գլխավոր երազը` Հայաստանը տեսնել ժողովրդավար, ազատ եւ ազատական: Արժեքներ, որոնք ինչպես ազատագրական պայքարի ողջ ընթացքում այնպես էլ արցախյան ազատամարտի ժամանակ ՌԱԿ-ը պատմական անհրաժեշտություն համարեց եւ դրանց իրականացաման համար դավանեց նաեւ «Երկաթե շերեփի» մեթոդին, քանի որ մնացած բոլոր միջոցներն սպառված էին:
Այսօր էլ կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «որտեղ բռնություն կա, այնտեղ ռամկավարություն չկա» սկզբունքին, որպես մեկնակետ մերժելով արյունոտ հեղափոխությունը եւ հավատարիմ մնալով իր արմատներին, իրատեսական քայլերով, խորհրդարանական պայքարի եւ աստիճանական բարեփոխումների ու կառուցողական ընդդիմության դիրքերից հաղթահարելով բազմաթիվ ու բազմատեսակ խոչընդոտներ, հայ ժողովրդի լավագույն ապագայի գիտակցությամբ հաստատուն քայլերով ընթանում է առաջ: Կարծում եմ, որ 100-ամյա հոբելյանը եւս կդիմավորի առկա որոշ ներքին խնդիրներից ամբողջովին ինքնամաքրված, բյուրեղացած եւ ավելի հզորացած:
***
ՌԱԿ-ի` հայ իրականության մեջ գործող հնագույն կուսակցության պատմությունն անցել է երեք կարեւորագույն փուլեր, որոնց միասնության մեջ պետք է դիտարկել ՌԱԿ պատմությունը: Դրանք են`
1. Արմենական` 1885-1908թթ.,
2. Հայ սահմանադրական ռամկավար` 1908-1921թթ,
3. Ռամկավար ազատական` 1921-ցայսօր:
Ընդ որում, անկախ տվյալ պահին տիրապետող տնտեսական, քաղաքական, սոցիալական, ազգային եւ այլ պայմաններից կուսակցության հավատամքը` անել ամեն ինչ հայ ժողովրդի վիճակը բարեփոխելու ուղղությամբ, միշտ նույնն է եղել:
Կուսակցության գաղափարախոսության սերմնացաններ Մ. Խրիմյանի եւ Մ. Փորթուգալյանի բաղձանքն Մ. Ավետիսյանի գլխավորությամբ իրականացրին նրանց սաները: 1885 թ. Վանում հիմնադրվեց հայ իրականության մեջ առաջին ու միակ երկրածին Արմենական կուսակցությունը: Արձանագրենք, որ չնայած հետագա ժամանակներում համաշխարհային տարբեր գաղափարախոսությունների մեծ ու փոքր ազդեցություններին, կուսակցական-քաղաքական պայքարի հայոց տոհմածառի արմատները սկիզբ են առնում եւ սնվում են արմենականների անդաստանում:
Կուսակցության գործունեության առաջին շրջանում այդ պայքարին բնորոշ էին երեք հիմնական ուղղություններ: Կյանքի կոչել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի խանձարուրը համարվող սահմանադրական շարժման տեսական հիմնադրույթները: Դրանցից ամենակարեւորը դեպի ժողովուրդ գնալն էր, կրթալուսավորական բեղուն գործունեություն ծավալելը եւ միջնադարյան խավարում խարխափող ժողովրդին դարավոր ընդարմացումից դուրս բերելը: Հատկապես երիտասարդությանը բացատրել, որ թաղային անիմաստ կռիվների փոխարեն իրենց եռանդը ներդնեն ի նպաստ ազգաշահ կարեւորագույն խնդիրների լուծման:
Կարեւոր էր նաեւ երիտասարդությանը հորդորել, որ միջոցներ հայթայթի ու զենք ձեռք բերի: Ոչ պակաս կարեւոր էր նաեւ երիտասարդներին վաղ տարիքից զինավարժելը, որպեսզի կարողանային ինքնապաշտպանվել թուրք ու քուրդ հրոսակների հարձակումներից: Արմենականների հայրենանվեր գործունեության մասին շատ է գրվել (Ա. Դարբինյան, Ա. Եկարյան, Վ. Ղազարյան, Ս. Սարգսյան): Իսկ գաղափարախոսությունը, որ թուրքական բռնատիրական իրականությունում գործող քաղաքական ուժի դեպքում հայ իրականության մեջ ամենաիրատեսական, հաշվենակատ ու աստիճանաբար դեպի նպատակ հաստատուն ընթացող բնույթ ուներ, քիչ է վերլուծվել: Դեռեւս հստակեցման կարիք ունի ինքնավարություն, թե՞ անկախություն պետք է հասկանալ կուսակցության ծրագրի հիմնական դրույթը` Արմենական կազմակերպության նպատակն է հայ ժողովրդի համար ինքն իրեն ազատ կառավարելու իրավունք ձեռք բերել, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ եւ դրանք գործադրել ժամանակի պահանջներին համեմատ: Թերթային հոդված սահմանափակ հնարավորությունը նկատի առնելով նշենք, որ մեր դիտարկումների ու վերլուծությունների արդյունքում հակված ենք կարծելու, որ դա աստիճանական անկախության ձգտող դրույթ էր:
Հաստատուն քայլերով գործունեության աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնող կուսակցությունը խիստ թուլացավ 1896 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանության` «Մեծ դեպքի» ժամանակ: Անվարան կազմակերպելով Վանի ինքնապաշտպանությունը, սակայն կուսակցության էլիտան խաբեությամբ զոհվեց Ս. Բարդուղիմեոս վանքի մոտ: Արմենական կուսակցությունը դրանից հետո չկարողացավ վճռական դերակատարություն ունենալ հայ ազգային-ազատագրական պայքարում, սակայն գործունեության հաջորդ հանգրվաններում արմենականության ոգին միշտ ոգեւորեց ու հաղթանակների առաջնորդեց հայությանը:
1908 թ. երիտթուրքական հեղաշրջումն իր հռչակած սահմանադրությամբ ու դեմոկրատական լոզունգներով հաշիշի ազդեցություն թողեց օսմանահպատակ ժողովուրդների եւ առաջին հերթին հայերի համար: Հրեական արմատներով երիտթուրքական ղեկավարները կարողացան ոչ միայն բթացնել հայերի զգոնությունն ու պայքարի ոգին, այլեւ հավատացրին հայ քաղաքական ղեկավարությանը, թե իբր հեղաշրջման հեղինակներն ու իրականացնողները հայերն են: Դրա հետեւանքով մեծ թվով երիտասարդ նվիրյալների կյանքի գնով Երկիր տարված զենք-զինամթերքը փոշիացավ, իսկ հայության զգոնությունը գրեթե զրոյացավ: Մի ակնթարթում մոռացվեցին նախկին թշնամանքն ու բռնությունները, ամենուրեք լսվում էին եղբայրության, հավասարության ու բարեկամության մասին կոչեր:
Այս մթնոլորտի արդյունքում արմենականների, վերակազմյալ հնչակյանների եւ այլ իրատես, ազգային հողի վրա գործող ուժերի համախմբման արդյունքում, հիմք ընդունելով Մ. Տամատյանի նախագիծը, 1908 թ. հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հիմնադրվեց Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը (կուսակցության ամբողջական պատմությունը տե՛ս Սարգսյան Ս., Հայ սահմանադրական ռամկավար կուսակցություն. 1908-1921 թթ., Ե. 2009): Օրինականացված ժամանակաշրջան համարվող այս հանգրվանում կուսակցությունը դուրս եկավ ընդհատակից:
Արեւմտյան Հայաստանի հետ մեկտեղ Կիլիկիայի ազատագրման հարցը եւս դրվեց կուսակցության օրակարգում: ՀՍՌԿ-ն յուրաքանչյուր կառավարության հիմքը համարում էր ժողովրդի գերիշխանությունը: Անհատների հավասարության եւ ազատության հետ մեկտեղ ընդունում էր ազգերի ինքնորոշման իրավունքը: Իբրեւ ազգային քաղաքական կազմակերպություն ՀՍՌԿ-ն առանց որեւէ դասային խտրականության ձգտում էր իր շուրջ համախմբել հայության բոլոր գիտակից ու կենսունակ տարրերին: Կուսակցությունը որդեգրեց «դրամագլխի, աշխատանքի եւ տաղանդի կամավոր ընկերակցության» սկզբունքը: Մերժեց հեղափոխական գործելակերպը եւ որդեգրեց բարեփոխումների ու պառլամենտական պայքարի ուղին:
Կուսակցության ակունքներում կանգնած գործիչները ծագումով արեւմտահայեր էին եւ իրենց մաշկի վրա էին զգացել մարդատյաց վարչակարգի դաժանությունները: Լավ էին ճանաչում բռնապետ թուրքի ու կիսավայրենի բնազդներով առաջնորդվող քրդի էությունը եւ կոչ արեցին արեւմտահայությանը տագնապալի իրադրություններում չտրվել զգացմունքայնությանը, այլ հեռատես խոհեմություն դրսեւորել եւ կազմակերպվել ու դիմակայել թշնամուն: ՀՍՌԿ-ն գործեց անաղմուկ եւ խոհեմաբար չմասնակցեց Իթթիհատ-Իթթիլաֆ խարդավանքներին, հեռու մնաց ցուցադրական մոլություններից եւ սկսեց ազատական-ժողովրդավարական սկզբունքներ քարոզել հայերի մեջ եւ գաղտնի զենք փոխադրել Վանից մինչեւ Կիլիկիա:
Կուսակցությունը նաեւ ուշադրություն դարձրեց կրթական գործին եւ մամուլի միջոցով քաղաքական մտածողության դաստիարակմանը: Շարունակելով արմենականության գործելաձեւերը եւ շնորհիվ այդ իրատես ու զգուշավոր վարքագիծը, ՀՍՌԿ-ն դարձավ ամենամարդաշատը գաղթաշխարհում: Իսկ 1911 թ. առաջին եւ 1913 թ. երկրորդ Կ.Պոլսում տեղի ունեցած համագումարներում ինքնահրաժարվելով «սահմանադրական» եզրից` խորաթափանցորոն նշեց մոտալուտ պատերազմի հավանականությունը եւ որոշեց զարկ տալ ինքնապաշտպանության գործին:
Ցեղասպանության տարիներին հայ ժողովուրդը ոտքի ելավ հերոսական ինքնապաշտպանության: Այդ ազգանվեր գործին լծվեցին բոլոր կուսակցություններն ու կազմակերպությունները: Նրանց թվում էր նաեւ ՀՍՌԿ-ն, որի անդամներ Արմենակ Եկարյանի գլխավորությամբ Վանի, իսկ Եսայի Յաղուպյանի եւ Պետրոս Տմլաքյանի գլխավորությամբ Մուսա լեռան դյուցազնամարտերը ամենաարդյունավետները եղան: Դրանց շնորհիվ ոչ միայն մեծ թվով հայեր փրկվեցին անխուսափելի ոչնչացումից, այլեւ տապալվեցին թուրքական ոճրամիտ ծրագրերը եւ դարբնվեց հայի գոյատեւման իրավունքը: Կարեւոր էր նաեւ, որ ՀՍՌԿ-ն առաջին իսկ օրվանից թեւ ու թիկունք դարձավ ՀԲԸ միությանը, վնասազերծեց ամեն մի ոտնձգություն այդ համազգային կազմակերպության դեմ: ՀՍՌԿ-ն նաեւ աներեր ու հաստատակամ կանգնեց Ազգային պատվիրակության կողքին եւ բոլոր հնարավոր միջոցներով սատարեց նրան: Կազմակերպեց Հայկական լեգեոնը, որը փառահեղ էջեր ավելացրեց հայոց ռազմական պատմության տարեգրքում: ՀՍՌԿ-ն էր վերջապես, որ կազմակերպեց Կիլիկիայի ժամանակավոր ինքնավարությունը Մ. Տամատյանի գլխավորությամբ: Կուսակցությունը ակնառու ներդրում ունեցավ հայ կամավորական շարժմանը (Ջիմ Չանգալյան եւ այլք), ինչպես նաեւՙ հետպատերազմյան շրջանի որբահավաքման գործում (Ռուբեն Հերյան եւ ուրիշներ):
Հայաստանի Առաջին հանրապետության տարիներին ՀՍՌԿ-ն իր մամուլով եւ գաղափարաքարոզչական ընդգրկուն աշխատանքներով լուրջ ներդրում ունեցավ հայ պետականության եւ քաղաքական մտքի ձեւավորման ու զարգացման գործում: Հանդիսանալով արտախորհրդարանական ամենահզոր ուժը, կուսակցությունն արեւելահայ ռամկավարների` ՀԺԿ-ի հետ մեծ ավանդ ունեցան պետականաշինության, տնտեսության, բանակի եւ այլ բնագավառների զարգացման ասպարեզներում: Ի վերջո, կուսակցությունը նախաձեռնողներից եւ ամենաակտիվ դերակատարներից մեկը եղավ Ռամկավար ազատական կուսակցության ստեղծման գործում:
Միջանկյալ նշենք, որ արեւելահայ ռամկավարների Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հիմնադրվեց հայ կադետների ու «Մշակ» թերթի շուրջ համախմբված մտավորականության կողմից 1917 թ. ապրիլի 11-ին Թիֆլիսում, նախագահն էր Միքայել Պապաջանյանը: 1918թ. ամռանը ՀՀ կառավարության Թիֆլիսից Երեւան փոխադրվելու հետեւանքով հայ քաղաքական կյանքի կենտրոնը դարձավ Երեւանը: Պատասխանատվությունից չխուսափելով ՀԺԿ-ն 1918թ. նոյեմբերին ՀՅԴ-ի հետ կազմեցին կոալիցիոն կառավարություն: Սակայն համաձայն չլինելով կառավարության 1919 թ. մայիսի 28-ին հայտարարած Միացյալ եւ անկախ Հայաստանի մասին ակտի դրույթներին, կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից, սակայն իր գաղափարախոսությամբ ու գործելաձեւերով չհակադրվեց պետությանը. մնաց չափավոր դիրքում եւ դրանով շահեց հոծ զանգվածների վստահությունը: Իսկ երկրում խորհրդային կարգերի հաստատումից հետո հեռացավ արտասահման եւ միաձուլվեց նորաստեղծ ՌԱԿ-ին:
1919թ. դեկտեմբերի 21-ին ՀՌԿ Հայաստանի Շրջանային պատգամավորական ժողովը որոշեց միավորվել 1918-1919 թթ-երից «Ազատական» անվան ներքո գործող նախկին Վերակազմյալ հնչակյանների հետ: 1915 թ. հունիսի 5-ին հայ մտավորականների ստեղծած «Հայ ազգային ազատական միությունն» էլ իր «Հայաստան» թերթով ձգտում էր ստեղծել հայ ազգային կուսակցությունների միություն: 1921 թ. հոկտեմբերի 21-ին Ազատական միությունն ու ՀՌԿ-ն «հայ ժողովրդի գերագոյն շահերուն մտահոգութիւնովը» պաշտոնապես միավորվեցին:
Միասնական ուժերով, հնարավորությունների մեկտեղմամբ նրանք փորձեցին դիմագրավել հայ ժողովրդի առաջ ծառացած նոր մարտահրավերները: Ի վերջո հոկտեմբերի 25-ին, բոլոր ազգայնական, ազատական եւ ժողովրդավարական կազմակերպությունները հոկտեմբերի 1-ին եւ ստեղծվեց Ռամկավար ազատական կուսակցությունը: ՌԱԿ-ի ծնունդն նույն ծրագիրն ու գործելակերպն ունեցող կառույցների հայ Սփյուռքը կազմակերպելու եւ Հայրենիքում պետականությանը սատարելու հայրենանվեր ձգտումների արդյունք էր:
Հուսադրող հեռանկարներով խանդավառված, աշխարհի տարբեր մասերում մեծ թվով հայեր համալրեցին ՌԱԿ-ի շարքերը: Կենսունակ եւ գործուն ուժերի այդ համախմբումը պիտի ծառայեր երկու հիմնական նպատակների` ազգապահպանում եւ Հայ դատի հետապնդում: 1922 թ. հունիսի 2-ին Կ.Պոլսի Գնալը կղզում տեղի ունեցած ըստ էության գաղթաշխարհային (ներկա էին ԱՄՆ-ից, Կ.Պոլսից, Եգիպտոսից, Եվրոպայից թվով 17 պատգամավորներ) ՌԱԿ առաջին համագումարում որոշվեց բոլոր միջոցներով աջակցել Ազգային պատվիրակության հայանպաստ ջանքերին եւ սատարել ՀՀ իշխանություններին: Բացառապես արտասահմանում ձեւավորված հայկական համայնքերի նոր իրավիճակի ծնունդ կուսակցության հիմնական բնորոշիչը Հայոց ցեղասպանությունից հետո հայրենազրկված հայության վտանգված ֆիզիկական ու հոգեւոր կացությունն էր:
ՌԱԿ-ին երբեք դիմորոշ չեղան փքուն կոչերն ու ամպագորգոռ խոսքերը: Կուսակցության ազգային գաղափարախոսությունն առաջնահերթ է համարում հայրենիքի ու սեփական ժողովրդի անվտանգությունը եւ պատրաստ է նույնիսկ ամենաթանկը` իր արյունը նվիրաբերել դրանց հաջողությանն ու փառքին:
Կուսակցությանը մշտապես հատուկ են եղել հանդարտ, քննադատական, շրջահայաց ու ազնիվ խոսքն ու գործելաձեւերը: Ուստի բոլորովին էլ պատահական չի, որ նույնիսկ այս տոնական օրերին անկեղծորեն նշում ենք, որ ունենք որոշակի կազմակերպական դժվարություններ, բայց երբեք` գաղափարական: Դրանք հիմնականում արդյունք են այն ցավագին գործընթացի, որը մշտապես ուղեկցել է կուսակցությանը գոյությանը բոլոր ժամանակներում: Դա այն իրողությունն է, որ կուսակցության մեջ միմյանց կողքին գործել են մտավորական եւ պատեհապաշտ հատվածները: Եվ բոլոր այն դեպքերում, երբ մտավորական թեւն է կազմակերպված եւ ուժեղ եղել, կուսակցությունը գործել է անվրեպ, եղել է հզոր եւ նրա հետ հաշվի են նստել բոլորը: Իսկ հակառակ դեպքում, որպիսին առկա է նաեւ մեր օրերում, կուսակցության ուժերը ջլատվել են ու խիստ թուլացել: Դրա արդյունքում էլ թե՛ իշխանությունները եւ թե՛ մյուս կառույցներն ու ուժերը կա՛մ անտեսում են, կա՛մ պարզապես չնկատելու են տալիս նրան: Կարծում եմ, պատմական փորձն էլ է դա հուշում, որ այդ դժվարությունները դժվար, սակայն հաղթահարելի են: Հետեւապես հեռու չէ այն օրը, երբ կվերականգնվի կուսակցության երբեմնի փառքն ու հզորությունը, կխտանան նրա շարքերը եւ Հայոց պառլամենտում եւ կառավարության տարբեր օղակներում կունենանք ՌԱԿ անդամներ:
Շնորհավորելով ՌԱԿ բոլոր անդամներին, համակիրներին եւ հայ ժողովրդին այս տարեդարձի առիթով, ցանկանում եմ ամենամոտ ժամանակներում իրականացած տեսնել բոլոր կուսակցականների հայրենաշահ բաղձանքները:
1.10.2019թ.
Նկար 3. ՌԱԿ Առաջին ընդհանուր պատգամավորական ժողովի մասնակիցների խմբանկարը, 1922թ.