Սփյուռքը Հայաստանի՞, թե՞ Հայաստանը սփյուռքի համար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Կալիֆոռնիա եւ հանդիպումը ԱՄՆ-ի ամենահայահոծ համայնքի հետ զուգակցվեց նրա իշխանավարման թերեւս ամենաշիկացած ժամանակահատվածի հետ. Ամուլսարի պայթյունավտանգ խնդիր, Ռ. Քոչարյանի հետ կապված դատական գործընթացներ, Ստամբուլյան կոնվենցիա, երթեր ու ցույցեր, աղմկահարույց պաշտոնանկություններ, Սահմանադրական դատարանի ու դատական համակարգի անհասկանալի վարքագիծ, եւ այս ամեննՙ արմատական փոփոխություններ ակնկալող հասարակությանՙ չբավավարված սպասումների խորքին: Երկատված հասարակության հակադիր բեւեռներում հայտնված մարդիկ ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում ծայրահեղ անհանդուրժողականությամբ միմյանց վրա թրեր են ճոճում: Ատելությունն ու ամբարիշտությունը հստակորեն արտացոլվում են եւ առօրյա կենցաղային, ե՛ւ քաղաքական կուլիսային ու անդրկուլիսային մակարդակներում, ե՛ւ սոցիալական ցանցերում: Սփյուռքիՙ թավշյա հեղափոխությանն «անդամագրված» սպիտակ զինվորները եւս իրենց հայաստանցի «սեւ» եւ «սպիտակ» հայրենակիցների հետ ամեն օր լոկալ եւ վիրտուալ ճակատամարտեր են մղում:
Եվ սեպտեմբերյան այդ շոգ օրը, ավելի քան չորս ժամ անտրտունջ տանջվելով այրող արեւի տակ, Լոս Անջելեսի Գրանդ Փարք-ում տեղացի «սպիտակները» վերջապես հանդիպեցին իրենց կուռքինՙ Հայաստանի վարչապետին: Իսկապես ծայրահեղ ժողովուրդ ենք մենք, ե՛ւ սիրում, ե՛ւ ատում ենք մինչեւ վերջ, երբ չափը միայն չափազանցն է: Վարչապետի ելույթի ընթացքում կողքս կանգնած մի կին երջանիկ ինքնամոռացության մեջ վարչապետի ամեն խոսքից հետո ինքնամոռաց «ջան, ջան, ջան» էր մրմնջում ինքն իրեն:
Սփյուռքահայության հետ կապված նոր հայեցակարգի իր տեսլականը Հայաստանի վարչապետը ներկայացրեց եւ Բեվերլի Հիլզի շքեղ հյուրանոցի սրահներից մեկում Լոս Անջելեսի հայկական եւ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, եւ հետոՙ Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց հանրային ելույթի ժամանակ:
Վարչապետը համընդհանուր հայկականացման ու հայրենադարձության ուղերձ հղեց աշխարհի բոլոր անկյուններում ապրող յոթ միլիոն սփյուռքահայերին: Դա նշանակում է, որ անկախ բնակության վայրից ու առանց կտրվելու իրեն հյուրընկալած երկրի առօրյայից, սփյուռքի յուրաքանչյուր հայ պիտի նույնականացնի իրեն հայի ու հայաստանցու հետ: Դա նշանակում է, որ նա պիտի իր բնակության երկրին ճանաչ դարձնի Հայաստանը, ջանքերն ուղղի այդ երկրի եւ Հայաստանի միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը: «Դարձեք Նոր Հայաստանի promoter-ներ (ֆինանսական աջակից ու հովանավոր),- հղում ու կոչ արեց վարչապետը սփյուռքի 7 մլն հայերին Լոս Անջելեսից:
Տասնամյակներ շարունակ սփյուռքը Հայաստանի հանդեպ promoter լինելու հենց այդ ակնկալիքն է արդարացրել: Սփյուռքը Հայաստանի կողքին է եղել նրա համար ամենադժվար պահերինՙ տրամադրելով հումանիտար օգնություն, իրականություն դարձնելով տասնյակ զարգացման ծրագրեր, կառուցելով տներ, մանկապարտեզներ, դպրոցներ:
Այն տեսակետը, թե սփյուռքը պարտավոր է օգնել Հայաստանին, տասնամյակներ շարունակ չվիճարկվող համոզմունք է եղել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Եվ մի տեսակ հարկադրանքի պես այն ներկայացվել է սփյուռքին եւ վերջինս իրականություն է դարձրել այն:
Սակայն հենց սփյուռքն ինքն էլ մխրճված է խնդիրների մեջ, որոնք հաճախ լուծում է կիսակատար, մի տեսակՙ նվազագույնն անելու, խղճի հանգստության թելադրանքով: Մայրենի լեզվի, մայրենի մշակույթի պահպանությունն ու ճանաչումը հայապահպանության ամենամեծ խնդիրներն են այստեղ: Աշխարհում հինգերորդ հզոր տնտեսությունն ունեցող Կալիֆոռնիա նահանգում այսօր միլիոնից ավելի հայություն է ապրում: Գլենդել քաղաքում միայն 50 հազար հայ կա: Սակայն այս հայահոծ քաղաքում հայկական ընդամենը մի դպրոց կա, իսկ երկու տարի առաջ Նորթ Հոլիվուդում գործող հայկական դպրոցը փակվեց: Գործող մի երկու հայկական դպրոցներում էլՙ ամենօրյա, թե շաբաթական երկօրյա, ուսման խիստ բարձր վարձավճարները մատչելի չեն բոլորին: Հայերենի ուսուցումը սահմանափակվում է համեմատաբար մատչելի շաբաթօրյա դպրոցներով կամ Դավթյան-Մարիամյան հաստատության կազմակերպած շաբաթական մի քանի օր սեղմ դասաժամերով, այն էլ ոչ բոլոր դպրոցներում: Այսինքն, Հայաստանից դուրս հայ երեխան մայրենիով չի ապրում ու կրթվումՙ սեփականելով միայն հյուրընկալող երկրի լեզուն ու մշակույթը: Արդեն երրորդ սերունդն այստեղ հստակ անգլիախոս է դառնում:
Սփյուռքը շատ հարցերում անմիաբան է, պառակտված ու անկազմակերպ, եւ դա էլ խանգարում է այնպիսի կարեւորագույն խնդրի լուծմանը, ինչպիսին է հայապահպանությունը: Տասնամյակներ շարունակ սփյուռքին միտված քաղաքականութան մեջ Հայաստանին չեն հետաքրքրել նրա ներքին ցավոտ խնդիրները: Հայաստանում Սփյուռքի գործերով հանձնակատար, այցի ընթացքում վարչապետի ուղեկից Զարեհ Սինանյանը, որ տարիներ ապրել է Գլենդելում, նույնպես շեշտում է տարիներ շրջանցված այս խնդիրը.- «Սփյուռքում զգացվում է Հայաստանի պետականության շնչի պակասը, եւ սփյուռքի բոլոր խնդիրները կամ խնդիրների մեծ մասը ինչ-որ ձեւով կապված են այդ բացի հետ, որի արդյունքում որոշ համայնքներ այդպես էլ չեն կարողացել ինքնակազմակերպվել»: Եվ այսպիսին է անցյալում արվածի վերաբերյալ նրա գնահատականըՙ «տասնամյակներ շարունակ սփյուռքի խնդիրներն անտեսվել ու լուծվել են միայն էպիզոդիկ մակարդակներում»:
Վարչապետը հայտարարում է նաեւ Նոր Հայաստանում հայրենադարձության նոր ընկալումըՙ տարվա մեջ մի քանի ամիս ապրել Հայաստանում, դառնալ նաեւ Հայաստանի քաղաքացի, տուն գնել ու բիզնես հիմնել, հարստանալ ու հարստացնել Հայաստանը, քանի որ «Հայաստանից արդեն արմատախիլ են արված համակարգային կոռուպցիան ու մենաշնորհները եւ հաղթահարվում է ստվերային տնտեսությունը»:
Հեղափոխությունից հետո հարյուրավոր երիտասարդներ սկսել են ավելի ու ավելի շատ հետաքրքրվել Հայաստանով, հայոց պատմությամբ ու լեզվով: Բայց որքան էլ բուռն լինի այդ խանդավառությունը, որքան էլ Հայաստանում կոռուպցիոն բացահայտումների արշավը հետեւողական լինի, Հայաստանում ընթացող իրադարձություններն ու ամեն օր փոփոխվող, անընդմեջ ստրեսային մթնոլորտը դեռեւս անվստահության ծանրակշիռ հիմքեր են ներդրումները վտանգի չենթարկելու համար: Եվ դրա հետՙ դեռեւս կենդանի է խարխլված անվստահությունը ներդրումների ճակատագրի հանդեպ, ու բարեգործներն ավելի զուսպ են հանգանակություններին մասնակցության իրենց վարքագծում: «Եթե մենք ունենանք ուժեղ պետականություն, մեծ պետություն, հայերեն սովորելու եւ Հայաստանի հետ կապված լինելու ձգտումը շատ ավելի մեծ կլինի», – ասում է Զարեհ Սինանյանը : Սակայն Հայաստանը տնտեսապես ուժեղ պետություն ու ամուր պետականություն դարձնելու ճանապարհը դարձյալ հատվում է սփյուռքից մեծ ներդրումների ակնկալիքի հետ:
Հայաստանը շիկացած կաթսա է, որի մեջ եռում է անկանխատեսելի ապագան: Եվ սփյուռքի հետ հարաբերությունների նոր տեսլականն առայժմ ուտոպիական երանգներ է պարունակում եւ կարող է հալվել այդ կաթսայում:
Սփյուռքից ակնկալիքներ ունենալու եւ ստանալու ճանապարհին նրա ցավերն էլ պիտի իմանալ ու օգնել նրանՙ լուծելու դրանք: Դա փոխադարձաբար շահավետ կլինի: Սփյուռքն ինքն էլ Հայաստանի կարիքն ունի: