Անցյալ չորեքշաբթին պատմական օր էր Հայ եկեղեցու եւ ժողովրդի համար: Շուրջ 10 տարի տեւած շինարարական աշխատանքներից հետո հանդիսավոր արարողություններով ու պատշաճ ընդունելությամբ բացվեցին Մայր աթոռի Ս. Էջմիածնի հիմնանորոգված եւ համալիրային ընդարձակում ու պետք եղածից ավել շքեղ տեսք ընդունած վեհարանն ու հարակից սրահները, ավելի քան 500 տեղանոց հանդիսությունների դահլիճն ու Ս. Հրեշտակապետաց մատուռը, իշխանական մեկենասությամբ Սամվել եւ Էթերի Կարապետյան ամոլի: Ընտրյալ հրավիրյալների մասնակցությամբ տեղի ունեցած արարողությունների, հանդիսության եւ համերգային գեղեցիկ ծրագրից առաջ օրհնության, շնորհավորանքի ու գնահատանքի խոսքեր արատասանեցին Վեհափառ Հայրապետը, ՀՀ նախագահը եւ բարերար Սամվել Կարապետյանը: Վերջինն իր հակիրճ խոսքում շեշտեց. «Ես միշտ հայոց պետության, հայ ժողովրդի եւ Ս. Էջմիածնի կողքին եմ լինելու»: