ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նախաձեռնությամբ հուլիսին յոթ հոգիանոց խմբով այցելեցինք այդ երկիր: Տպավորություններն այնքան վառ են, որ թեեւ արդեն հրապարակել եմ մի քանի հոդված, սակայն որոշեցի եւս մեկը գրել: Սակայն կարծում եմ, որ այս թեման անսպառ է: Այս անգամ կփորձեմ ներկայացնել անձնական դիտարկումներս, որոնք շաղախված կլինեն տարբեր աղբյուրներից քաղված հիմնադրույթներով:
Ամենասկզբից ցանկանում եմ ընդգծել, որ մարդկանց թվաքանակի մասին հայերեն «շատ» բառը Չինաստանի պարագայում պարզապես քիչ է: Կայարաններում, այգիներում, թանգարաններում, փողոցներում եւ ամեն տեղ նրանք շատ են ու շատ: Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ պարզապես ոչինչ չանող մարդու չտեսա: Բոլորը զբաղված են ու ինչ-որ բան են անում: Ընդ որում իրենց կատարածի կարեւորության զգացումով ու պատասխանատվությամբ: Այնպիսի տպավորություն է, որ ամբողջ երիրը վերածվել է առօրյա ռիթմով ապրող մեղվափեթակի: Ակամա հիշեցի, որ մարդկության տնտեսական քաղաքակրթության ավելի քան 11 հազ. տարիների ընթացքում աշխարհի բնակչության 25-50%- ը ապրած երկրում վերափոխություններ ձեռնարկելիս առաջին բանը, որ արվեց այս երկրում, սեփական ուժերին եւ ինքնուրույն զարգացմանն ապավինելն էր, միլիարդավոր հայրենակիցների իմաստությանը եւ ուժին ապավինելն ու վստահելը:
Ի դեպ, այդ երկրի վերափոխումներից իմ կարծիքով շատ բաներ են ընդօրինակելի Հայաստանի համար: Օրինակ այն, որ հարկավոր է ոչ միայն ներմուծման, ոչ էլ արտահանական կողմնորոշում որդեգրել, այլ աստիճանաբար դառնալ ինքնաբավ, որը հնարավոր կլինի «արժութային սահմանափակումների» հաղթահարմամբ եւ օտարերկրյա առաջավոր տեխնոլոգիաների եւ լայն ներդրումների միջոցով: Չինաստանի նման հարկավոր է հասնել այն բանին, որ ավելի կատարյալ արտասահմանյան տեխնոլոգիաներ ներդրվեն ներքին արտադրության ասպարեզում: Այդ նպատակով պետք է ընդլայնել արտահանումը եւ կրճատել արտաքին կախվածությունը:
Մեզանում էլ հարկավոր է իրականացնել գաղափարական կտրուկ նորացումներ, ինչպես դա արեց Դեն Սյաոպինի գլխավորած պրագմատիկների թիմը`լիովին հրաժարվելով կուսակցական դոգմատիկ ղեկավարումից, դեպի ոչ մի տեղ չտանող ձախ սոցիալիզմի ուղուց եւ պաշտպանեց ժողովրդի ինքնուրույնությունը, պայքարեց քաղաքակիրթ, ներդաշնակ արդիականացման համար: Չին տեսաբանների խորիմաստ ու պարզ ձեւակերպմամբՙ դրանում կա ուղղություն, բայց չկան ճանապարհային նշաններ, այսինքն` հարկավոր է «հատել գետըՙ շոշափելով քարերը» եւ այդ ընթացքում ցուցաբերել անհրաժեշտ «ճկունություն»: Մեզ համար ուսանելի է հատկապես նաեւ այն, որ նրանք առանց վարանելու որոշել են հասնել եւ անցնել առջեւից վազողին եւ առանց վարանելու ձեռնարկեցին անընդհատ փորձարկումների ու հետազոտությունների տեւական գործընթաց: Ընդ որում, փորձնական նախագծերը հովանավորվում են կառավարության կողմից: Հետաքրքրական եւ ուսանելի է նաեւ, որ մինչ այդ մարդիկ կարող էին բավարարվել բնակարանի էժան բաշխմամբ, իսկ հետո ստիպված էին բնակարան գնել շուկայում, ընդ որում որքան ավելի շուտ գնվի տունը, այնքան ավելի ցածր կլինի տան շուկայական արժեքը:
Նկատելի է նաեւ, որ չինական բարեփոխումների եւ բաց քաղաքականության ճանապարհը, որը գծվում է մշտական փորձարկման շնորհիվ, երբեմն նաեւ անորոշ է, բայց եւ միաժամանակ լի է ստեղծարարությամբ, հետազոտություններով եւ փորձություններով, ինչպես նաեւ ռիսկերով: Էական է, որ Չինաստանի տնտեսությունը շուկայական կողմնորոշման է դարձել երեք համադրության շնորհիվ (նոր եւ հին, պլանային տնտեսություն եւ շուկայական տնտեսություն) եւ ինտեգրվել տարածաշրջանային ու գլոբալ արտադրական ցանցերում: Մեզ համար ուսանելի է հատկապես նրանց այն սկզբունքը, որ շուկային կողմնորոշված «տնկիները հարկավոր է մանրակրկիտ եւ դանդաղ աճեցնել»: Իսկ շոկային թերապիան եւ մասնավորեցման արագ գործընթացը, որը վերանկախությունից հետո կիրառվեց ՀՀ-ի տնտեսությունում, հնարավորություն ընձեռեց ընդամենը փոքրաթիվ ընտրյալների ստանձնել նախաձեռնությունը եւ էժան գնել մյուս մարդկանց բաժնետոմսերը` այդպիսով վերածվելով հիմնական բաժնետիրոջ եւ ընկերության սեփականատերերի: Հետո էլ` շոկային թերապիայի դեպքում, ինչպես դա եղավ մեզանում, արժույթի փոխարկելիությունը եւ ազատ դրամական միջոցներով գործողությունները կարճ ժամանակամիջոցում հանգեցրին տեղական արժույթի զգալի արժեզրկմանը եւ ներմուծման հոսքին, որի արդյունքում փակվեցին շատ ձեռնարկություններ, շատերը կորցրին աշխատանքը եւ մարդկանց կենսամակարդակը կտրուկ ընկավ: Իսկ այնպիսի հզոր տնտեսություն ունեցող երկիր, ինչպիսին կատարյալ արդյունաբերական համակարգ ունեցող Ռուսաստանն էր, տնտեսական գերտերությունից վերածվեց հումքի եւ էներգիայի արտադրողի:
Ուսանելի է նաեւ չինական «հատուկ գոտիների» եւ տնտեսական համակարգում փորձարկումների փորձը: 1979թ. Գուանդունում եւ Ֆուձյանում կառուցվեցին չորս հատուկ տնտեսական գոտիներ, ինչպիսին են Շենչժենը, Չժուխայը, Շանթոուն եւ Սյամինը: Ավելի ուշ, կուտակված փորձի հիման վրա, դրանք մշտապես ընդլայնվեցին, եւ ավելացվեցին 14 մերձափնյա բաց քաղաքներ, իսկ այնուհետեւ այդ փորձը տարածեցին ամբողջ երկրում: Բնութագրական էր նաեւ այն, որ այդ ամբողջ ընթացքում շահույթի որոնման մոտիվացիայով ինքնատիպ «մրցակցություն» էր ընթանում «պլանային» եւ «ոչ պլանային» տնտեսաձեւերի միջեւ, որի արդյունքում ի վերջո ըստ նպատակահարմարության եւ արդյունավետության ցուցանիշի կիրառվում էր քննություն բռնած հաշվաձեւը:
Հատկանշական էր նաեւ, որ բարեփոխումների ընթացքում մշտապես քաջալերվում էին օտարերկրյա ներդրումները, բայց պարտադիր պայման էր, որ ստեղծվեին համատեղ ձեռնարկություններ չինական ընկերությունների հետ կամ համատեղ գործողություններ իրականացնեին, որպեսզի ապահովվեր չինական եւ արեւմտյան ընկերությունների ինտեգրումը: Դրա հետ միասին շարունակական տեղեկատվական հեղափոխության արդյունքումՙ Չինաստանը վերածվեց գլոբալ ներդրումային կետի` սահուն ինտեգրվելով միջազգային տնտեսությանը եւ կուտակեց արժութային պահուստների մեծ ծավալ եւ այսօր այդ ցուցանիշով գրավում է առաջին տեղն աշխարհում:
Մեր ընկալմամբ Չինաստանի բարեփոխումների եւ բաց համակարգի քաղաքականությունը ամփոփ տեսքով եղել է հետեւյալը. պլանային տնտեսությունից անցում շուկայականի, փակ դռների քաղաքականությունից անցում բացի: Դրա կողքին ներքին առաջարկը հիմնականում բավարարում էր ներքին պահանջարկը, ինչը հանգեցնում է տնտեսական դեֆիցիտի նվազման: Երկրորդՙ մեքենաները, սարքավորումները եւ տեխնոլոգիաները դարձան Չինաստանի զարգացման նոր ուղղությունը: Նկատենք նաեւ, որ Չինաստանի բարեփոխումների եւ բաց քաղաքականության գործընթացը լի է նաեւ անորոշությամբ եւ բազմաթիվ անարդար կողմերով: Բացի այդ, եկամուտների անհավասարությունը` պայմանավորված տնտեսական զարգացմամբ, անհավա- սարության խնդիրը դարձնում է խիստ ցավոտ: Պրոլետարիատը վերածվել է «բուրժուազիայի» եւ էլ ավելի է հարստանում, իսկ երկարաժամկետ հակակոռուպ- ցիոն մեխանիզմի ստեղծումը, որը կապահովեր երկարաժամկետ հակակոռուպցիոն էֆեկտ, որքան հասկացանք, դեռեւս շատ հեռու է կատարյալ լինելուց:
Մեր հանդիպում-զրույցների արդյունքում պարզեցինք, որ Հայաստանի համար արտահանական պոտենցիալ ունեն գյուղատնտեսական եւ գինու-կոնյակի արտադրանքը, թեթեւ ու գունավոր մետաղների վերամշակումը, թանկարժեք քարերի մշակումը եւ մտավոր պոտենցիալը: Կարելի է գտնել նաեւ մեր տեղը պաշտպանական արտադրանքի, նանոտեխնոլոգիաների, հաստոցաշինության եւ IT ոլորտներում: Հստակ է, որ հայ-չինական տարբեր մակարդակի հանդիպումներն առանձնահատուկ կարեւորություն ունեն ինչպես քաղաքական եւ աշխարհաքաղաքական, այնպես էլ երկու երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում արժե ընդգծել Հայաստանում տնտեսական դիվանագիտության համակարգի կայացման կարեւորությունը` համեմատականներ անցկացնելով Չինաստանի կողմից այս ուղղությամբ իրականացված գործունեության եւ Հայաստանի արդի խնդիրների միջեւ եւ դրանցից դասեր քաղել:
ԶԼՄ-ներում հաճախ կարելի է հանդիպել կոչերի, որոնցում տնտեսագիտական համայնքը որպես լավագույն տարբերակ համարում է ՀՀ տնտեսության առաջանցիկ կամ թռիչքաձեւ զարգացման մոդելի կիրառումը: Դրա իմաստն այն է, որ ոչ թե փորձել հասնել առաջատարներին, այլ կանխատեսել համաշխարհային տնտեսության զարգացման հետագիծը եւ գտնել ճանապարհ` թռիչք կատարելու ցանկալի կետին: Տվյալ քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմ է համարվում ճանաչողական եւ տնտեսական դիվանագիտության ինստիտուտը, որի գրեթե բոլոր փուլերով անցել է Չինաստանը եւ որը «Մեկ գոտի մեկ ուղի» ծրագրի շրջանակներում այսօր էլ հրաշալի կիրառում են մեր բարեկամ չինացիները` ՀՀ -ում գործող տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին իրենց երկիր հրավիրելով:
Թեեւ իսկապես հոգնեցուցիչ էր մեր ուղեւորությունը, բայց տպավորություններն այնքան հարուստ էին ու հիշվող, որ կարելի է տասնյակ հոդվածներ գրել դրանց մասին: Վերջում կուզենայի խմբի անդամների եւ անձամբ իմ անունից գոհունակություն եւ շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանությանը, անձամբ դեսպան պարոն Թիան Էրլունին եւ դեսպանատան աշխատակցուհի, մեր խմբին ամենուրեք ուղեկցող եւ մեր բոլոր ցանկություններին ունկնդիր ու պատրաստակամ կատարող գեղեցկուհի Սին Կեին գեղեցիկ, ուսանելի եւ տպավորիչ ուղեւորություն կազմակերպելու համար:
(Շար. 4 եւ վերջ)
01.08-31.08.2019