Սրճարանատեր Կրեկ Կերկերյանի հաջողության բաղադրատոմսերը
«Ինձ համար ճաշելու պահը մարդկանց հետ սեղանի շուրջ նստելն է եւ աշխույժ զրույցի բռնվելն է, ուրախ ժամանակ անցկացնելը: Տեսնել, թե ինչպես են մարդիկ իրենց օրն սկսում «Մսյո Սփուն» (Monsieur Spoon) սրճարանում, ուղղակի հրճվանք է պատճառում, որովհետեւ հասկանում ես, որ սա ավելին է, քան սոսկ բիզնես անելը: Սա մարդկանց ուրախություն եւ լավ տրամադրություն է պարգեւում», համոզված նշում է Բալիում (Ինդոնեզիա) 5 ֆրանսիական սրճարանների տեր Կրեկ Կերկերյանը (Greg Gergerian), որին էլ այս անգամ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ, «AGBU INSIDER» հանդեսիՙ հյուրընկալությանը նվիրված համարից:
Հակառակ այն հանգամանքին, որ երբեւէ չէր զբաղվել սրճարանային բիզնեսով, Կերկերյանը յոթ տարի առաջ մտահղանում է Փարիզից տեղափոխվել Բալի, ինդոնեզիական (Մալայան) արշիպելագի կղզիներիցՙ Ճավայի եւ Լոմբոկի միջեւ գտնվող այդ ցածր եւ միջին բարձրության հրաբխային լեռներով, խոնավ անտառներով, եւ հմայիչ օվկիանոսային տեսարաններով հարուստ վայրը եւ այնտեղ ընտանեկան բիզնես սկսել, բացելով առաջին փարիզյան սրճարանը կղզում:
Փարիզում նա ճարտարագիտություն էր ուսանել եւ ապա հաջողակ կարիերա ստեղծել բանկային բնագավառում: Բայց խոհանոցային ճաշատեսակների աշխարհը, որն իր մեջ ձեւավորվել էր փոքր տարիքից ականատես լինելով հայկական ավանդական հավաքույթների գործընթացներին, երբեք անտարբեր չէր թողել իրեն, եւ երբ առիթը ներկայանում է նյութական լավ փոխհատուցմամբ աշխատանքը թողնելու, նա իր զարմիկինՙ խմորեղեններ պատրաստող ավագ խոհարար Րաֆֆի Փափազյանին առաջարկում է ամբողջովին փոխել իրենց կյանքի ընթացքը եւ տեղափոխվել Բալիՙ հարավարեւելյան Ասիա:
«Ընկերներս ինձ խենթ համարեցին, որ Փարիզում ապահով իմ կարիերան թողնում ու հացաբուլկեղենի առեւտրով եմ ուզում զբաղվել անծանոթ Բալիում: Հայ լինելս օգնեց ինձ: Մենք գիտենք ինչպես հարաբերվել եւ աշխատել մարդկանց հետ աշխարհի ամենատարբեր մասերում: Բալին Ջակարտայի նման աշխույժ, եռուզեռային քաղաքներից շատ է տարբերվում: Այն բնական գեղեցկության եւ հոգեկան խաղաղության անմոռանալի վայր է եւ հենց դրանով է գրավում զբոսաշրջիկներին: Մտածեցի, որ ֆրանսիական հացաբուլկեղենն ու թխվածքը (անարատ կարագով պատրաստված «քրուասանն ու միլֆոյը») լավ հաջողություն կունենան այստեղ: Այդպես էլ եղավ: Մենք հաճախորդներին առաջարկում էինք այն, ինչ պակասում էր: Նրանց հաճախելիության կրկնապատկումն էլ մեզ ոգեւորում էր բարելավելու մեր առաջարկը», պատմում է Կրեկը:
Այժմ, յոթ տարի անց, «Մսյո Սփուն-ը» զբոսաշրջիկների եւ տեղացիների ամենասիրած վայրերից է, եւ ցանցն ընդգրկում է արդեն հինգ սրճարաններ կղզու տարբեր մասերում: Մեծացել է նաեւ սպասարկման շրջանակը: Հասարակության փոքրիկ հաճախորդների համար կազմակերպվում է թխվածքներ պատրաստելու եւ հյուրընկալելու դասընթացներ:
Անշուշտ, սկզբնական շրջանում դժվարություններ եղել են: Կերկերյանը հիշում է, թե ինչպես հեծանվով հյուրանոցների «շեֆ» խոհարարներին եւ լողափներում հանգստացողներին ներկայացնում էր իր առաջին արտադրանքը եւ փորձում համոզել, որ որակը գերազանց է: Իսկ զարմիկը զբաղված էր տեղական ալյուրն ու մյուս բաղադրիչները փորձարկելու գործով: Հետո եկավ առաջին սրճարանի տեղանքն ընտրելու պահը: «Պետք էր ուսումնասիրել տեղացիների սովորույթները, համեմատել տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների սովորույթների հետ, գտնել տարբերությունները եւ մատուցել այնպիսի արտադրանք, որ բոլորին գոհացնի: Կարեւորը սիրով ու նվիրվածությամբ կատարելն է քո գործը: Դու պետք է ինքդ համոզված լինես, որ արժեքավոր մի բան ես առաջարկում, որ ուրիշ ոչ ոք չի կարող առաջարկել»,- նշում է Կրեկը:
Այդ բոլորին նա ավելացնում է իր հարաբերությունները հայ ընկերների հետ, երբ Փարիզում հաճախում է ՀԲԸՄ-ի հայերեն լեզվի դասընթացներին:
«Մտերմիկ սոցիալական մթնոլորտը մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքում: Դասընթացների ժամանակ ձեռք բերած ընկերներիս շրջանակը հետագայում ընդարձակվել է հասնելով Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Հայաստան»:
Հայկական ժառանգությունը խոր արմատներ ունի նրանում: Տասնութ տարեկանում նա մտահղացել է հիմնել «Diaconnect» խորագրով մի ծրագիր-հիմնադրամ, որը կհովանավորեր Հայաստանի երեխաներին անցկացնելու իրենց ամառային արձակուրդները ճամբարներում եւ կվերանորոգեր դպրոցական շենքերը: Այնուհետեւ նա ձեռնարկել է «The Roots» (Արմատներ) անունով մշակութային կենտրոն-սրճարան բացել Ստեփանակերտում, Արցախում, որտեղ շաբաթական երեք օր հատուկ երաժշտական, սպորտային եւ ձեռքի աշխատանքների հմտությունների զարգացման միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար: Իսկ մեծերի համար պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ եւ համերգներ:
Չնայած «The Roots-ը» ընդամենը մեկ տարի է, ինչ գործում է, այն արդեն հայտնի է դարձել տեղացիների շրջանում, եւ Կերկերյանն այժմ մտածում է ընդարձակել իր գործունեությունը նաեւ Արցախում: «Մտածում եմ, գուցե, զբաղվել նաեւ մեղվաբուծությամբ: Այստեղ հրաշալի մեղր կա, որի մշակումը կարելի է զարգացնել եւ նորանոր աշխատատեղեր ստեղծել տեղացիների համար», համոզված է նա:
Հաջողություն մաղթենք նրան: