Սկիզբը` նախորդ համարում
Աշխարհի տարբեր երկրներում բազմաթիվ հայկական արժեքավոր հաստատություններ կան, որոնք պատմական նշանակություն են ունեցել հայկական ժառանգության պահպանման գործում: Բայց դրանց գտնվելու վայր հանդիսացող երկրների ժողովրդագրական տվյալների փոփոխության հետեւանքում դրանք դադարել են օգտավետ լինելուց: Մխիթարյան միաբանության կրթական առաքելությունն, օրինակ, գրեթե կազմալուծվել է դրանում անբավարար թվով երիտասարդ հոգեւորականների ներգրավվման պատճառով:
Մյուս կողմից, Հնդկաստանի երբեմնի բարգավաճ հայկական գաղութը անհետացել է, իր ետին թողնելով մի փոքրիկ կղզյակՙ Կալկաթայի մարդասիրական ճեմարան անվանումով: Բայց կան հաստատություններ, որոնք կենսունակ ու պիտանի լինելով իրենց համապատասխան համայնքներում եւ շարունակելով հանդերձ արդարացնել իրենց գոյությունն ու առաքելությունը, այնուամենայնիվ դատապարտված են ժամանակից շուտ «լքվածի» կարգավիճակում հայտնվել:
Նման հաստատություններից մեկը Նիկոսիայում (Կիպրոս) Մելգոնյան կրթական հաստատությունն է, որը «լքված» է այն իմաստով, որ այլեւս չի ծառայում հայոց ինքնության պահպանման գործին:
Մելգոնյանի հիմնադրումը պատասխան էր ժամանակի ողբերգական ճգնաժամի, բայց այն շարունակեց իր գոյության պատմության ընթացքում լուծումներ գտնել ամեն անգամ, որ հայկական տարբեր համայնքներում ճգնաժամեր էին առաջանում: 1915-ի ցեղասպանությունից հետո, հարյուր հազարավոր հայ որբեր անապատում չքավորության ու մահվան ճիրաններում էին հայտնվել, կամ էլ թողնվել օտար բարեգործական կազմակերպությունների կարեկցությանը: Կ. Պոլսո Զավեն Տեր-Եղիայան պատրիարքը այդ որբերից 300-ին տեղավորեց Մելգոնյան հաստատությունում, որն սկզբնական շրջանում գործում էր որպես որբանոց, նախքան գիշերօթիկ հանրակրթարան դառնալը: Հետագա տարիներին այնտեղ ապաստան գտան եւ կրթվեցին Իրանի հեղափոխությունից կամ Լիբանանի քաղաքացիական պատերազմից փախած բազմաթիվ ուսանողներ, ավելի ուշՙ Հայաստանից գնացած աղջիկներ ու տղաներ:
Հաստատությունը գտնվում էր իդեալական վայրումՙ Կիպրոս կղզում, եւ Իրաքի, Սիրիայի եւ այլ հայկական գաղութներին սպառնացող ճգնաժամերի օրերին շարունակեց իր դերակատարությունն ունենալ որպես անվտանգ ապաստարան բազմաթիվ հայ երիտասարդների համար: Տարբեր ժամանակներում հատատությունը որպես ակադեմիական կրթական օջախ է ծառայել այնպիսի ճանաչված գիտնականների, գրողների եւ հասարակական գործիչների համար, ինչպիսիք են Վահան Թեքեյանը, Հակոբ Օշականը, Վահե-Վահյանը, Գերսամ Ահարոնյանը, Հակոբ Թոփչյանը, Գրիգոր Կիրակոսյանը, Մուշեղ Իշխանը եւ շատ ուրիշներ:
Մելգոնյանի շրջանավարտները դարձան սփյուռքի մտավոր կյանքի խթանման առաջամարտիկները եւ ձեւավորեցին իրենց հայրենակիցների նկարագիրն ու կենցաղը:
Կրթօջախը հիմնել էին եգիպտահայ բարեգործ եղբայրներ Կարապետ եւ Գրիգոր Մելգոնյանները, որոնք լուծարելով ծխախոտի իրենց հսկայական արդյունաբերությունըՙ ստեղծեցին մի պատկառելի գումար, որն սկզբնական շրջանում պետք է վստահվեր Կ. Պոլսի հայոց պատրիարքարանին: Սակայն նշանավոր որոշ հայ առաջնորդներիՙ ներառյալ Մուշեղ արքեպիսկոպոս Սերոբյանի համառ ջանքերի շնորհիվ գումարի տնօրինումը փոխանցվեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, որն էլ հաստատության կրթական առաքելությունը ի կատար ածեց բարձր մակարդակով մինչեւ 2005 թվականը:
Մելգոնյանի փակումը այդ թվականին հասարակական մեծ աղմուկ բարձրացրեց: Կրթօջախի շրջանավարտները, հատկապես, զորակոչի ենթարկելով իրենց ջանքերը, փորձեցին բաց պահել հաստատության դռները, բայց ապարդյուն: Մելգոնյանը ուսանողների դիմումների քանակի պակաս չէր զգում: Ոչ էլ համապատասխան փորձառու դասախոսների պակաս: Այն պահպանում էր ակադեմիական բարձր մակարդակի իր վաստակած համբավը: Սակայն ՀԲԸՄ-ի ղեկավարությունը վճռեց, որ վարժարանը ի վիճակի չէ պահպանելու իր մակարդակը եւ պետք է փակվի: Ավելացնենք, որ վարժարանը նվիրատվությունների հիմնադրամ ուներ եւ պարտավոր էր Մելգոնյան եղբայրների կտակի դրույթներին համապատասխան գործել: Բացի այդ ՀԲԸՄ-ի հարգարժան առաջնորդներից, տեսլականի տեր Հայկաշեն Ուզունյանի նախաձեռնությամբ վարժարանի տարածքում շահութաբեր օբյեկտներ էին կառուցվել, հիմքը դնելով առեւտրական մի կենտրոնի, որի տարեկան եկամուտները, ըստ տվյալների, հասնում էին 650 հազար դոլարի: Կիպրոսի կառավարությունը նույնպես նեցուկ էր կանգնում հաստատությանը եւ հնարավորություն կար հետագայում հավելյալ դոտացիաներ ստանալ: Եթե մաթեմատիկական հաշվարկներում ինչ-որ հակասություններ կան, ապա ո՞ւր մնաց նորանոր ֆոնդեր ձեռք բերելու ղեկավարության պատասխանատվությունը: Մելգոնյանի փակումը 2005-ին համընկավ Կիպրոսի Եվրոմիության անդամակցությանը (2004-ին) եւ երկու մասնավորապես կործանարար քայլերի պատճառ դարձավ: Եվրոմիությունը արեւմտահայերենը դասել էր վտանգված լեզուների շարքը, եւ ակնկալվում էր, որ դրա պահպանման համար Մելգոնյանը, որպես Եվրոպայում գլխավոր կրթօջախ կստանա որոշակի նյութական օժանդակություն: Եվրոմիությանը անդամակցելու շեմին Կիպրոսի կառավարությունը իր ուշադրությունը բեւեռել էր փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրաՙ համահունչ լինելու համար եվրոպական մակարդակներին: Հայկական համայնքի եւ անշուշտ մյուս փոքրամասնությունների կարգավիճակը որպես հավաստագիր էր ծառայելու փոքրամասնությունների նկատմամբ վարած կառավարության քաղաքականությանը, սակայն Մելգոնյանի փակումը այդ ճգնաժամային օրերին ծանր հարված հասցրեց կառավարությանը: Դա՞ էր ՀԲԸՄ-ի ղեկավարության քաղաքական շրջահայեցողությունը:
Հակընդդեմ քայլը չուշացավ: Կառավարությունը մասնավոր (սեփական) ունեցվածքը հանրային տիրույթ դարձնելու իր իրավունքից օգտվելով տիրացավ Մելգոնյանի մի մասին, խոչընդոտելու համար ամբողջ կալվածքի վաճառքը, որն այդ ժամանակ գնահատվում էր ավելի քան 80 միլիոն դոլար: Մելգոնյանի փակումը մինչեւ օրս էլ մնում է թեժ քննարկումների առարկա: Բազմաթիվ պատճառներ եւ ենթադրություններ են առաջ քաշվում: ՀԲԸՄ-ի ղեկավարությունը ցարդ չի կարողացել համոզիչ պատճառաբանությամբ բացատրել փակման որոշումը, եւ դրա բացակայության պայմաններում հասարակությունը իր եզրակացություններն է անում: Գլխավոր փաստարկը կարծես վաճառքի շահութաբերությունն էր, որն էլ իր հերթին այլ խնդիր էր առաջացնում: Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը հիմք ընդունելով Մելգոնյանների կտակը, որը Կ. Պոլսո պատրիարքարանի տնօրինությանն էր հանձնում կալվածքը, դատի տվեց ՀԲԸՄ-ին, վրդովեցնելով բոլորիս այն հնարավոր տարբերակով, որ կալվածքի իրավասությունը կհանձնվի Թուրքիայում գտնվող մի կառույցի: Եթե ողջ լիներ պատրիարքն այսօր եւ ի վիճակի լիներ դատողություններ անել, իրավունք էր ունենալու հարցնելու ՀԲԸՄ-ի ղեկավարությանը, թե ի՞նչ եղան վաճառքից գոյացած գումարները:
Հիշեցնեմ, որ 1974-ին, երբ Թուրքիայի կառավարությունը ներխուժեց Կիպրոս, հույներին վախեցնելու նպատակով Մելգոնյան վարժարանն էլ դիտավորյալ ռմբակոծության ենթարկվեց թուրքական օդուժի կողմից, քանի որ այն հայկական պանծալի կրթօջախ էր հանդիսացել պատմության ամբողջ ընթացքում, իսկ թուրքերը միշտ էլ նողկալի են համարել հայկական կրթական հաստատությունները: Մի անեկդոտ կա սուլթան Աբդուլ Համիդի մասին, որն ասել է. «Ես ավելի շատ եմ վախենում Մխիթարյանների տպագրահաստոցներից (որոնք մեծ քանակությամբ խորագիտական գրքեր են լույս ընծայում), քան հայ «ահաբեկիչների» ռումբերից»: Այնպես որ, թուրքական կառավարությունը պետք է շարունակեր իր նախորդների կործանարար գործունեությունը: Դժբախտաբար Մելգոնյանի ջահը հանգցնողները դարձան ակամա մեղսակիցներ: Մելգոնյանի կալվածքը դեռ վաճառված չէ, այնպես որ, վստահ կարելի է ասել, որ նրա շիջումի պատճառներից մեկը, համենայնդեպս, փողը, կամ ընչաքաղցությունը չէ: Բայց, ինչն ավելի վատ է, ՀԲԸՄ-ի ղեկավարության շրջանում եւ հատկապես ներկա նախագահի, իմ հարգարժան ընկերոջՙ Պերճ Սեդրակյանի մտածելակերպում նշմարվում է կտրուկ շեղում հաստատության կրթական առաքելությունից եւ գաղափարախոսությունից:
Լուսահոգի Ալեք Մանուկյանը, ՀԲԸՄ-ի իր նախագահության տարիներին (1953-1989), իր անձնական կարողություններն էր տրամադրել կազմակերպության կրթական առաքելությանը զարկ տալու համար: Ավելին, ուրիշ բարեգործների էր ոգեւորել, որ հետեւեն իր օրինակին: Եվ պետք է երախտագիտությամբ հիշատակել, որ Հյուսիսյան, Նազարյան, Դեմիրճյան, Գույումճյան, Ծառուկյան, Հանեսյան եւ Պազարյան բարեգործները սիրահոժար միացան սփյուռքում դպրոցական ցանցի ընդլայնման կոչին: Մինչդեռ այժմ ՀԲԸՄ-ի ներկա ղեկավարությունը հակառակ դիրքորոշումն է որդեգրել:
Մելգոնյանը սառցաբեկորի երեւացող գագաթն էր միայն: Նույն ճակատագրին արժանացան նաեւ Պազարյան վարժարանը Սան Պաուլոյում (Բրազիլիա) եւ Ծառուկյան վարժարանը Տորոնտոյում (Կանադա): Կացնի հարվածը հասնելու էր նաեւ Դետրոյթի Մանուկյան վարժարանին, բայց բարեբախտաբար, այն վերածվեց չարտերային վարժարանի, որի ծախսերը հոգալու է պետությունը: Աթենքի Գալփաքյան եւ Սիդնեյի (Ավստրաիլա) հայկական վարժարանները փակման ենթակաների ցուցակում են: ՀԲԸՄ-ի վարժարանը Ուոթերթաունում փակվեց 1990-ական թվերին: Այն փաստը, որ նշված քաղաքներում ՀՅԴ կուսակցության հիմնադրած վարժարանները շարունակում են գործելՙ բավարար ապացույց է, որ համապատասխան հայկական համայնքներում աշակերտների թվի եւ առավել եւս ֆինանսական ռեսուրսների պակասը չկա:
Այդ իսկ պատճառով ՀԲԸՄ-ի ներկա ղեկավարությանը մեղադրում են անշրջահայաց լինելու, տեսլականի պակաս ունենալու, մեր ժառանգության պահպանման գործընթացը չշարունակելու եւ կրթական հաստատություններ ղեկավարելու հմտությունը չունենալու մեջ: Ներկա ղեկավարության կրթական փիլիսոփայությունն այն է (եւ այդ մասին հպարտությամբ նրանք հայտարարում են), որ հայկական ժառանգության պահպանումը հավասարազոր է այդ նույն հայկական համայնքները որոշակի «գետտոներում» պահելուն եւ վարժարանների փակումը ինչ-որ չափով ազատում է նրանցՙ ներկայի համահարթեցման (գլոբալիզացիայի) պայմաններում ապրելու եւ գոյատեւելու սահմանափակ տարածքներում:
Արդյոք պետք է հե՞տ կանգնենք վարժարաններ փակելու այս արշավը մեր ժառանգության պահպանման հանդեպ դավաճանություն անվանելուց:
Մելգոնյան կրթական հաստատությունը դեռեւս «լքված» կալվածք չի համարվում, սակայն կարծես թե այդ ճանապարհին է: Այս կործանարար արշավը առաջ է մղվում եւ անպատիժ մնում այն համոզմամբ, որ սփյուռքը գնալով ավելի է մասնատվում եւ գալու է ժամանակը, երբ ո՛չ արարքները քննադատող հասարակություն է լինելու, ո՛չ էլ որոշակի մի մարմին, որ պատասխանատվության ենթարկի այդ արարքները կատարողներին:
Թարգմանեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
(Շար. 2 եւ վերջը` հաջորդիվ)