ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է «Rakuten Viber»-ի հետ համատեղ նախագիծՙ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:
Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարեւորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջՙ թե՛ կարճ հաղորդագրություններում (SMS), թե՛ սոցիալական ցանցերումՙ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարեւոր մաս է:
Մասնավորապեսՙ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլեւս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլեւՙ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:
«Սոցիալական ցանցերում ստիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրե՛ք եւ ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերներ. «OK», «OMG», «Oooops», եւ այլն … Դրանք համատարած են եւ հասկանալիՙ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշՙ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն», – նշել է Յիրիկյանը:
Բաց աղբյուրների համաձայնՙ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածը «Viber»-ն է: Այս հանգամանքը հաշվի առնելով, որպես սոցիալական հարթակներում ազգայինը խրախուսող ընկերությունՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viber»-ի հետ համատեղ իրականացրել է եւս մեկ կարեւոր քայլՙ համացանցում մարդկանց շփումը հայերեն դարձնելու ուղղությամբ:
«Այսօրՙ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերներ: Ինչու՞ չասել «Բարեւ»ՙ «Hello»-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ «Good night», այլ ոչ թեՙ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:
Սոցիալական ցանցերի օգտատերերին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Viber-ը մաղթում են ուրախ եւ հաճելի ամառային շփումներՙ հորդորելով երեք ամիս անվճար ներբեռնե՛լ ու օգտագործե՛լ հայեցի պիտակներ (ստիկերներ) ու վայելել հայերենը «Viber» հավելվածում: