Եվրոպա-Իրան կապը թուլացնելու ձգտում
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հույս ունի Մեծ Բրիտանիան ներքաշել Թեհրանի հետ հակամարտության մեջ: «Մի մոլորվեք. այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնին չհաջողվեց Թրամփին ներքաշել հարյուրամյակի պատերազմի մեջ, նա, վախենալով իր «Բ խմբի» (Բենիամին Նաթանյահու, Բոլթոն, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի թագաժառանգ իշխաններ) տրոհումից, իր թույնն օգտագործում է Մեծ Բրիտանիայի դեմՙ հույս ունենալով նրան ներքաշել Իրանի հետ ճգնաժամի մեջ: Միայն հեռատեսությունն ու ողջախոհությունը թույլ կտան խուսափել դրանից», գրել է Զարիֆը իր թվիթթերյան էջում:
Իրոք, ո՞վ կարող է խելամտորեն բացատրել, թե ինչո՞ւ բրիտանացիները Ջիբրալթարի մոտ կալանեցին իրանական Grace լցանավը, իսկ հետո իրանցիները Օրմուզի նեղուցում նույն կերպ վարվեցին բրիտանական Stena Bulk լցանավի հետ: Տվյալ իրավիճակը մեկնաբանելովՙ բրիտանական The Independent թերթը գրում է, որ կա՛մ Լոնդոնը, կա՛մ էլ Թեհրանը ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ սրել է իրադրությունը: Ամենայն հավանականությամբ դա Լոնդոնի սխալն է, որը փորձել է պահպանել Իրանի հետ կնքված միջուկային բազմակողմ համաձայնագիրը: Հիմա, ինչպես ենթադրում է թերթը, Լոնդոնը ստիպված կլինի հետեւել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, եւ այդ շղթան կարող է առաջացնել Ֆրանսիայի եւ Գերմանիայի համապատասխան արձագանքը, որոնք կարող են Իրանի գործողությունները բնութագրել որպես էներգակիրների համընդհանուր մատակարարումներին սպառնացող վտանգ: Թեհրանն ունե՞ր արդյոք գործողությունների այլընտրական ծրագիր:
Երեւի ուներ, բայց նա կարծում էր, որ հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելը ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում թերեւս կարող է գնահատվել որպես թուլության նշան, ինչը անցանկալի կլիներ: Միեւնույն ժամանակ, ինչպես կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , սկսված լցանավային պատերազմը միջուկային նոր համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի անդրկուլիսյան բանակցությունների դրսեւորումն է: Վաշինգտոնը փորձում է փլուզել միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունների ճամբարը, Թեհրանին զրկել եվրոպական ուղղությամբ գործելու հնարավորությունից եւ մեն-մենակ մնալ նրա հետ: Պատահական չէ, որ լցանավային պատերազմը ծագեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այն փորձերի նախօրեին, որոնց նպատակն էր Ռուսաստանի, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ: Սակայն բրիտանական լցանավի կալանումը խոչընդոտ դարձավ դիվանագիտության համար:
Մեկ ուրիշ տարբերակ է Թեհրանին դեպի Ռուսաստան եւ Թուրքիա մղելը, մինչդեռ Թեհրանում որոշակի շրջանակներ ճգնաժամի հաղթահարման այլ ուղիներ են տեսնում: Պատահական չէ, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս արտաքուստ չպատճառաբանված այնպիսի հայտարարություններով, որոնց համաձայն ինքը չի ձգտում Թեհրանի վարչակարգի փոփոխմանը եւ փորձում է գտնել դիվանագիտական լուծումներ:Ավելին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին վկայակոչելովՙ Deutsche Welle-ն օրերս հաղորդեց, որ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու բալիստիկ հրթիռների շուրջ: Հարց է ծագում. Թեհրանից ո՞վ է նման ուղերձներ հղում ԱՄՆ-ին եւ առհասարակ հղո՞ւմ է արդյոք: Գոյություն ունի Իրանի պաշտոնական հայտարարություն, ըստ որի ինքը պատրաստ է սկսել բանակցություններ, միայն թեՙ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման դեպքում:
Մի խոսքով, այն տպավորությունն է ստեղծվում, թե Իրանի հետ կապված ճգնաժամը քողարկում է ինչ-որ անդրկուլիսյան դիվանագիտություն: ԱՄՆ-ը չի թաքցնում, որ դրա համար ինքն ունի համապատասխան միջոցներ: Համենայն դեպս, այդ մասին ասվում է գրեթե հրապարակայնորեն, ինչը կարելի է գնահատել որպես Իրանի վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության միջոց: Այժմ հընթացս խոսվում է Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգության ապահովման նպատակով ԱՄՆ-ի Sentinel գործողության ձեռնարկման մասին, որին պետք է մասնակից դառնան տարածաշրջանային պետությունները: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է դանիական Berlingske հրատարակությունը, իրավիճակը մնում է փակուղային, թեեւ Իրանն ու ԱՄՆ-ը հայտարարում են, որ իրենք պատերազմ չեն ուզում, այլ ընդհակառակը, ձգտում են լուծում գտնել բանակցությունների միջոցով: