Վերջերս ՀՀ էներգահամակարգում տեղի ունեցած վթարը տարբեր կարծիքների տեղիք տվեց: Քանի որ վթարի պատճառները հայտնի չեն հանրությանը, ապա կարելի է մի քանի ենթադրություններ անել:
Գաղտնիք չէ,որ Հայաստանի էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման եւ նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպիսի էներգետիկ համակարգ ստեղծել,որպեսզի կարողանանք աշխարհաքաղաքական, բնապահպանական, հնարավոր ոտնձգությունների, արտակարգ իրավիճակների, ռազմական գործողությունների ժամանակ հաղթահարենք կամ նվազ կորուստների գնով կարողանանք դուրս գալ ստեղծված վիճակից: Ներկայումս որքանո՞վ ենք պատրաստ:
Ընդհանուր առմամբ, էներգահամակարգի հարյուր տոկոսանոց աշխատանքի հուսալիություն գոյություն չունի: Էներգահամակագի տարբեր տեսակի վթարներ եղել են նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներում: Հայտնի է,որ եթե էներգահամակարգում էկեկտրական բեռնվածությունը կտրուկ ընկնում է, ապա համակարգի հաճախականությունը նույնպես փոքրանում է եւ կարող են առաջանալ տարբեր տեսակի անցանկալի երեւույթներ: Հասկանալի է, որ այս դեպքում էներգետիկ աղբյուրների հաշվին լրացվում է բացը եւ համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ: Այսինքն, տվյալ պահին արտադրվում է այնքան էլեկտրական էներգիա, որքան անհրաժեշտ է սպառման համար: Հաճախականությունը մեր համակագի համար կազմում է 50 հերց: Բնական է , որ բեռի պակասորդի դեպքում այս ցուցանիշը ընկնում է եւ մեծ խնդիրներ կարող են առաջանալ էլեկտրական էներգիայի սպառման համակարգում:
1965թ. նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում եւ Կանադայում վթարի պատճառով 30 միլիոն մարդ մնաց առանց էլեկտրականութան: 1977թ. Հուլիսի 13-ին կայծակի հարվածից վնասվեց էլեկտրահաղորդման գիծը եւ 25 ժամ հոսանք չտրվեց Նյու Յորք քաղաքին, իննը միլիոն մարդ մնաց առանց էլեկտրականութան: 2012թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ վթար Կուբայի էներգահամակարգում եւ այլն:
Եթե վթարի պատճառը Իրանական էներգահամակագի հետ է կապված, ապա մեր էներգահամակարգը կարող էր համարժեք պատասխանել: Առայժմ մասնագիտական տեսակետից անչափ դժվար է եզրակացություն հայտնել եւ փորձել տարբերակներ փնտրել: Սակայն մի բան պարզ է, որ կատարելությունը սահման չունի: Անընդհատ անհրաժեշտ է զարգացնել մեր երկրի էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը տարբեր դժվարին պայմաններում հուսալի եւ կայուն աշխատելու համար: Աշխարհի բոլոր երկրներում նմանատիպ աշխատանքներ կատարվում են:
Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական եւ այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ:
Թերեւս ճիշտ կլիներ ՀՀ կառավարությանը կից ունենալ հասարակական հիմունքներով մշտական գործող էներգետիկական հանձնաժողով: Այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել եւ արժեքավոր առաջարկություններ անել հետագա լուծման համար:
Տողերիս հեղինակի կողմից ՀՀ Էներգետիկ անվտանգության հետ կապված բազմաթիվ առաջարկներ վերջին տասնամյակների ընթացքում տպագրվել եւ շարունակվում են տպագրվել «Ազգ» շաբաթաթերթում:
ՀՀ պետական պարգեւների ցանկում «ՀՀ վաստակավոր ինժեներ» կամ «ՀՀ վաստակավոր էներգետիկ» պարգեւները բացակայում են: Անհրաժեշտ է մտածել այս մասին: Հայ էներգետիկների հմուտ եւ գրագետ աշխատանքի արդյունքում դեռեւս 1990-ական թվականների դժվարին ճգնաժամային ժամանակահատվածում կարողացանք հաղթահարել բազմաթիվ բարդություններ: Այս հարցում տարակույս լինել չի կարող: Հայ էներգետիկները աշխատում են գիշեր ու ցերեկ, տիրապետում են մասնագիտության բոլոր գաղտնիքներին եւ բարձր են պահում մասնագիտության պատիվը: Անշուշտ, նրանք պետականորեն խրախուսման կարիքն ունեն:
Անհրաժեշտ է մշակել ՀՀ էներգետիկ զարգացման նոր ռազմավարություն եւ մարտավարություն եւ փուլ առ փուլ այն իրականացնել: