Ռամկավար Ազատական կուսակցության հերթական համագումարին նախապատրաստվելու, երկրում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները նկատի առնելով եւ մեր հետագա անելիքները հստակեցնելու համար տեղի ունեցած հերթական քննարկման ժամանակ տարակարծություն առաջացավ «ընդդիմություն» հասկացության, դրա էության եւ մեր օրերում հասարակության կողմից ընկալումների վերաբերյալ: Հենց այդ հանգամանքն էլ այս հոդվածը գրելու առիթը եղավ:
Սկսենք նրանից, որ «ընդդիմություն» հասկացությունը (հակառակություն, ներհակություն), ռուսերեն` сопротивление, противодействие, անգլերեն` opposition, պետք չէ շփոթել «քաղաքական ընդդիմության» հետ: Վերջինը ժամանակակից քաղաքական համակարգերի բնութագրիչներից մեկն է եւ կոչված է գործող իշխանության կողմից անտեսված խնդիրները բարձրաձայնել եւ հետամուտ լինել դրանց կատարմանը: Ընդ որում, միակենտրոն քաղաքական համակարգերում պետական իշխանության հետ ցանկացած հակասություն եւ ընդունած որոշումների հետ անհամաձայնություն համարվում է պետական դավաճանություն, հետապնդվում են ու պատժվում: Մրցակցային քաղաքական համակարգերում ընդդիմության խելամիտ գործունեությունը ողջունելի է եւ ապահովում է համակարգի ճկունությունը: Օրինակՙ Մեծ Բրիտանիայում գոյություն ունի «Նորին գերազանցության ընդդիմություն» ինստիտուտը, այսինքն թագուհու կամ թագավորի պատվարժան ընդդիմությունը, որը նույնպես միապետինն է, ինչպես իշխանությունը, իշխող ուժը:
Քաղաքական ընդդիմության ճշգրիտ սահմանում չկա: Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ դրա իրավաբանական ամրագրումը եւս բացակայում է: Ամենապարզ սահմանմամբ` որեւէ երկրում գործող բոլոր այն քաղաքական կուսակցություններն ու կառույցները, որոնք չեն մասնակցում երկրի կառավարմանը եւ մաս չեն կազմում իշխանություններին, անվանվում են ընդդիմություն:
Քաղաքագիտական գրականության մեջ (Զորկին, Ավերյանով, Վասիլեւ եւն) սահմանվում է, որ քաղաքական ընդդիմությունը ակտիվ անհատների կազմակերպված խումբ է, որը միավորվել է ընդհանուր շահերի, արժեքների, նպատակների գիտակցումով եւ պայքարում է քաղաքական իշխող սուբյեկտների դեմ` պետական իշխանական համակարգում իր հերթին դոմինանտ դիրք զբաղեցնելու ձգտումով:
Ընդունված է համարել, որ ընդդիմությունը բնութագրվում է իշխանությամբ, այսինքն` ինչպիսին է իշխանությունը, այդպիսին կլինի նաեւ ընդդիմությունը: Մեր երկրում ընդդիմության գաղափարը շարունակաբար վարկաբեկվել եւ վարկաբեկվում է եւ ընդդիմությունը ներկայացվում զուտ որպես իշխանությանը հակադրվող, նրան ժխտող, նրան բացառող ուժ, որն այնքան էլ ճիշտ չէ: Ընդդիմությունը բնութագրվում նաեւ քաղաքական իշխանությանը հասնելու ձգտումով: Քաղաքական ընդդիմությունը նաեւ պայքարում է համակարգի ռեսուրսները հօգուտ իրեն օգտագործելու համար (Rogers M.F.): Այդ ռեսուրսներն ենՙ սոցիալական կարգավիճակ, ֆիզիկական հմայք, խարիզմա, որոնք ապահովում են հիմնարկության տնօրինում, ազդեցիկ դեմքերի եւ հեղինակությունների մոտ մուտք ունենալու հնարավորություն, տարբեր տեսակի սեփականություն, ԶԼՄ-ների տնօրինում, բռնության կիրառման հնարավորություն, ֆինանսներ, գաղափարախոսություն եւ այլն:
Լինում են` կուսակցական, խմբային, սկզբունքային, հանդուրժողական, քաղաքական եւ տնտեսական, բացահայտ եւ անլեգալ, կառավարամետ, չեզոք, անհաշտ եւ այլ ընդդիմության տեսակներ: Ընդդիմության ռազմավարությունն ու պայքարի մեթոդները բազմատեսակ են: Ընդդիմությունը հասարակության այն խնդիրների արտահայտողն է, որոնք անտեսվում են իշխանությունների կողմից: Այն հասարակություններում, որտեղ կա ընդդիմություն, դժվար է լինում ձեւավորել իշխանության կողմից առաջ քաշված մեկ միասնական նպատակ, քանի որ ընդդիմության պատասխան գործունեությամբ պայմանավորված` միշտ առաջանում են անհամաձայնություններ, որոնք կարող են նաեւ վերաճել կոնֆլիկտների, ընդհուպՙ իշխանության անկում, եւ նոր ընտրությունների միջոցով իշխանության նվաճում:
Քաղաքական ընդդիմության առաջացման պատճառները հիմնականում նույնն են: Դրանք են` հասարակության շերտավորվածությունը, սոցիալ-տնտեսական անհավասարությունը, ընդդիմություն-կառավարություն փոխհարաբերությունների սրումը, ազգային խտրականությունը, իշխանությունների նկատմամբ հասարակության մեջ առկա դժգոհությունների աստիճանը եւ այլն: Օրինակ, մեզանումՙ խորհրդարանական եւ այլ ընտրությունները, «Էլեկտրական», բնապահպանական եւ «Ջրային» պայքարները, սոցիալ-կենցաղային տարբեր առիթները եւ այլն:
Ընդդիմությունը սովորաբար բաղկացած է լինում գործողներ, գործունեության ոլորտ, վարք եւ ռազմավարություն բաղադրիչներից: Ընդդիմության կրողները կարող են լինել կուսակցությունները, երբեմն էլ` անհատները, որոնք կարող են առաջ քաշել հակադիր գաղափարներ:
Ընդդիմության գործունեության ոլորտը սովորաբար խորհրդարանն է, իսկ հիբրիդ ռեժիմների պայմաններում կարող է ծավալվել հրապարակներում կամ նույնիսկ ընդհատակում: Ընդդիմության կարգավիճակով կարելի է բնութագրել յուրաքանչյուր ռեժիմ: Այս առումով հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել մեր երկրում: Իշխանությունն ինքը դեռեւս դուրս չի եկել ընդդիմադիրի կերպարից եւ փորձում է իր ազդեցությունը զանգվածների վրա պահել այս կերպով: Քանի որ նախորդների ժամանակ ժողովրդի վիճակն այնքան էր վատ, որ մեծամասնությունը դարձել էր ընդդիմադիր: Կարճ ասած` ընդդիմադիր լինելը մի տեսակ մոդա էր դարձել, որն էլ իներցիայով շարունակվում է նաեւ այսօր: Այնինչ, մերօրյա իշխանություններն օր առաջ պիտի դուրս գան այդ կեցվածքից, դադարեն որպես առավելություն մատնացույց անել իրենց ընդդիմադիր եղած ժամանակ արած հերոսությունները եւ լծվեն ստեղծագործ աշխատանքի: Միայն այդ դեպքում պարզ կդառնա, թե որքանով են նրանք ժողովրդի մասին մտածում, երբ վերացնեն արտագաղթը, մանկավարժի, գիտնականի, հասարակ աշխատավորի կիսամուրացիկի կարգավիճակը, լուծեն անվտանգության խնդիրը եւ այլ` մեկը մյուսից կարեւոր հիմնահարցեր:
Որեւէ երկրի ժողովրդավարացման գործընթացի եւ ժողովրդավարության մակարդակը կամ աստիճանը կարելի է որոշել նաեւ ընդդիմությունով: Հնարավոր է վարչակարգի հետագա հնարավոր զարգացումը եւս կանխագուշակել իշխանության եւ ընդդիմության միջեւ յուրահատուկ փոխհարաբերությունների միջոցով:
Ընդդիմության գործունեության բացակայության պայմաններում անհնար է պատկերացնել ժողովրդավարական հասարակության կայացումն ու զարգացումը: Ընդ որում զարգացած ժողովրդավարության պայմաններում ընդդիմադիր քաղաքական ուժերը նույնպես ընդունում են հստակ ամրագրված «խաղի կանոններ», եւ իշխանության հասնելու միակ լեգիտիմ միջոցը ազատ եւ արդար ընտրություններն են: Ընդդիմությունը հանդես է գալիս որպես իշխանություն-ընդդիմություն համակարգի կարեւոր բաղկացուցիչ տարր:
Մեր երկրում, օրինակ, քանի դեռ ժողովրդավարացման գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ, ավարտված չէ նաեւ ընդդիմությանՙ որպես ժողովրդավարական ինստիտուտի, կայացման գործընթացը: Ընդդիմությունը պիտանի է հատկապես ժողովրդավարական երկրներում, իսկ մեզ մոտ դեռեւս «պայքար է գնում իսկական» ընդդիմություն դառնալու համար եւ դրա ազդեցությունն առայժմ ավելի շատ թվացյալ է: Ընդդիմության դերակատարները սովորաբար կուսակցություններն են, որոնց արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ է, որ ԶԼՄ-ները ազատ լինեն:
Ցանկանում եմ ընդգծել նաեւ, որ ՀՀ Երրորդ հանրապետության բոլոր տարիներին արվել է ամեն ինչ ընդդիմության գաղափարը վարկաբեկելու եւ արժեզրկելու համար: Սկսած արհեստածին (նախկինում` կոոպերատիվ էին ասում, այժմ` ֆեյք) կուսակցություններ հիմնելուց, այս կամ այն հնարովի կամակատարին ընդդիմության առաջնորդ սարքելուց, վերջացրած կաշառատվությամբ կամ այլ ձեւով դրանց «փչացնելով»: Հենց այս պատճառով մեր քննարկումների ժամանակ կարծիք հնչեց ընդդիմության փոխարեն մեկ այլ բառ գտնել, որովհետեւ ժողովուրդը հոգնել է այդ ֆեյքային վիճակներից եւ ցանկանում է իսկական իշխանություն եւ իրական ընդդիմություն ունենալ:
20-20.06.2019