Անցնող տարին ՀՀ որոշ մարզերում, գյուղատնտեսության առումով, արդյունավետ չեղավ: Որպես սեփական աչքերով տեսածի օրինակՙ բերեմ Գեղարքունիքի մարզը: Թեեւ պտղատու ծառերի մասով բողոքներ չկան, քանի որ սպասվածից մի բան էլ ավել է բաշխել բնությունը, բայց վերջինս խիստ ժլատ է գտնվել ցանքատարածությունների ու անասնակերի հարցում:
Եթե նախորդ տարիներին կարելի էր առվույտի մեկ հեկտար ցանքատարածությունից ստանալ մինչեւ 180, նույնիսկ 200 խուրձ, այս տարի 50 խուրձն արդեն լավ արդյունք է: Պայմանավորված նշյալովՙ տարածքում խոտի մեկ խուրձն արդեն արժե 1000 դրամ, որն աշնան սկզբին, անուշտ, էլ ավելի կթանկանա: Նույն արդյունքն են խոստանում նաեւ գարու ու ցորենի դաշտերը: Դրանցից կան այնպիսիները, որոնց խիստ թերաճի պատճառով համապատասխան տեխնիկան չի կարողանա հնձել դրանք, այսինքնՙ գյուղացու ամբողջ տարվա սպասելիքներն ու տանջանքն այդպես էլ մնում են դաշտերումՙ մկներին ու թռչուններին կեր:
Այս ամենն արդեն հուշում է, որ այս տարվա աշնան վերջին, անասնակերի բացակայության հետեւանքով տարածաշրջանում խիստ նվազելու է ընտանի կենդանիների քանակը: Ոմանք դրանք վաճառելու են վարուցանքի համար ձեւակերպած վարկերը մարելու, ոմանք էլՙ մի կերպ գոյատեւելու համար, վերջին հաշվովՙ ինչո՞վ պահեն, եթե կեր չկա: