Մայիսի վերջին Լատվիայի խորհրդարանըՙ Սեյմը, երկրի նախագահ ընտրեց 63-ամյա Էգիլս Լեւիտսին , որը հայտնի է իր ընդգծված նացիոնալիստական հայացքներով, մոլի ռուսատյացությամբ եւ սովետատյացությամբ:
Սակայն երեւույթի ամենաուշագրավ կողմը թերեւս այն է, որ Լատվիայի նոր ղեկավարն ազգությամբ հրեա է, ծնվել է ինժեներ Յոնաս Լեւիտսի ընտանիքում: «Հորս բոլոր բարեկամները սպանվել են Հոլոքոսթի ժամանակ»ՙ ասում է Էգիլս Լեւիտսը:
Ինչու են ռուսաստանյան լրատվամիջոցները շեշտադրում նրա հրեական ծագումը, առավել եւս, որ Լեւիտսը ինքն իրեն լատիշ է համարում, խնդիր է դնում հավատարիմ մնալ «լատիշական Լատվիա» սկզբունքինՙ լատիշական ազգ, լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, ռուսաց լեզվի արգելում, ռուսական դպրոցների փակում, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացում եւ այլն: Այսինքն, ունենալով հրեական ծագում, ավելի շատ է լատիշ ձեւանում, քան լատիշներն իրենք:
Մինչդեռ այս գաղափարներով հրեա Լեւիտսը էլ ավելի կվատթարացնի Լատվիայի առանց այն էլ անմխիթար վիճակըՙ կանխատեսում են ռուս մեկնաբանները: Ճողոպրեցին Ռուսաստանից դեպի Եվրոպա, եւ ի՞նչ շահեցին: Երբեմնի ինդուստրիալ երկրի ստվերն է մնացել: Սակայն որպես երկրի կործանման գլխավոր շարժիչ ուժ նշվում է ժողովրդագրական գործոնը: Խորհրդային Միության կազմում բոլոր երեք մերձբալթյան հանրապետություններում բնակչության աճը բնորոշվում էր դրական ցուցանիշներով: Իսկ ահա ըստ 2018 թվականի ցուցանիշների, բնակչության կորստով Լատվիան առաջատարն է երեքի մեջՙ -27 տոկոս (Լիտվանՙ -24, Էստոնիանՙ -15 տոկոս): Կենսագոյության որոնումներով բոլոր երեք հանրապետությունների բնակիչները արտագաղթում են Եվրոպայի առավել զարգացած երկրները: Եվ ռուս փորձագետները համոզված են, որ իր անսանձ ռուսատյացությամբ հրեա ղեկավարը ոչ մի բարիք չի բերի լատիշ ժողովրդին, Եվրոմիությունը չի փրկի Լատվիային:
Դառնանք մյուս հրեային: Բնավ էլ չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ռուսաստանյան լրատվամիջոցների քննարկման կարեւորագույն թեմաներից մեկը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, նրա նորընտիր ղեկավարի անդրանիկ քայլերը, եւ իհարկեՙ նույնքան նրա հրեական ծագման գործոնը: Արդարեւ, համաշխարհային մակարդակով հաճախ չես տեսնի, երբ ծայրահեղ նացիոնալիստական կրքերով տապակվող ոչ հրեական պետության հրեա ղեկավարըՙ Պորոշենկոՙ Վալցմանը գահը զիջի ոչ թե բնակչության ավելի քան 90 տոկոսը կազմող ուղղափառ բնիկների ներկայացուցչին, այլ իր ցեղակցին: Հատուկ ուշադրություն էր հրավիրվում այն նույնքան «արտառոց» երեւույթի վրա, երբ հուդայական կրոնը դավանող Զելենսկին երդմնակալության արարողության ժամանակ ձեռքը դրել էր… քրիստոնեական Սուրբ Ավետարանի վրա: Եթե հանգամանքները պահանջեին, նորաթուխ այլադավան նախագահը չէր խորշի նույնիսկ Ղուրանիցՙ չարախոսում են ռուս նացիոնալիստները: Մոլորվում ես այն բոլոր հավաստիացումների առատությունից, որ Զելենսկին հարում է ծայրահեղ օրթոդոքսալ խասիդական Խաբադ Լյուբավիչ աղանդին, ակտիվ մասնակից է Դնեպրոպետրովսկում Խազարական նոր խաքանությանՙ կագանատի ստեղծման ծրագրերին, խասիդ-խաբադնիկ է, իսրայելական հետախուզության հսկողության ներքո գործող համաուկրաինական կրոնական համայնքի ներկայացուցիչ եւ այլն, եւ այլն: Երդմնակալական ելույթի ընթացքում Զելենսկին Իսրայելը հիշատակեց այն պետությունների շարքում, որոնցից Ուկրաինան պետք է օրինակ վերցնի: Նա կոչ արեց ուկրաինացիներին իրեց երկիրը պաշտպանել այնպես, ինչպես դա անում են իսրայելցիները:
Բայց ի՞նչ արեց Ուկրաինայի համար Պորոշենկոՙ Վալցմանը (անձնական հարստությունը բազմապատկելուց բացի), որ ի՞նչ անի Զելենսկին: Առաջինը մասնատեց, քայքայեց երկիրը, բնակչության քանակը կրճատեց ավելի քան 10 միլիոնով: Երկրորդի գործողությունները, Պուտինի սրամիտ արտահայտությամբ, հիշեցնում են նրա հիմնական մասնագիտությունըՙ կատակերգակի: Վալցմանի պես Զելենսկու սիրտն էլ չի ցավի ո՛չ Ուկրաինայի, ո՛չ էլ ուկրաինացիների համար:
Ի՞նչու ենք այսքան խորանում ուրիշ երկրների կյանքի, նրանց ղեկավարների յուրահատկությունների մեջ,երբ մեզանում էլ ընդհանուր վիճակը շատ հեռու է բարվոք լինելուց: Պարզ մի համեմատության համար: Առհասարակ այդ նույն Ուկրաինայում, Մերձբալթիկայում, Ռուսաստանում լայնորեն տարածված է այն քաղաքական մտայնությունը, թե իրենց բոլոր անհաջողությունների ու ձախողումների մեջ ի վերջո մեղավոր են հրեաները: Անկախ այն բանից, պետության ղեկավար են նրանք, թե ոչ: Յուրօրինակ քավության նոխազ:
Իսկ հիմա նայենք մեր ներհայաստանյան իրողություններին: Գո՞հ ենք մենք մեր նախկին բարձրագույն ղեկավարներից, որոնց անձնական հարստության մասին օր-օրի բազմապատկվող լուրերն ու տվյալները պարզապես հուսահատեցնում են մարդկանց: Մինչդեռ մենք զրկված ենք մեր տապալումները հրեաներով թե ուրիշներով արդարացնելու «երջանիկ» հնարավորությունից, քանզի «մերոնք» բոլորն էլ զտարյուն հայեր են: Մենք միայն մեզ պիտի մեղադրենք սեփական անկարողությունների մեջ: Ի՞նչ զգացումներ ենք տածում մենք մեր նախկին ղեկավարների նկատմամբ: Հայաստանում այսօր գերազանցապես խորհրդարանական ընտրություններում խայտառակ պարտություն կրած քաղաքական ուժերի կողմից դժգոհության խրոխտ ձայներ են հնչում, թե ներկա իշխանությունները ի՞նչու են փորփրում մոտ անցյալը, փոխանակ պայծառ հայացքը հառելու լուսավոր ապագային: Եվ այդ այն դեպքում, երբ նույն հանրապետականներն իրենք, օգտվելով խոսքի ազատության նորաստեղծ ժողովրդավարական հնարավորությունից, անմնացորդ «մերկացնում են» նոր իշխանությունների բոլոր «աղաղակող» թերությունները: Տարրական ինքնաքննադատության կատարյալ բացակայության պայմաններում (արդյո՞ք պաթետիկ է մարդկանց հարցադրումըՙ ի՞նչու է լռում Սերժ Սարգսյանը): Սակայն կա՞ պետական գործչին, գործող թե պաշտոնաթող, առնվազն սթափեցնելու ավելի ազդեցիկ միջոց, քան նրանց կատարած անարդարությունների ու հանցագործությունների բացահայտումը օրինական-դատական կարգով: Բոլորի աչքի առաջ: Առանց մեղքը բարդելու ուրիշների վրա, պարտադիր չէՙ հրեաների: Կա՞ ավելի մեծ դաս երկրի գալիք ղեկավարների համար, որ մտածեն պատասխանատվության մասին: Չէ՞ որ նախկինՙ ներկայումս մեղադրվող ղեկավարները գործել ենՙ վստահ լինելով իրենց ա ն պ ա տ ժ ե լ ի ու թ յ ան մեջ: Ո՞րտեղից երաշխիք, որ նոր իշխանությունները եւս չեն հրապուրվի սեփական գրպանի հարստացման գայթակղությամբ, եթե չգործի պատժելիության օրինական սկզբունքը: Միթե պարզ չէ, որ եթե, աստված չանի, Փաշինյանն էլ տապալվի ու Սերժ Սարգսյանի պես նվիրաբերվի տարբեր առիթներով ծաղկեպսակներ դնելու սուրբ արարողակարգերին, ապա իրողություն կդառնա վերջնականապես հուսալքված մարդկանց նոր զանգվածային արտահոսքը անբարեհույս երկրից:
Այսօր Ուկրաինայում քրեական գործեր են հարուցում Պորոշենկոյի դեմ: Եվ կրկինՙ իսկ ինչո՞ւ չի կարելի դատական պատասխանատվության ենթարկել սեփական «վալցմաններին»: Ի դեպ, Ռուսաստանում Պուտինին ներկայացվող գլխավոր մեղադրանքներից մեկը համարում են այն, որ նա այդպես էլ լույս աշխարհ չհանեց երկիրը քայքայման եզրին հասցրած Ելցինի, մասամբՙ հրեաների մեղքերը: