Վերջին երեք ամիսներին թուրք հասարակության ողջ ուշադրությունը, որպես օրակարգի առաջնահերթ խնդիր, սեւեռված էր Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների վրա: Թեեւ մարտի 31-ին, Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակում ստամբուլցիները քաղաքապետ էին ընտրել Քեմալ Քըլըրդարօղլուի Ժողովրդա-հանրապետական եւ տիկ. Մերալ Աքշեների «Լավ» կուսակցությունների դաշինքի թեկնածու Էքրեմ Իմամօղլուին, սակայն նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը, չհամակերպվելով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի պարտության հետ, առարկեց:
Տեղի տալով Էրդողանի առարկությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ վերահաշվարկեց քվեները, որի արդյունքում Իմամօղլուի եւ Յըլդըրըմի ստացած ձայների տարբերությունը 27 հազարից կրճատվեց 13 հազարի, ապա մայիսի 6-ին անվավեր ճանաչեց ընտրության արդյունքները: Կրկնակի ընտրությունները նշանակվեցին հունիսի 23-ին: Հանձնաժողովի այս անհիմն որոշումը բուռն հակազդեցություն առաջ բերեց ոչ միայն Ստամբուլում, այլեւ ամբողջ երկրում, որի թիրախը դարձավ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» ու «Դեւլեթ Բահչելի» Ազգայնական շարժում կուսակցությունների դաշինքը, Էրդողանն առավել եւս:
Այս ամենը մեծապես նպաստեց Իմամօղլուի ժողովրդականության աճին, աննախադեպ բարձրացավ նաեւ նրա վարկանիշը ինչպես Ստամբուլում, այնպես էլ ողջ Թուրքիայում: Երկրի բովանդակ հասարակայնությունը, առաջադեմ մտավորականությունը, հասարակական կազմակերպությունները, քաղաքական ոչ խորհրդարանական գրեթե բոլոր կուսակցությունները սկսեցին աջակցել Իմամօղլուին: Նրան աջակցեց նաեւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը կրկնակի ընտրություններում զգալի կանխորոշեց վերջինի հաղթանակը, այն առումով, որ 16 միլիոնանոց Ստամբուլի բնակչության 2 միլիոնը քուրդ են, այսինք ավելի շատ, քան «Հյուսիսային Քուրդիստանի» մայրաքաղաք հորջորջվող Դիարբեքիրում:
Թերեւս այդ էր պատճառը, որ Էրդողանի կարգադրությամբ 8 տարվա ընդմիջումից հետո PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի կալանավայր Իմրալի կղզի գործուղվեցին վերջինի փաստաբանները, նաեւ մի թուրք գիտնական: Ապա թուրքական հանրային հեռուստատետությունը եթեր տրամադրեց Օջալանի հետախուզման մեջ գտնվող եղբորըՙ Օսմանին, որ իրենց ձայնն ընտրություններում Էրդողանի թեկնածու Յըլդըրըմին տալու կոչով դիմի Ստամբուլի քրդերին: Փաստաբաններն էլ Օջալանի նամակը բերեցին, որտեղ նա քուրդ բնակչությունից պահանջում էր տեղի չտալ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Իմամօղլուին աջակցելու կոչերին:
Ստամբուլն ունի 10.5 մլն ընտրող: Մարտի 31-ին 1.7 մլն ընտրող չէր մասնակցել ընտրություններին: Էրդողանը հունիսի 23-ի ընտրություններին, բացի քրդերից, չմասնակցած ընտրողներին եւս ներգրավելու հաշվարկներ էր անում: Քարոզարշավի ընթացքում, սակայն, Էրդողանը զգաց, որ հաշվարկները չեն արդարանում, անձամբ իջավ ասպարեզ: Հանրահավաքներն արդեն ինքն էր վարում, ընդ որումՙ առանց Յըլդըրըմի: Մինչդեռ ինքը երկրի նախագահն էր, անկողմնակալ լինելու սահմանադրական երդում էր տվել:
Այս հանգամանքը տարակուսանք առաջացրեց ընտրողների մոտ: Նրանք սկսեցին մտածել, որ Յըլդըրըմին ընտրելու դեպքում Ստամբուլը ղեկավարելու է ոչ թե ընտրված քաղաքապետը, այլ Էրդողանը, այն էլ Անկարայից: Ընտրողների տարակուսանքը վերաճեց զայրույթի, երբ նախագահ Էրդողանը սկսեց անձնական վիրավորանքներ հասցնել արդեն իսկ ընտրված, բայց Էրդողանի կամակորությամբ քաղաքապետի մանդատից զրկված Իմամօղլուին: Նա ծննդով Տրապիզոնից է: Էրդողանը, օգտագործելով այս հանգամանքը, Իմամօղլուին դարձրեց բյուզանդացի, ապա պոնտացի, այսինքն հույն, հայտարարեց, որ ընտրվելու դեպքում նա Ստամբուլը դարձնելու է Կոստանդնուպոլիս: Ավելին, նա Իմամօղլուին անուղղակի մեղադրեց քվեները գողանալու մեջ, ապա հունիսի 21-ի հանրահավաքին ի լուր աշխարհի հայտարարեց. «Հունիսի 23-ին Բինալի Յըլդըրըմը մրցակցելու է ոչ թե Իմամօղլուի, այլ Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսիի հետ»:
Այս հայտարարությունը, թերեւս, սանձարձակության գագաթնակետն էր: Որքան էլ «Մուսուլման եղբայրներին» համակրելու պատճառով Էրդողանը 2013-ից ի վեր թշնամանար, չմոռանալ, որ ալ-Սիսին անկախ պետությանՙ Եգիպտոսի նախագահն է, հետեւաբար ինքը, որպես Թուրքիայի նախագահ, իրավունք չունի մեկ այլ պետության նախագահի անունը, այն էլ բացասական իմաստով, շահարկելու որեւէ իրավունք:
Հարկ է, սակայն, նշել, որ Էրդողանի Իմամօղլույն հասցրած մեղադրանքները, վիրավորանքներն ու զրպարտությունները, ինչպես նաեւ նախագահ ալ-Սիսիի անվան շահարկումը հանգեցին հակադարձ արդյունքի: Հունիսի 23-ի ընտրություններում Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ավելի քան համոզիչ հաղթանակ տարավ «Արդարություն եւ բարգավաճում կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմի նկատմամբ: Նրա այս հաղթանակը Ստամբուլում, Թուրքիայում եւ Արեւմուտքում ընկալվեց որպես Էրդողանի պարտությունը:
Ի դեպ, սա Էրդողանի առաջին պարտությունը չէր, բայց որ ամենանշանակալիցն էր, կասկածից վեր է: Ի դեպ, Թուրքիան խորհրդարականից նախագահական համակարգի էր անցել 2017 թ. ապրիլի 16-ին: 2018 թ. հունիսի 24-ին, երբ երկրում անցկացվեցին նախագահական ընտրությունները նոր համակարգին համապատասխան, Ստամբուլի բնակչությունը նախապատվությունը տվեց ոչ թե Էրդողանին, այլ նրա մրցակցին, որը նույնպես ներկայացնում էր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Սակայն դա չէր խանգարել Էրդողանին, որ նախագահ ընտրվի, հետեւաբար նա այս պարտությունն այդքան հիվանդագին չընդունեց:
Ստամբուլի քաղաքապետի պարագան բոլորովին այլ է: Ինչո՞ւ: Մինչ հարցին պատասխանելն ասենք, որ հունիսի 23-ի ընտրություններին մասնակցել է 8 մլն. 925 հազար ընտրող: Մասնակիցների 4 մլն. 741 հազարը քվեարկել է Իմամօղլուի օգտին, իսկ 3 մլն. 935 հազարըՙ Յըլդըրըմի: Նրանք համապատասխանաբար ստացել են ընդհանուր ձայների 54.2 եւ 44.9 տոկոսը: Մարտի 31-ին այս ցուցանիշները 48.7 եւ 48.6 էին եւ մրցակիցների միջեւ ձայների տարբերությունն ընդամենը 13 հազար էր: Հունիսի 23-ին, սակայն, Իմամօղլուն 806 հազար ավելի ձայն հավաքեց, քան Յըլդըրըմը, չթողնելով Էրդողանին առարկելու որեւէ հնարավորություն:
Մարտի 31-ի համեմատ Իմամօղլուի ձայները ավելացան 5 տոկոսով, իսկ Յըլդըրըմինը 3 տոկոս նվազեցին: Ձայների ավելի քան 800 հազարի հասնող տարբերությունը ցույց է տալիս, որ Էրդողանին ոչ միայն չի հաջողվել ընտրություններում ներգրավել նախորդ անգամ դրանց չմասնակցածներին ու քրդերին, այլեւ ստանալ իր ընտրազանգվածի լիարժեք աջակցությունը:
Մարտի 31-ի ընտրություններից առաջ Էրդողանը հայտարարել էր. «Ստամբուլում սայթաքելու դեպքում մենք կկործանվենք Թուրքիայում»: Թեեւ դեռ վաղ է կործանման մասին խոսելը, սակայն թուրք քաղաքագետներից ոմանք արդեն սկսել են շոշափել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու, երկրում խորհրդարանական կարգերը վերականգնելու հարցը: Ավելին, տարակարծություններ են առաջացել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության շարքերում, որի հենքի վրա քաղաքական նոր կուսակցություն կազմավորելու նախաձեռնություն են հանդես բերում ինչպես նախկին արտգործնախարար, վարչապետ Ահմեդ Դավութօլուն, այնպես էլ նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլն ու նախկին արտգործնախար Ալի Բաբաջանը, ընդ որում նրանք չեն թաքցնում իրենց մտադրությունը, հայտարարելով, թե սեպտեմբերին հստակեցնելու են իրենց կուսակցությանների կազմավորման աշխատանքները:
Կնշանակի երկրում սկսել են երերալ Էրդողանի դիրքերը, առավել եւս նրա միահեծան իշխանությունը: Եթե անգամ նրան հաջողվի մնալ իշխանության ղեկին մինչեւ նախագահական հաջորդ ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023-ին, որեւէ հիմք չկա ենթադրելու, որ նա առաջվա պես կհաղթի: Ի վերջո Դավութօղլուն, Գյուլն ու Բաբաջանը խլելու են Էրդողանի իսլամամետ ընտրազանգվածի ձայները:
Նախանձելի չէ նաեւ Ստամբուլի նորընտիր քաղաքապետի վիճակը, որովհետեւ նա ծանր ժառանգություն է ստացել նախորդից, որը ներկայացնում էր «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությանը: Այս կուսակցությունը Թուրքիայում միանձնյա իշանության եկավ 2002 թ.: Այդ օրվանից, այսինքն 17 տարի միաժամանակ կառավարել է Ստամբուլը: Եթե հաշվի առնենք, որ մինչ այդ 8 տարի էլ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը վարել էր Էրդողանը, ապա քաղաքի կառավարման ցուցանիշը կդառնա 25 տարի:
Քառորդ դար կառավարելուց հետո Ստամբուլը կորցնելը, ինչ խոսք, ցավալի է Էրդողանի եւ նրա կուսակցության համար: Մանավադ որ Ստամբուլը, որպես մշակույթի, առեւտրի, զբոսաշրջության եւ ֆինանսական կենտրոն, ուղղորդում է Թուրքիայի տնտեսությունը, ինչն իր հերթին անդրադառնում է երկրի ներքաղաքական զարգացումների վրա: Բացի դրանից, Ստամբուլը խիստ եկամտաբեր քաղաք է, ունի սեփականաշնորհելու բազմաթիվ հողատարածքներ եւ այգիներ, որոնց զգալի մասը պարգեւատրման կարգով հատկացվել են Էրդողանի կուսակցությանը ֆինանսավորող գործարարներին, որ դրանց տեղը երկնաքերներ կամ նոր թաղամասեր կառուցեն:
Բավականին ներշնչող է նաեւ քաղաքապետարանի 4 մլրդ. դոլար կազմող բյուջեն, որից, ինչպես 18 օրվա պաշտոնավարման ընթացքում, նախքան քաղաքապետի մանդատի առգրավումը, պարզել էր Իմամօղլուն, միլիոններ են հատկացրել իսլամական հիմնադրամներին, առանց մոռանալու Էրդողանի որդուՙ Բիլալի «նետաձգության» հիմնադրամը: Քաղաքապետարանում հաստիքով աշխատում է 80 հազար մարդ, 20 հազարը, սակայն, չի բարեհաճում նույնիսկ աշխատանքի ներկայանալ, ստանալով ամեն ամիս նախատեսված աշխատավարձը: Կհաջողվի՞ Իմամօղլուին լուծել Ստամբուլի առջեւ ծառացած խնդիրները, դժվար է ասել, որովհետեւ 4 մլրդ դոլար բյուջեի դիմաց քաղաքապետարանն ունի 5.5 մլն.դոլարին համարժեք 268 մլրդ. լիրա արտաքին պարտք, որի տոկոսները 436 մլն. լիրայի են հասնում: Ինչ վերաբերում է ելումուտին, ապա անցյալ տարի քաղաքապետարանը ստացել է 18 մլրդ. լիրայի եկամուտ, որի դիմաց ծախսել է 22 մլրդ: Սակայն ինչ էլ որ լինի, Իմամօղլուի հաղթանակով Թուրքիայում սասանվեց Էրդողանի անսասան թվացող միֆը, որի մասին մատնանշելը իրենց պարտքն են համարել արեւմտյան հեղինակավոր այնպիսի թերթեր եւ գործակալություններ, ինչպիսիք են ամերիկյան «Նյու Յորք Թայմսը», «Ուոլ Ստրիթ Ջորնալը», անգլիական «Ֆայնենշլ Թայմսը», «Գարդիանը», ֆրանսական «Մոնդը», «Ռոյթերը», BBC-ին եւ ուրիշներ: