Դրանով սկսվում է պատրիարքի ընտրության գործընթացը
Հունիսի 18-ին, ինչպես այդ մասին տեղեկացնում է Պոլսո «Հայ թերթ» կայքէջը, վկայակոչելով «Նոր մարմարա» թերթին, Կրոնական ժողովը նիստ է գումարել պատրիարքարանում եւ պատրիարքի տեղապահ ընտրելու համար հունիսի 27-ին Եկեղեցական համագումար-ժողով հրավիելու որոշում է կայացրել: Նիստին մասնակցել են պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը. Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը, Զաքեոս վրդ. Օհանյանը, Զատիկ վրդ. Պապիկյանը եւ այլ հոգեւորականներ:
Հիշեցման կարգով նշենք, որ Կրոնական ժողովը, հակառակ Սահակ սրբազանի առարկումներին, ապրիլի 29-ին հրավիրված նիստում, ընդառաջելով Արամ սրբազանին, որոշում էր կայացրել, որ պատրիարքի ընտրություններն անցկացվեն փոխանորդի գլխավորությամբ: Այդ որոշումը, սակայն, չեղյալ հայտարարվեց մայիսի 13-ին, երբ պատրիարքարան այցելեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Նախարարին ուղեկցել էր Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան: Հանդիպմանը, բացի Արամ արք. Աթեշյանից, ներկա են եղել Սահակ եպս. Մաշալյանը, «Սբ. Փրկիչ հայկական հիվանդանոց» հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաեւ Հոգեւոր խորհրդի անդամները: Հանդիպումը տեւել է 40 րոպե, դրա ավարտին նախարար Սոյլուն ասել է, որ նպատակահարմար է պատրիարքի ընտրություններ անցկացվեն տեղապահի գլխավորությամբ, ինչպես եկեղեցական կանոնադրությունն է պահանջում, որից հետո անցնել պատրիարքական ընտրություններին:
Ներքին գործերի նախարարը միաժամանակ ընդգծել է, որ նույն կարծիքին է նաեւ նախագահ Էրդողանը: Ըստ ամենայնի Սոյլուի այս խոսքերը առիթ են տվել թուրք հեղինակ Մելիքե Չափանին գրի առնելու մայիսի 14-ին artigercek.com» կայքեջում «Սոյլուի անակնկալ այցելությունը պատրիարքարան. մի՞թե պետությունն այլեւս չի ուզում Աթեշյանին» վերնագրով հոդվածը, որտեղ հեղինակը ընթերցողին հիշեցնում է, թե իշխանությունները, մերժելով 5 փետրվարի 2018 թվակիր գրությամբ 2017-ին տեղապահ ընտրված Գարեգին Բեքչիյանին, փոխանորդի պաշտոնում վերահաստատել էր Աթեշյանին:
Տեղապահի ընտրության մասին Սոյլուի պնդումը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները հաշվի են առել պոլսահայ համայնքի Աթեշյանի հանդեպ ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքը, որքան էլ նա, հետեւելով հանգուցյալ Մութաֆյան պատրիարքի օրինակին, հաճոյանա այդ իշխանություններին:
Կրոնական ժողովի ատենապետ Սահակ արք. Մաշալյանը «Նոր մարմարային» տված հարցազրույցում նշված ժողովի հունիսի 18-ի նիստը գնահատելիս մատնանշել է պատրիարքի ընտրություններն ըստ պատշաճի անցկացնելու կարեւորությունը, ապա ամդրադարձել է պատրիարքի տեղապահի դերին: Ահա թե ինչ է ասել նա. «Պետք չէ ուղղակիորեն տեղապահի վրա բարդել ընտրության գործընթացի գործադրությունն ու արդար եւ անկողմնակալ ընտրությունների պատասխանատվությունը: Տեղապահությունն ընտրությունը ղեկավարելու եւ ընտրության ճակատագիրը ճշտելու համար հաստատված պաշտոն չէ եւ չի կարող թեկնածուների միջեւ դատավորի դեր ունենալ»:
Այնուհետեւ Սահակ սրբազանն ասել է, որ տեղապահի ընտրությամբ կկազմվի նախաձեռնակ մարմինը եւ գործընթացի մեջ կներգրավվի Թուրքիայի Հանրապետությունը: Նրա հավաստմամբ 15 հոգանոց մարմնի մաս կկազմեն 2 հոգեւորական եւ 13 աշխարհական: Մաշալյանը պատրիարքի տեղապահի ընտրություններում կարեւոր տեղ է հատկացրել նաեւ Պոլսո հայկական եկեղեցիների թաղային խորհուրդներին:
Ինչ վերաբերում է Արամ արք. Աթեշյանին, ապա նա էլ մայիսի 19-ին պատասխանել է «Հայ թերթի»ՙ տեղապահի ընտրությանն առնչվող հարցերին: Սրբազանն ասել է, որ ինքը չի մտնելու տեղապահի ընտրության մեջ, ապա եւ ավելացրել` «Առանց իմ մասնակցության այդպիսի ընտրություն չի կարող կատարվել: Եթե մեկ ուրիշը փորձի այս ուղղությամբ քայլեր ձեռնարկել, ապա դա չի կարող լինել ընդունելի եւ վավերական»:
Վերջում Արամ սրբազանը հետեյալ կոչով դիմել է թուրքահայ համայնքին. «Ես իմ համայնքիս անդամներին պիտի խնդրեմ, որ բոլորս էլ միասնական ոգով քով-քովի գանք այս դժվարին օրերին պատրիարքական ընտրությունները կատարենք առանց իրար վիրավորելու կամ նախատելու»: Սրբազան հոր խոսքերից ակնհայտ է դառնում, որ նա, հրաժարվելով մասնակցել պատրիարքի տեղապահի ընտրություններին, պարզապես փորձում է վիժեցնել ընտրությունները: Կասկածից վեր է, որ տեղապահի ընտրությունների վիժեցման դեպքում դրանց կազմակերպումը փոխանորդի կարգավիճակով կստանձնի ինքը, իսկ դա Աթեշյանին հնարավորություն կտա ազդել ընտրությունների ընթացքի վրա:
Ակամա հարց է ծագում, իսկ համա՞յնքը: Հավանաբար Աթեշյանը համայնքի խնդիր, որպես այդպիսին, չունի: Նրա խնդիրը Կ. Պոլսո հայոց պատրիարքի աթոռն ամեն գնով գրավելն է: