Սերս գյուղն ընդգրկվել է Էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագրում
էներգախնայող համակարգով լուսավորվող բնակավայրերի ցանկն ընդլայնվում է: Դրանում ներառվում են այնպիսի գյուղեր, որոնք, չնայած հիմնադրման վաղեմի պատմությանը, լուսավորությանՙ տարիների չլուծված խնդիր ունեն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Վայոց ձորի մարզի բարձր լեռնային, սահմանամերձ գյուղներից մեկըՙ Սերսը:
Սերսին անծանոթ որեւէ մեկը գիշերը գյուղ մտնելու համար պետք է կողմնորոշվի բնակավայրի միակ լուսարձակով: Այն ամրացված է գյուղապետարանի շենքի պատինՙ հեռվից տեսանելի լինելու համար: Գյուղացիները պատմում են, որ բնակավայրը ստեղծման շատ հին պատմություն ունի. առաջին բնակիչներն այստեղ են գաղթել պատմական Հայաստանի Սալմաստ գավառից: Իրենք ձգտում են ժամանակի հետ քայլել, սակայն զարգացման տեմպերը շրջանցել են գյուղը:
Գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ, ընթացիկ տարում կմեկնարկեն սպասված աշխատանքները: Գյուղում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որի տնտեսական ու բնապահպանական արդյունավետության մասին այստեղ շատ են լսել: Նախատեսվում է լուսավորել գյուղի կենտրոնական փողոցներըՙ շուրջ 1400մ տարածք, որի համար անհրաժեշտ կլինի տեղադրել սյուներ եւ 39 LED լուսարձակ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կնպաստի գյուղում կյանքի աշխուժացմանը: Կլուծվի նաեւ երեկոյան ժամերին անվտանգ երթեւեկելու եւ քայլելու խնդիրը: Կարեւոր ձեռքբերումներից կլինի նաեւ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում: