ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
Ինչպես հայտնի է, 2019թ. մեր երկիրը նախագահում է ԵԱՏՄ ղեկավար-մարմիններում: Հայաստանում աշխուժություն է նկատվում եվրասիական ինտեգրման իրողությունների, ընթացքի եւ հեռանկարների քննարկման հարցում: Հունիսի 10-ին Ազգային ժողովի եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացնում «Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողությունները, մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով: Մասնակցելու է հայակական տնտեսագիտական եւ փորձագիտական հանրության ողջ ընտրանին: Այս տարվա ընթացքում սա հանձնաժողովի նախաձեռնած արդեն երկրորդ հրապարակային քննարկումներն են, ինչը մի անգամ էլ վկայում է, որ իշխանությունները լուրջ են վերաբերվում եվրասիական ինտեգրման վեկտորին եւ փորձում են խթանել ինտելեկտուալ քննարկումներ դրան առնչվող արդիական խնդիրների շուրջ:
Եվրասիական ինտեգրման ծավալման տեսանելի հեռանկարները
Մայիսի 29-ին Նուռ-Սուլթան քաղաքում հրավիրվեց Բարձրագույն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հոբելյանական նիստըՙ նվիրված ԵԱՏՄ հնգամյակին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությամբ Նուրսուլթան Նազարբաեւն ընտրվեց խորհրդի պատվավոր նախագահ: Սա Ղազախստանի առաջին նախագահի ծառայությունների գնահատումն էր ԵԱՏՄ ստեղծման ու զարգացման ասպարեզում: Արժե հիշեցնել, որ դեռ 1994թ. Մոսկվայի պետական համալսարանում նա հրապարակային դասախոսություն էր ունեցել, կոչ անելով ետխորհրդային երկրներին ստեղծել Եվրասիական միություն: Այդ տեսլականն էր ընկած Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների 2011թ. հրապարակային ելույթներում, որտեղ նրանք հանդես եկան Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու նախաձեռնությամբ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք պատճառներով Նազարբաեւի տեսլականը եվրասիական հեռանկարի հարցում շատ առարկայական եւ իրականացող է լինում, երկու բառ ասենք Նուռ-Սուլթանում նրա ունեցած ելույթի մասին: Ն.Նազարբաեւը պնդում է, որ կազմակերպության հեռանկարը տնտեսական դեռեւս չօգտագործված հնարավորությունները գործարկելու մեջ է, մասնավորապես` միության տնտեսական ներուժը միայն տնտեսական բնույթի նախաձեռնություններով ամրապնդելու մեջ: Նազարբաեւը ոչ մի բառ չասաց քաղաքական ինտեգրման հեռանկարի մասին, դրանով ցույց տալով, որ Ղազախստանի սկզբունքային մոտեցումները ԵԱՏՄ հարցում անփոփոխ են: Լայնորեն քննարկելով հոբելյանական նիստի արդյունքները, եվրասիական վերլուծական դաշտի տարբեր ներկայացուցիչներ հանգեցին այն եզրակացության, որ ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը, ոչ էլ Ղրղզստանը առայժմ չեն ուզում գնալ քաղաքական ինտեգրման ճանապարհով: Նրանք կբավարարվեն այս կառույցի տնտեսական ուղղվածությամբ: Ասում են, որ այդ երկրների քաղաքական վերնախավերը չեն ուզում զիջել իրենց լիազորություններն ու ազդեցությունը որեւէ վերազգային կառույցի: Նրանք միաժամանակ գտնում են, որ տնտեսական համագործակցության արդյունքները դեռ պետք է անվիճելիորեն հայտարարեն եվրասիական քաղաքական ինտեգրման հրատապ անհրաժեշտության մասին, ինչը ԵԱՏՄ մայրաքաղաքներում դեռ չեն տեսնում: Ռուս վերլուծաբաններից մեկը գրում էր, որ նկատի ունենալով արեւմտյան ճնշումները, որոնք կան Ռուսաստանի դաշնակիցների վրա եւ որոնք տեսականորեն կարող են հանգեցնել Ռուսաստանից նրանց օտարանալուն, ստիպում են ռուսական քաղաքական վերնախավերին զսպվածությամբ եւ զգուշավորությամբ մոտենալ տնտեսական ինտեգրացիոն միավորման հետագա զարգացումներին: Ւնչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում մինչեւ վերջերս գերիշխում էր այն կարծիքը, որ չարժե քննարկել սխեմաներ, որոնք ընդունելի չեն գործընկեր երկրների կողմից:
Ասում են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկման փուլում է ԵԱՏՄ-ի համագործակցության հարցը աշխարհի 40 պետությունների հետ, որոնցից ոմանք ցանկանում են դառնալ նույնիսկ ԵԱՏՄ անդամներ, չլինելով ետխորհրդային տարածքի պետություններ: Ակնհայտ է, որ նրանց գրավում է արտոնյալ առեւտրական պայմաններ ստանալու հեռանկարը եւ այն, որ այս կառույցը չի շտապում քաղաքական դառնալ: Ն.Նազարբաեւը իր վերոհիշյալ ելույթում ասել էր նաեւ, որ անցնում են բարձր ցուցանիշներ արձանագրելու, համագործակցության առաջնային զարգացման տպավորիչ ցուցանիշների ժամանակները եւ միությունը մտնում է ավելի դանդաղ, ավելի ծանրակշիռ ու խորը համագործակցության փուլ:
Հայաստանը վերջին երեք տարիներին ԵԱՏՄ-ում ամենաբարձր զարգացման միտումներն է արձանագրել: Այն, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում չկա հակասություն ԵԱՏՄ հարցում, այլ հիմնական քաղաքական ուժերի միջեւ կա տպավորիչ կոնսենսուս, ինքնին ուրախալի է եւ հուսադրող: Բայց ակնհայտ էր, որ նախորդ տարիներին ԵԱՏՄ ուղղությամբ տնտեսական հաջողությունները չէին ուղեկցվում ներքաղաքական, ներհասարակական եւ փորձագիտական դաշտերում կառուցողական քննարկումներով եւ բանավեճերով, ինչը մեզ, անկասկած, կուժեղացներ մեր տնտեսական քաղաքականության մեջ:
Մի՛ փչացրեք մեր տոնը
Հոկտեմբերի 1-ին Հայաստան է ժամանելու ՌԴ նախագահ Վ.Պուտինը միության մյուս երկրների ղեկավարների հետ միասին: Հայաստանի մայրաքաղաքը ընդունելու է մեծաթիվ պատվիրակություններ, երկու օր դառնալով ԵԱՏՄ մայրաքաղաք: Այս նշանակալից իրադարձությանը մեզանում պատրաստվում են հավուր պատշաճի: Աշխուժանում են հրապարակային քննարկումները եվրասիական շուկաներում Հայաստանի ներկայության տարբեր հարցերի շուրջ: Տեղին է ասելը, որ նախորդ իշխանության ժամանակներում գործընկերների տարբեր ատյաններում տարակուսանք կար այն հարցում, թե ինչո՞ւ են պասիվ եւ ինչո՞ւ են լռում Հայաստանի ներկայացուցիչները: Ինչո՞ւ նրանք ակտիվ չեն, օրինակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ընթացող տարաբնույթ քննարկումներում: Այս տարակուսանքը կարծես սկսում է փարատվել հիմա, երբ մեր երկրում վերջապես ոտք ենք դրել եվրասիական ինտեգրման հեռանկարների իմաստավորման, դրանցում կառուցողական մասնակցության, ծավալվող գլոբալ գործընթացում մեր օգուտն ու շահը հասկանալու, իմաստավորելու եւ արժեվորելու ճանապարհին: Բայց արի ու տես, որ մեր երկրում աշխուժացած քննարկումները համընկել են այն հոռետեսական դատողությունների հետ, որ հնչում են Մոսկվայի, ինչու չէ նաեւ Մինսկի ու Աստանայի շատ պաշտոնյաների կողմից: Այս հոռետեսությունը ձեւակերպվում է մոտավորապես հետեւյալ կերպ. «Եվրասիական ինտեգրումը շռնդալից զարգացման միտումներ մոտակա տարիներին էլ չի արձանագրելու: Մեծ հաղթանակների մասին զեկույցներ չեն հնչելու: Ցնցող հաջողությունների մասին հաղթական վանկարկումներ չեն լինելու (վերը թվարկված պատճառներով)»: Եվ այստեղից արվում է եզրակացություն. «Եվրասիական տնտեսական ինտեգրման թեման, խոշոր հաշվով, դադարել է հետաքրքրական լինել»: Մնում է այսպես մտածողներին ասել. «Եթե ձեզանում դադարել է ստեղծագործ, կառուցողական փնտրտուքը եվրասիական միացյալ հեռանկարի հարցում, գոնե մի՛ խանգարեք նրանց, ովքեր ասելիք ունեն»: Պետք չէ փչացնել աշնանը եվրասիական ինտեգրման ջատագովների համար շատ կարեւոր հանդիսացող Բարձրագույն խորհրդի նիստի մթնոլորտը: Հայաստանի նախագահության տարում հրապարակային քննարկումների դաշտում խայծ գցել, թե եվրասիական ինտեգրման ինտելեկտուալ ընկալումն այլեւս հետաքրքրական չէ, նշանակում էՙ եւս մեկ քայլ անել ԵԱՏՄ տարածքի ազգերին միմյանցից հեռացնելու ուղղությամբ:
Եթե միասին ձեռնտու է
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան հովանավորությամբ Ֆրանսիայի եւ Գերմանիայի քաղաքական վերնախավերը ձեռնարկում էին հսկայածավալ միջոցառումներ երկու երկրների հասարակությունների միջեւ վստահությունը մեծացնելու, փոխադարձ կապեր ստեղծելու եւ դրանք ամրապնդելու ուղղությամբ: Այդ երկրների ավագ սերունդները հիշում էին պատերազմը եւ դրա թողած ծանր ազդեցության տակ էին: Միջին եւ երիտասարդ սերունդները ստեղծված մեծածավալ հնարավորություններով սկսեցին շփվել միմյանց հետ, ընկերություն եւ բարեկամություն անել, սովորել գործակցել իրար հետ եւ այլն: Հետո նրանց միացան Արեւմտյան Եվրոպայի մյուս երկրների հասարակությունները: Եվ այդպեսՙ մոտ 40 տարի: 1991թ. դա հանգեցրեց Եվրոպական Միության ստեղծմանը: Մեր պարագայում, կարծես, հակառակն է: Համագործակցող երկրների ավագ սերունդը հիմնականում դրական հիշողություններ ունի միասնական խորհրդային անցյալից եւ դրական է վերաբերում ետխորհրդային տարածքի ժողովուրդներին: Անկախության պայմաններում ծնված ու մեծացող երիտասարդ սերունդը շատ վատ պատկերացումներ ունի եվրասիական տարածքի ազգերի պատմության, մշակույթի, այսօրվա կյանքի մասին: Եթե ոչինչ չարվի, ապա ժամանակը, ոչ թե հորից-որդի փոխանցելով, կշարունակի մեզ իրար մոտեցնել, այլ կհեռացնի միմյանցից: Այս են վկայում սոցիոլոգիական հետազոտությունների տվյալները: Սա շատ ձեռնտու է նաեւ նրանց, ովքեր չարությամբ են հետեւում ԵԱՏՄ ուժեղացման գործընթացին եւ բոլոր միջոցներով փորձում են խանգարել դրան:
Փոքրիկ Հայաստանում, որտեղ քաղաքական կյանքը իրար կպցրած երկու ափի մեջ է, մենք շատ պարզորեն ենք տեսնում եվրասիական ինտեգրման եւ կողմնակիցներին, եւ՛ հակառակորդներին: Մենք փորձում ենք վերլուծել այդ գաղափարական բախման հետեւանքնրը եւ անել կանխատեսումներ, որոնք կօգնեն մեր գործարարներին, գիտնականներին եւ երիտասարդությանը կողմնորոշվելու այս դաշտում: Փաստ է, որ եվրասիական ինտեգրման ասպարեզում Հայաստանի գլխավոր ձեռքբերումներն ու մեծ ակնկալիքը դեռ առջեւում են: Ինտեգրման հաջող ընթացքը մեզ նոր-նոր է թույլ տվել լրջորեն մտածելու պատրաստի արտադրանք արտահանող եւ զարգացող երկիր դառնալու մասին: Թույլ չտանք մեր հակառակորդներին ու հոռետեսներին քանդելու դեռ չկառուցված եվրասիական ընդհանուր տարածքը: Հայաստանը ունի բավարար ինտելեկտուալ, մասնագիտական եւ քաղաքացիական ներուժ եվրասիական ինտեգրման ասպարեզում մոտակա տարիներին նոր տպավորիչ ձեռքբերումներ արձանագրելու, նոր հաջողություններ գրանցելու համար: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պատրաստ են իրենց նպաստը բերելու այս կարեւոր գործին: