ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Արեգակի էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ անկախ էներգահամակարգ ունենալու համար: Արեւային օրերի թիվը մեզ մոտ բավարար է լավ արդյունքներ ունենալու համար: Վերջերս 177,66 կՎտ դրվածքային հզորությամբ 564 բազմաբյուրեղ վահանակներից (72 բջիջ, 315 Վտ) կազմված արեւային էլեկտրակայանը շահագործման հանձնվեց Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախ թաղամասում:Անչափ ուրախալի երեւույթ է: Շահագործման է հանձնվել նաեւ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտաում 56.7 կՎտ հզորությամբ արեւային էլեկտրակայան:Այս էլեկտրակայանների շահագործման դեպքում տարեկան կարող ենք արտադրել մինչեւ 400 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա: Այսքան էլեկտրական էներգիա ջերմային էլեկտրակայաններում արտադրելու դեպքում տարեկան կօգտագործվի ավելի քան 75 տոննա օրգանական վառելիք: Շրջակա միջավայր կարտանետվի ծծմբի եւ ազոտի օքսիդներ,այլ թունավոր նյութեր: Տարակույս լինել չի կարող, որ «արեւային շքերթը» մեր հանրապետությունում օրեցօր շարունակվում է: Անհրաժեշտ է մտածել այս բնագավառում ինժեներական եւ միջին մասնագիտական մասնագետների պատրաստման հարցի մասին: Հակառակ պարագայում առաջիկայում կարող ենք կանգնել լուրջ խնդիրների առջեւ: |