ԱՐՏԱԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, տնտեսագետԱրդեն խոսվել է եւ դեռ շատ կխոսվի անցումային արդարադատության դրական կողմերի մասին: Ցավոք, այդ դրական կողմերի մասին վկայող միջազգային հաջողված փորձի մասին խոսել չենք կարող, ոչ էլ այն մասին, թե ի՞նչ սկզբունքներով պետք է կիրառվի անցումային արդարադատությունը եւ ովքե՞ր պետք է դա անցկացնեն:Ցանկանում եմ անդրադառնալ ներդրումային միջավայրի վրա արդարադատության համակարգի եւ մասնավորապեսՙ անցումային արդարադատության ունեցած ազդեցությանը:Դասագրքային ճշմարտություն է, որ արդարադատության համակարգը հսկայական ազդեցություն ունի տնտեսության վրաՙ հատկապես օտարերկրյա եւ տեղական ներդրումների ներգրավման առումով: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը մոտ 1,8%-ով, կազմելով շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար (աղբյուրըՙ http://cedi.am/wp-content/uploads/): Ներդրումների կառուցվածքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս աճը գրանցվել է ՀՀ տարածքում գործող օտարերկրյա կապիտալով ընկերությունների կողմից գումարների վերաներդրման արդյունքում: Այս ցուցանիշը 2018թ.-ին 2017թ.-ի նկատմամբ աճել է ավելի քան 36 անգամ: Մինչդեռ, ակնհայտ է, որ կարեւոր են ոչ միայն վերաներդրումների ծավալները, այլեւ նոր ներդրողների եւ նոր ներդրումների ներգրավումը:Նոր ներդրումների ներգրավման համար էական է, թե ինչպիսի արդարադատության որակ եւ մակարդակ ունի երկիրը, քանի որ տնտեսական վեճերի արդարացի եւ արագ լուծումներն են հանդիսանում ներդրումների իրական երաշխիքները, եւ ո՛չ թե պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձնական երաշխավորությունները (որոնք գործել են մինչ 2018թ.-ի քաղաքական փոփոխությունները): Ներկայումս, երբ այլեւս պետք է գործեն միայն ներդրումների իրավական երաշխիքներ, ապա հավասարապես կարեւոր են դառնում ինչպես դատաիրավական համակարգի ապակոռումպացվածությունը, այնպես էլ առավելագույնս անկախությունը իշխանության մյուս ճյուղերից, հատկապեսՙ գործադիրից: Հետեւաբար, ինչպես Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային շատ երկրներում, այնպես էլ մեր երկրումՙ յուրաքանչյուր ներդրողի համար համար, ներդրում կատարելու որոշման ընդունումը (իհարկեՙ տնտեսական հիմնավորվածությունից բացի) կախված է վերն առաջադրված երկու խնդիրների արդյունավետ լուծման աստիճանից:Ընդ որում, կոնկրետ մեր երկրի պարագայում էական է ինպես այդ երկու խնդիրների միաժամանակյա կամ զուգահեռ լուծումը, այնպես էլ այդ լուծումների տեւողությունը: Որպես օրինակՙ շուրջ 10 ամիս է, ինչ քննարկվում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որի որոշ դրույթներ կառավարության եւ իշխանական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից համարվել են անհետաձգելի եւ նախատեսվել է հետադարձ գործողության ուժ տալՙ հաշված տարեսկզբից, սակայն հինգերորդ ամիսն արդեն լրանում է, իսկ օրինագիծը դեռ ընդունված չէ:Սակայն չշեղվենք: Ի՞նչ կտա մեզ անցումային արդարադատության իրականացումը այդ խնդիրների լուծման տեսանկյունից: Այո, միգուցե վետտինգի (լյուստրացիայի) միջոցով հնարավոր է հասնել դատական համակարգի կոռումպացվածության մակարդակի նվազման: Իսկ ո՞վ եւ ի՞նչ սկզբունքներով պետք է իրականացնի այդ վետտինգը: Որտե՞ղ են այն երաշխիքները, որ դատավորների փոխարինումների արդյունքում նոր համակարգը չի հայտնվի նոր կախվածության մեջՙ բայց արդեն նոր իշխանություններից: Որքա՞ն է տեւելու այս գործընթացը: Բոլորս հասկանում ենք չէ՞, որ գործընթացն արագ անելու դեպքում կարճ ժամկետներում պարզապես անհնարին կլինի գտնել անհրաժեշտ թվով բանիմաց մասնագետներ, որոնք կապահովեն արդար դատական որոշումների ընդունման պատշաճ մակարդակ: Վստահ եմ, գիտակցում ենք, որ գործընթացը երկարելու պարագայում էլ պոտենցիալ ներդրողները (եթե այդպիսիք կան) կկատարեն համապատասխան ընտրությունՙ սպասել անորոշ ժամանա՞կ, թե՞ ներդրում կատարել այլ երկրում: Ի՞նչպես կարձագանքեն պոտենցիալ ներդրողները իրավական ցածր կամ անորոշ որակի արդարադատություն ունեցող երկրի ներդրումային միջավայրին. կարծում եմ այս հարցերի պատասխաններն են մեզ հուշելուՙ գնալ նկարագրված ճանապարհով, թե՞ ոչ:Առանձին ուսումնասիրության առարկա է ոչ միայն օտարերկրյա, այլեւ տեղական ներդրումների համար բարենպաստ միջավայրի առկայությունը: Ցավոք, տեղական ներդրումների ծավալը հաշվառող առանձին վիճակագրություն չի վարվում, կամ եղած տվյալները հատվածական են ու իրական պատկերը չեն արտացոլում: Սակայն երկու ցուցիչներ ի հայտ են բերում այս ոլորտի միտումները: Դրանք են բանկային ավանդների եւ բացառապես ֆիզիկական անձանց իրացման ենթակա խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի մեջ կատարվող ներդրումներում տեղի ունեցած փոփոխությունները 2018թ.-ինՙ 2017թ.ի նկատմամբ: Այսպես, ռեզիդենտ ոչ պետական հատվածի անձանց կողմից 2018թ.-ին ձեւակերպված ժամկետային ավանդները (եւ՛ արտարժույթով, եւ՛ ՀՀ դրամով) աճել են 2017թ.-ի համեմատությամբ մոտ 4%-ով, 2017թ.-ի դեկտեմբերի 1,414 մլրդ դրամից 2018թ.-ի դեկտեմբերին հասնելով 1,472 մլրդ դրամի (աղբյուրըՙ https://www.cba.am/am/ sitepages/statmonetaryfinancial.aspx): Մինչդեռ, նույն աղբյուրը վկայում է, որ ավանդների ներգրավման միջին տարեկան տոկոսադրույքները թե՛ ՀՀ դրամով եւ թե՛ արտարժույթով էապես նվազել են 2017թ.-ին 9,01% եւ 3,91%-ից 2018թ.-ին դառնալով համապատասխանաբարՙ 8,66% եւ 2,84% (նվազումը ՀՀ դրամով միջինում կազմել է մոտ 4%, իսկ արտարժույթովՙ ավելի քան 27% ! ! !):Իր հերթինՙ մոտ 80%-ով աճել են պետական խնայողական արժեկտրոնային պարտատոմսերի շրջանառության ծավալներըՙ 2017թ.-ի դեկտեմբեր ամսվա 3,168 մլրդ ՀՀ դրամից 2018թ.-ի դեկտեմբերին դառնալով արդեն մոտ 5,741 մլրդ դրամ (աղբյուրըՙ http://www.minfin.am/hy/page/gandzapetakan–paharui–teghekagir): Նույն պատկերը նաեւ այս դեպքում էՙ պարտատոմսերի աճին զուգընթաց ընկել է դրանց եկամտաբերությունը, մինչեւ մեկ տարի մարման ժամկետով պարտատոմսերինըՙ 10,36%-ից դառնալով 8,55%, մեկից-երկու տարի մարման ժամկետով պարտատոմսերինըՙ 12,48%-ից – 10,11% եւ երկուսից-երեք տարի մարման ժամկետով պարտատոմսերինըՙ 13,01%-ից – 11,47%:Բերված տվյալները վկայում են միայն մի բանի մասինՙ Հայաստանում շատ ազատ փող կա եւ անընդհատ ավելանում է, բայց որպես ներդրման առավել ապահով ոլորտՙ տեղական ներդրողը նախընտրում է ֆինանսական շուկայի գործիքները:Հավաստիացնու՛մ եմ, հենց վետտինգի արդյունքում ձեւավորված նոր դատական համակարգը ձեռնամուխ լինի անցումային արդարադատության կիրառմանըՙ այդ փողը մեծ արագությամբ փախչելու է երկրից: Ընդ որում, այդ «փախուստը» տեղի է ունենալու թե՛ կանխիկ եւ թե՛ անկանխիկ եղանակներով: Ոչ թե այն պատճառով, որ բոլոր ֆինանսական միջոցները ձեւավորվել են «հանցավոր ճանապարհով», այլ այն պատճառով, որ ձեւավորվել են անսկզբունք եւ անորոշ տեւողությամբ «զտումների» կամ «ստուգումների» սպասումներ:Ի՞նչպես կարելի է չեզոքացնել այս ազդեցությունները ֆինանսների ոլորտի վրա այս պարագայում: Իրավիճակը շատ նման է նրան, որ մարդը «տանը մնացած» աղջիկ ունենա եւ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարի, որ աղջիկը պատվազրկված է: Իսկ հետո անկեղծորեն զարմանա, թե ինչո՞ւ պոտենցիալ փեսացուներ չեն հայտնվում: Հավատացեք, արդեն բավականին ուշ է դեղատոմս առաջարկելու համար: Նշեմ, որ առանց հանրային ակցիաների, առանց հայտարարված «վետտինգների» եւ «անցումային արդարադատությունների»ՙ թերեւս հնարավոր էր հասնել թե՛ արդար դատական համակարգի վերականգնմանը եւ թե՛ միաժամանակ ապահովել կապիտալի «չփախչելու» պայմաններՙ եթե այդ նպատակներին հասնելու համար վարվեր չհայտարարված եւ քողարկված պայքար:Մի ելք, այնուամենայնիվ, կարծում եմ հնարավոր կլիներ գտնել ստեղծված իրավիճակից փոքր կորուստներով դուրս գալու համար: Դա, հայտարարված ճանապարհներից ետ քայլ կատարելն է եւ որոշակի պայմաններով «ֆինանսական համաներում» իրականացնելը: Սակայն, ցավոք, միայն ոչ պոպուլիստ կառավարություններն են ունակ գնալ այդ ճանապարհով: |