Էական փոփոխություն չի լինի
Մայիսի 23-ից 26-ը անցկացված Եվրոխորհրդարանի ընտրությունների արդյունքները ի հայտ բերեցին առաջին հայացքից իրար հակասող երեք միտումներ: Մի կողմից, խորհրդարանում իրենց տեղերը կավելացնեն ազգային-պահպանողական ուժերը: Մյուս կողմից, կավելանա նաեւ այլ կարգի ընդդիմադիրներիՙ ազատականների, ինչպես նաեւ «կանաչների» թիվը: Սակայն, չնայած կազմի այս փոփոխություններին, Եվրոխորհրդարանի գործունեության բովանդակությունը դժվար թե փոփոխություններ կրի:
Դիտորդներն արձանագրում են այս ընտրություններին եվրոպացի ընտրողների մանակցության համեմատաբար բարձր մակարդակը. ընտրություններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսից քիչ ավելին, այսինքնՙ ավելի քան 200 մլն մարդ: Եվրոխորհրդարանի երկրների ընտրություննրի համար դա ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարում: ԵՄ երկրների մեծ մասում ավելի շատ ուշադրություն է դարձվում տեղական խորհրդարանների ընտրություններին, մասնավորապես այն պատճառով, որ Եվրոխորհրդարանի լիազորություններն այնքան էլ շատ չեն: Այսպես, նա չի կարող նույնիսկ օրենքներ ներկայացնել իր հայեցողությամբ: Դրա հետ մեկտեղ, պատգամավորները մասնակցում են Եվրոհանձնաժողովի ձեւավորմանը, որը, պետությունների ղեկավարների խորհրդի հետ մեկտեղ, Եվրոմիության իրական իշխանությունն է:
Սպասվում էր, որ Եվրոխորհրդարանի 2019 թ. ընտրություններում մեծ հաջողության կհասնեն աջ-պոպուլիստական ուժերը, բայց ընտրությունների նախնական արդյունքները վկայում են, որ խորհրդարանում նրանք մեծամասնություն չեն ունենա:
Այն երկրներում, որտեղ պոպուլիստները իշխող դիրք են զբաղեցնում, ինչպես Իտալիան, Հունգարիան եւ Լեհաստանը, այդ ուժերը առաջին տեղը զբաղեցրին նաեւ Եվրոխորհրդարանի ընտրություններում: Իտալիայում առաջատարը «Հյուսիսի լիգա» կուսակցությունն է: Ֆրանսիայում առաջատար դարձավ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունըՙ հետեւում թողնելով նախագահ Էմանյուել Մակրոնի կուսակցությանը:
Հունաստանում առաջին տեղում հայտնվեց «Նոր ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունըՙ վարչապետ Ալեքսիս Ցիպրասին ստիպելով հայտարարել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ:
Դրա հետ մեկտեղ, այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նիդեռլանդները եւ Դանիան, եվրոհոռետեսական կուսակցությունները պարտություն կրեցին: Էստոնիայում նույնպես աջակողմյան ԷԿՌԵ կուսակցությունը հայտնվեց չորրորդ տեղում եւ, ըստ այդմ, չի ունենա ոչ մի եվրոպատգամավոր: Իսպանիայում եւ Պորտուգալիայում կառավարող ձախ կենտրոնամետ կուսակցությունները հաղթեցին նաեւ Եվրոխորհրդարանի ընտրություններում: Իսպանիայից ընտրված եվրոպատգամավորների թվում է Կատալոնիայի անկախական առաջնորդնորդ Կառլես Պուչդեմոնը: Ազատական կուսակցությունները հաջողությամբ հանդես եկան Սլովակիայում:
Մի շարք երկրներում հաջողության հասան նաեւ բնապահպանական կուսակցությունները: Մեծ Բրիտանիայում նույնպես «կանաչների» հաջողությունը կարելի է օրինաչափ համարել, ինչը առաջին հերթին կապված է Brexit-ի հարցում կուսակցության հստակ դիրքորոշման հետ: Գերմանիայում «կանաչները» վերցրին կառավարող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի տեղերի մի մասը եւ զբաղեցրին երկրորդ տեղը: Ֆրանիսիայում «կանաչները» գրավեցին երրորդ տեղը: Գերմանիայում աջ-պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը զբաղեցրեց չորրորդ տեղըՙ բարելավելով 2014 թ. իր 7.1 տոկոս արդյունքը եւ հասցնելով 10,8-ի:
Վերջին հինգ տարիներին Եվրոխորհրդարանը փաստորեն ղեկավարում էին երկու ուժեր, որոնք միատեսակ կարծիք ունեին հիմնական խնդիրների վերաբերյալ, այն էՙ Եվրոխորհրդարանը պետք է ԵՄ առաձին խորհրդարանների համեմատությամբ ավելի լայն իրավունքներ ունենա տնտեսության հարցում: Երկու ուժերն էլ ներկայացնում են խոշոր գործարարների եւ վերազգային ընկերությունների շահերը: Այս տարվա ընտրությունները տվյալ առումով մեծ փոփոխությունների չհանգեցրին: Կանցլեր Անգելա Մերկելի կառավարող դաշինքի քվեների 7 տոկոս կորուստը եւ նախագահ Էմանյուել Մակրոնի կուսակցության երկրորդ տեղում հայտնվելը ավելի շուտ խորհրդանշակական իմաստ ունեն: Արդեն հայտարարվել է, որ Եվրոխորհրդարանի նոր կազմում կոալիցիայի ձեւավորման նպատակով կհրավիրվեն ազատականները եւ «կանաչները»: Դրանցից ոչ մեկը ներկայումս կառավարող ուժերից արմատապես չեն տարբերվում տնտեսական եւ սոցիալական քաղաքականության առումներով:
Մեծ Բրիտանիայում Նայջել Ֆարաջի Brexit-ի նոր կուսակցությունը առաջին տեղը գրավեց Եվրոխորհրդարանի ընտրություններում եւ 28 տեղ կունենա խորհրդարանում: Երկրորդ տեղը գրավեց Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը առհասարակ դեմ է ԵՄ-ի կազմից դուրս գալուն: Բրիտանական երկու գլխավոր կուսակցություններըՙ պահպանողականները եւ լեյբորիստները, զգալի թվով տեղեր են կորցրել 2014 թ. եվրոպական ընտրությունների համեմատությամբ, ըստ որում, կառավարող Պահպանողական կուսակցությունը այս անգամ հայտնվեց հինգերորդ տեղում եւ նույնիսկ հետ մնաց «կանաչներից»:
Այն, որ բրիտանացիները կմասնակցեն Եվրոխորհրդարանի ընտրություններին, հայտնի դարձավ ապրիլին, երբ վարչապետ Թերեզա Մեյին չհաջողվեց երկրի խորհրդարանում անցկացնել ԵՄ-ից մինչեւ մարտի 29-ը դուրս գալու վերաբերյալ Brexit-ի նախնական համաձայնությունը եւ ստիպված եղավ ժամկետի երկարաձգում խնդրել: Նոր պայմանավորվածության համաձայն, Մեծ Բրիտանիան ԵՄ-ում կմնա մինչեւ առաջիկա հոկտեմբերի 31-ը, բայց կարող է ավելի շուտ հեռանալ, եթե մինչ այդ խորհրդարանը ընդունի ԵՄ-ի հետ ձեռք բերված եւ երիցս իր մերժած համաձայնությունը:
Այսպիսով, Եվրոխորհրդարանում, Brexit-ի կուսակցության 28 տեղերից բացի, 15 տեղ կունենան լիբերալ-դեմոկրատները, 10 տեղՙ լեյբորիստները, 7 տեղ «կանաչները», 3 տեղ պահպանողականները եւ 1 տեղՙ ուելսյան «Պլայդ Կամրի» կուսակցությունը, հաղորդում է BBC-ն: Brexit-ից հետո Եվրոխորհրդարանում բրիտանացիներին հատկացված տեղերը կբաշխվեն ԵՄ անդամ մյուս 27 երկրների միջեւ:
Առանձնապես հետաքրքրական է «կանաչների» հաջողությունը, որոնք շատ բարձր արդյունքների հասան Գերմանիայում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում: Կարող է տարօրինակ թվալ, որ տնտեսական դժվարությունների պայմաններում, որոնցից են գործազրկությունը եւ զանգվածային ներգաղթի խնդիրները, այդքան շատ քաղաքացիներ մեծ կարեւորություն են տալիս շրջակա միջավայրի պահպանության հարցերին: Շատերը դա բացատրում են նրանով, որ ԵՄ երկրների բնակչությունն ուզում է կառավարող բյուրոկրատների ուշադրությունը բեւեռել հավերժական արժեքների վրա:
Ինչպես նշում է բրիտանական Financial Times թերթը, 2019 թ. ընտրությունները ձեւավորեցին առավել բազմաբնույթ օրենսդիր մարմին: Ձախ կենտրոնամետ եւ աջ կենտրոնամետ ուժերը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրին իրենց ընդհանուր մեծամասնությունը: Զգալի է դառնում համեմատաբար փոքր կուսակցությունների ազդեցությունը: Դրա հետեւանքները կարող են զգացվել բնապահպանական նորմերի, առեւտրի ազատականացման եւ տեխնիկական կարգավորումների ոլորտներում, բայց դա չի դառնա հեղափոխություն:
Եվրոպամետ կուսակցությունների առաջին փորձությունը կդառնա այն, թե նրանք կկարողանան արդյոք միավորվել Եվրոհանձնաժողովի միասնական թեկնածուի ընտրության հարցում: Իսկ ազգայնականների համար դժվար կլինի կազմել միասնական ճակատ: Ավստրիայում անցյալ շաբաթ ծայրահեղ աջերի առաջնորդի հրաժարականին հանգեցրած սկանդալային տեսագրությունը ազգայնական ուժերի միջեւ խոր տարաձայնություններ առաջացրեց Ռուսաստանի հետ կապերի առնչությամբ: Նրանք տարաձայնություններ ունեն նաեւ հարկային քաղաքականության, ազատ շուկայի եւ ներգաղթի համաեվրոպական քաղաքականության հարցերի շուրջ: Հիմա մնում է, որ եվրոպամետ կուսակցությունները ինքնկազմակերպվեն եւ համագործակցեն կոալիցիաներ կազմելով: