Ռոյթեր լրատվական գործակալության երկու աշխատակիցներՙ Վա Լոուն եւ Քիո Սո Ուն մայիսի 7-ին Միանմարում (Բիրմա) ազատ են արձակվելՙ կառավարական մարմինների հետ անգլիացի հայազգի բժիշկ լորդ Արա Դարզիի երկար ամիսների բանակցությունների արդյունքում, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը:
«Ուրախ եմ, որ հաջողվեց ազատել նրանց: Սա ցույց է տալիս, որ երկխոսությունը, բանակցությունները նպաստում են լուծելու նույնիսկ ամենաբարդ ճգնաժամերը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ հետ պայքարեցին հասնելու այս արդյունքին: Բանակցություններն այսուհետ պետք է ուղղված լինեն տեւական խաղաղություն հաստատելուն Ռախինում, որպեսզի հնարավոր լինի հազարավոր փախստականների վերադարձը դեպի իրենց օջախները: Դա կարեւոր է Միանմարի համար, որտեղ ժողովուրդը միասնաբար պետք է կառուցի իր ապագան», նշել է այս առթիվ պրոֆ. Դարզին, որ 2012 թվից մարդասիրական հիմունքներով աշխատել է Միանմարում, հատկապես Յանգոնում:
Ռոյթերի երկու լրագրողները 2017-ի դեկտեմբերին ձերբակալվելուց առաջ հետաքննում էին բուդդիստների եւ անվտանգության զորքերի կողմից Ռոհինիայում 10 մահմեդականների սպանության գործը, որի համար արժանացել էին պուլիցերյան մրցանակի: Նրանք յոթ տարվա բանտարկության էին դատապարտվել, առաջացնելով մարդու իրավունքի պաշտպան կազմակերպությունների զայրույթը: 500-ից ավելի օրեր բանտում անցկացնելուց հետո նրանք 6500 ուրիշների հետ համաներման էին արժանացել նախագահական հրամանագրով: ՄԱԿ-ի գնահատմամբ 2017-ի օգոստոսյան իրադարձությունների հետեւանքում ավելի քան 730 հազար մարդ Ռոհինիայից փախել էր Բանգլադեշ: