ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆՀակաիրանական պատժամիջոցները խստացվում ենԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն, որպես Իրանին ուղղված նախազգուշացում, դեպի Մերձավոր Արեւելք ուղարկված «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը մայիսի 9-ին անցել է Սուեզի ջրանցքով: Այդ մասին հաղորդել է ջրանցքի վարչակազմը:Տարածաշրջանում ավիակիրների հարվածային խմբի ծավալումը կոչված է ցուցադրելու, որ ԱՄՆ-ը պատրաստ է ուժգնորեն հակադարձելու իրանցիների հնարավոր հարձակմանը, կիրակի օրը տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը : Իրանը քամահրանքով է արձագանաքել ամերիկյան ավիակրին վերաբերող հաղորդմանըՙ այն անվանելով հոգեբանական պատերազմի տարր:Դարձյալ մայիսի 9-ին հայտնի դարձավ, որ ամերիկացիները Մերձավոր Արեւելք են ուղարկել նաեւ Թ-52 ռմբակոծիչներ, որոնք արդեն վայրէջք են կատարել Քաթարում գտնվող ամերիկյան ռազմակայանում:Դեպի Մերձավոր Արեւելք կուղարկվի եւս մեկ ավիակիր USS Arlington եւ Patriot զենիթային համալիրների մեկ մարտկոց: Politico թերթի հաղորդման համաձայն, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել այդ ավիակրի եւ զենիթային համալիրի տեղաբաշխմանը տարածաշրջանում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտում: Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, տվյալ ավիակիրը փոխարինելու է մեկ ուրիշ ռազմանավի, որը պետք է հեռանա տարածաշրջանից:Ավելի վաղՙ մայիսի 6-ին, Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ամերիկյան ռազմանավերը եւ ռազմօդանավերը Մերձավոր Արեւելք են ուղարկվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ իրանական զորքերի, ինչպես նաեւ Իրանի օգտին գործող խմբավորումների հնարավոր հարձակումներին հակահարված տալու նպատակով: Ապրիլի սկզբներին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասել էր ահաբեկչական խմբավորումների շարքին: Թրամփի խոսքերովՙ այդ որոշումն ընդունվել էր Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով:Ավելի վաղ Դոնալդ Թրամփը իրանական կողմին առաջարկել էր նստել բանակցությունների սեղանի շուրջը: Բանակցությունների նպատակը պետք է լինի իրանցիների միջուկային ծրագրի վերացումը: Թրամփը նախազգուշացրել էր, որ հակառակ դեպքում Իրանի դեմ պատերազմը չի բացառվում:Իրանը չի կարծում, թե ամերիկյան ռազմանավերի եւ օդուժի ներկայությունը պատերազմի իրական սպառնալիք է ստեղծում: Մինչդեռ գերպահպանողական այաթոլլահ Յուսեֆ Թաբաթաբաի-Նեջադը հայտարարել է, որ «մեկ միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան նավատորմը կարող է ոչնչացվել մեկ հրթիռով: Եթե նրանք համարձակվեն տեղներից շարժվել, ապա կբախվեն տասնյակ հրթիռների, քանի որ այդ պահին իշխանության լծակները կլինեն ոչ թե զգուշավոր պաշտոնյաների, այլ մեր սիրելի այաթոլլահ Խամենեիի ձեռքին»: Այաթոլլահ Թաբաթաբաի-Նեջադը Սպահանում Խամենեիի ներկայացուցիչն է եւ համարվում է բարեփոխական նախագահ Հասան Ռոհանիի գլխավոր հակառակորդներից մեկը:Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քաղաքական գծով տեղակալ Յադուլլահ Ջավանին հայտարարել է. «ամերիկացիների հետ որեւէ բանակցություն չի լինի, նրանք չեն համարձակվի պատերազմ սանձազերծել մեր դեմ: Մեր ազգը Ամերիկան համարում է բանակցությունների հարցում անհուսալի գործընկեր»:Թեհրանում եւ երկրի այլ քաղաքներում հակաամերիկյան բողոքի ցույցերի մասնակիցները պնդում են, թե ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները ապարդյուն են: Իրանցի ցուցարարները հանդես են գալիս ի պաշտպանություն նախագահ Ռոհանիիՙ Ամերիկային ներկայացրած վերջնագրի, որի համաձայն, Իրանը երկու ամիս հետո կարագացնի ուրանի հարստացման տեմպերը, եթե մինչ այդ նոր միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություն ձեռք չբերվի այն բազմակողմ համաձայնագրի փոխարեն, որից ԱՄՆ-ը դուրս եկավ մեկ տարի առաջ:ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է, որ իրանցիներին ամերիկացիների հասցեագրած մեղադրանքները «հիմնված են հետախուզական կեղծ տվյալների վրա, որոնց հեղինակները նույն մարդիկ են, որոնք 2003 թվականին ներխուժում իրականացրին Իրաք»:Ինչպես տեղեկացնում է The Independent թերթը, ամերիկացիները նոր պատժամիջոցներ են ձեռնարկում Իրանի դեմ, որպեսզի ճնշման ներքո նրան ստիպեն հրաժարվել միջուկային համաձայնագրից: Ըստ նախագահ Թրամփի, մայիսի 8-ի որոշման պատճառն այն է, որ Իրանը չի կատարում այդ ծրագրի որոշ կետեր: Սահմանափակումները վերաբերում են իրանական պղնձի, ալյումինի, երկաթի, պողպատի արտադրությանը, որոնք, Պենտագոնի տվյալներով, կազմում են Իրանի արտահանության ընդհանուր ծավալի 10 տոկոսը:Ավելի վաղ, Իրանը հայտարարել էր, որ ինքը դադարեցնում է 2015 թ. ստորագրված միջուկային համաձայնագրի որոշ պարտավորությունների կատարումը, այդ թվում, դադարեցնում է ուրանի եւ ծանր ջրի ավելցուկների վաճառքը: Ինչպես նշում է հրատարակությունը, մինչեւ համաձայնագրի ուղղակի խախտումը մնացել է միայն մեկ քայլ: Երկիրը սպառնում է դիմել առավել վճռական գործողություններ, եթե համաձայնագրի մյուս մասնակիցները իրանցիներին չպաշպանեն ԱՄՆ-ի պատժամիջոցներից:Ի պատասխանՙ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ Իրանի վրա ճշում կգործադրվի, մինչեւ որ նա հրաժարվի միջուկային զենքի ստեղծման մտադրությունից եւ դադարեցնի բալիստիկ հրթիռների մշակումը:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանիսիան, Գերմանիան, Ռուսաստանը եւ Չինաստանը 2015 թ. ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի, Թեհրանը դադարեցնում է միջուկային զենքի պատրաստումը հակաիրանական միջազգային պատժամիջոցների վերացման դիմաց: ԱՄՆ-ը մեկ տարի առաջ դուրս եկավ համաձայնագրից, իսկ մյուս մասնակիցները տնտեսական եւ քաղաքական արտոնություններով շարունակում են աջակցել Իրանին:Սակայն մայիսի 8-ին Իրանը համաձայնագրի մասնակիցներից պահանջեց 60 օրում մշակել փաստաթղթի նոր պայմաններ, այլապես ինքը կվերսկսի հարստացված ուրանի արտադրությունը եւ կմոտենա միջուկային զենքի արտադրության նշագծին: Ֆրանսիան եւ Գերմանիան կողմ են համաձայնագրի պահպանմանը եւ Իրանին նախազգուշացնում են, որ չխախտի իր ստանձնած պարտավորությունները: Չինաստանը եւս կողմ է համաձայնագի պահպանմանը եւ դրա մասնակիցներին անկեղծ երկխոսության կոչ է անում:ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն օրերս Մեծ Բրիտանիա կատարած այցելության ժամանակ հայտարարեց, որ իր երկիրը հանդես է գալիս Իրանում ժողովրդավարական վարչակարգի հաստատման օգտին:Միեւնույն ժամանակ, իրանական Kayhan հրատարակության համաձայն, վերսկսվել են Մերձավոր Արեւելքում այսպես կոչված «արաբական ՆԱՏՕ-ի» ստեղծմանը վերաբերող խոսակցությունները, որոնց նպատակը, ըստ Վաշինգտոնի վարչակազմի, պետք է լինի Իրանից բխող սպառնալիքին դիմակայելը: Ենթադրվում է, որ այդ դաշինքի մեջ կմտնեն տարածաշրջանի վեց պետություններՙ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Քուվեյթը, Քաթարը եւ Օմանը: Հնարավոր է նաեւ Եգիպտոսի եւ Հորդանանի մասնակցությունը: Այսինքն, արդեն որերորդ անգամ, Վաշինգտոնը Իրանին դնում է իր մերձավորարեւելյան խաղի կենտրոնում:Ըստ որում, Պենտագոնը չի նշում ռազմական նախապատրաստությունների կոնկրետ նպատակը եւ այն, թե ինչպիսի վտանգավոր գործողություններ կարելի է սպասել Իրանից: Ավելի վաղ, իսրայելական հետախուզության տվյալները վկայակոչելովՙ Սպիտակ տունը հայտարարել էր, թե Իրանը ԱՄՆ-ի դեմ գործողություններ է պատրաստում Իրաքում: Ավելի ուշ, երբ Թեհրանը հայտարարեց, որ, իրանական նավթի վաճառքի արգելմանն ի պատասխան, ինքը կարող է շրջափակել Պարսից ծոցը, ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը տարածեց նախազգուշացում, ըստ որի, ամերիկյան առեւտրային, մասնավորապես նավթատար նավերը կարող են վտանգի ենթարկվել Իրանի կողմից:Ամերիկացիները իրենց դաշնակիցներին, այդ թվումՙ Իրանի հարեւան Թուրքիային, ստիպում են միանալ իրենց պատժամիջոցներին, ինչը, ըստ CNBC հեռուստաալիքի, ակնհայտորեն սադրիչ բնույթ է կրում: Ջոն Բոլթոնի խոսքերով, ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի նկատմամբ դիմելու ոչ միայն ռազմական միջամտության, այլեւ «մեղմ ուժի» կիրառման: The Wall Street Journal թերթի բնորոշման համաձայն, չի բացառվում, որ ներկայումս Պենտագոնը սեփական ուժերի վերաբաշխում իրականացնի Իրանի ուղղությամբ, որպեսզի վերջին հաշվով սահմանափակի Ռուսաստանի, Չինաստանի եւ Թուրքիայի գործողությունները Լատինական Ամերիկայում:Վաշինգտոնյան վարչակազմի ներկայացուցիչներ Բոլթոնը եւ Պոմպեոն փորձում են ստեղծել եւս մեկ համապարփակ ճակատ, կարծում է նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի խորհրդական Պատրիկ Բյուքենենը : Ավելի վաղ Բոլթոնը հայտարարել էր, որ Վենեսուելայում Վաշինգտոնի աջակցությամբ կարող է տեղի ունենալ իշխանափոխություն, բայց դա չէր հանգեցրել առանձնահատուկ հետեւանքների, քանի որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ կազմակերպված խռովությունը ձախողվել էր: Այդպես կարող է պատահել նաեւ Իրանում:Սաբոտաժ Օրմուզի նեղուցումՄայիսի 13-ին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտակայքում սաբոտաժի են ենթարկվել իրենց նավթատար նավերից երկուսը: Տեղի են ունեցել հարձակումներ, որոնք ԱՄԷ-ն բնութագրել է որպես պառնալիք նավթի փոխադրումների համար: ԱՄՆ-ի եւ Իրանի փոխհարաբերությունների վատթարացման պատճառով վերջին շաբաթներին աճել է լարվածությունը նավթատար նավերով խճողված Պարսից ծոցի շրջանում:Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, վերոհիշյալ նավերից մեկը պետք է սաուդյան անմշակ նավթով լիցքավորվեր Ռաս Թաննուրա նավահանգստում, որպեսզի բեռը հասցներ ամերիկացի գնորդներին: Նշվում է, որ սաուդյան երկու նավթատար նավերին զգալի վնասներ են պատճառվել:Ավելի վաղ, կիրակի օրը, ԱՄԷ-ն տեղեկացրել էր, որ իր արեւելյան ափերի մոտակայքում սաբոտաժի են ենթարկվել չորս առեւտրային նավեր: Սակայն առայժմ ստուգապես հայտնի չէ, թե սաուդցիների եւ ԱՄԷ-ի նշած նավերը նույնն էին, թե՞ ոչ: Տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ անցկացվում է քննություն: |