Մինչ Երեւանում տարբեր «խաղաղության այլընտրանքներ» ու «երկու ժողովուրդների համակեցության» բանաձեւեր են առաջարկվում, Ադրբեջանում լրջորեն պատրաստվում են պատերազմի: Սա գաղտնիք չէ, ոչ էլՙ բացահայտում, սա պարզ իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել եւ… պատրաստվել: Որովհետեւ թե՛ բանակցային սեղանների շուրջ, թե՛ այլ ամբիոններում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը յոթ երգ գիտի, յոթն էլ «իր տարածքային ամբողջականության մասին»: Դրանք երգեր են, որոնք հատկապես «թանձր մուղամի» էին վերածվել 2014 թ. հուլիս-օգոստոս ամսիներին եւ «վերջնական համերգով» աշխարհին ներկայացան 2016 թ. ապրիլ ամսին: Նույն մեղեդիները Բաքվից լսում ենք նաեւ այսօր: Ըստ էության, երբեք չմոռանալով 2016թ. ապրիլը, պետք է հստակ քայլեր ձեռնարկեինք թե՛ սպառազինության ոլորտում, թե՛ դիվանագիտության: Իսկ ի՞նչ ենք անում: Շրջանցենք դիվանագիտությունը. ի՞նչ կարիք կա խոսել մի բանի մասին, որը գործնականում գոյություն չունի:
2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին մեր հասարակությունն սկսել է կարծիքը փոխել: Մասնավորապես կարծիք կա, որ Փաշինյանը կարողացել է ճնշել Ալիեւին, որի հետեւանքով էլ սահմանում, համեմատ անցած երեք տասնամյակների, վերջին մեկ տարում ամենաքիչ կրակոցներն են եղել: Միֆ, որը խախտվեց բոլորովին վերջերս: Միֆ, որը 5-րդ ալիքին տված հարցազրույցի ժամանակ համառորեն պնդում էր Ալեն Սիմոնյանը: Այդ միֆն ավելի շատ ստեղծվել էր մեր իշխանափոխության հետ կապվածՙ ադրբեջանական հույսերի շրջանում, քանի որ վերջիններս հույս ունեին, որ «ղարաբաղյան կլանի» մեկուսացումը Արցախը կնվիրի Ադրբեջանին:
Թերթի նախորդ համարներում պարբերաբար անդրադարձել եմ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ու, դրան համապատասխանող, զորավարժությունների անցկացմանն ու զինուժի զինտեխնիկայով համալրմանը: Մասնավորապես ապրիլ ամսվա վերջին տասնօրյակում հակառակորդիՙ ՊՆ ենթակայության տակ գտնվող մեդիառեսուրսները մի քանի անգամ ապատեղեկատվություն տարածեցինՙ իբր Աղդամի ուղղությամբ հայերը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակել են մանկահասակ երեխաների ուղղությամբ, ինչպես նաեւ վնասել բնակելի տներ: Թեպետ մեր ՊՆ-ն հերքեց մեղադրանքները, այնուամենյանիվ, նկատի ունենալով անցյալի փորձը, պարզ էր, որ այս զրպարտությունները հենց այնպես չեն արվում: Դրա վառ ապացույցը եղան, ցավոք սրտի, հայկական զինուժի երկու վիրավոր զինվորները: Ավելինՙ այդ հայտարարություններից հետո ադրբեջանական զինուժն սկսեց վերջին մեկ տարվա համար աննախադեպ սանձարձակություն թույլ տալ սահմանագծի գրեթե ողջ երկայնքով:
Օրինակՙ միայն ապրիլի 21-27-ը, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կրակել է մոտ 3700 տարբեր տրամաչափի փամփուշտ: Ավելի ուշ իմացանք, որ գնդակովծվել է Բաղանիս-Այգեպար ճանապարհը, գրեթե նույն ժամանակահատվածումՙ Մատաղիսի ուղղությամբ կրակի տակ էր առնվել հայկական դիրքեր հաց տեղափոխող մեքենան:
Կարեւոր է նկատել նաեւ, որ ի տարբերություն նախորդ տարիների, Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը 2019թ. զորավարժությունները հրահանգել է իրականացնել այնպիսի ժամերի ու վայրերում, որ դրանք հնարավորինս մոտ լինեն մարտական գործողություններին, քանի որ «ադրբեջանական բանակն ամեն րոպե կարող է հարձակվել ու «ազատագրել իր հողերը»»:
2019թ. ադրբեջանական բանակի զորավարժություններն աննախադեպ են նաեւ հաճախականությամբ: Տարվա միայն առաջին քառամսյակում արդեն անցկացվել են մեկ տասնյակից ավելի զորավարժություններ: Վերջինը, ինչպես իմացանք, Թուրքիայի հետ համատեղ արվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունն է, որի առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, երկրորդըՙ կմեկնարկի մայիսի 13ին:
Նմանատիպ պատրաստություններ Բաքուն տեսել է նաեւ Ապրիլյան պատերազմից մեկ տարի առաջ, այսինքնՙ ձեռագիրը չի փոխվել:
Միաժամանակ Ադրբեջանում մեծածավալ քարոզչություն է տարվում նաեւ ժողովրդի շրջանում, պետական օղակներն ամեն օր շոյելով հասարակության ականջը, նրան պատրաստում են պատերազմի:
Ցավոք սրտի, նույնը չի արվում Հայաստանում: Եվ որքան էլ փորձեն հերքել սա, փաստը մնում է փաստ: Մեր երկրում դեռ զբաղված են «բռնոցի» խաղալով: Իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդպես էլ չհաղթահարելով աշխարհահռչակ իտալացի գրող Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» դետեկտիվ վեպն ու դրա հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը, շարունակում են «զիլ տղա» խաղալ: Մեր երկրի մայրաքաղաքում վխտում են թուրք ու ադրբեջանցի սիրողները, ավելինՙ նրանք ամենուր քարոզում են սիրել ու բարեկամանալ, հարազատանալ վերոհիշյալների հետ, փորձել հաշտության եզրեր գտնել ու համատեղ ապրել նրանց հետ. սա քարոզ է, որը կարող է դառը պտուղներ տալ եւ դժբախտաբար մինչ օրս այս քարոզի դեմ ոչ մի պատկան մարմին չի պայքարում:
Ես հստակ չեմ կարող ասել` կաթոլիկությունը լա՞վ է թե՞ վատ, բայց կարող եմ հաստատել, որ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու ջանքերը շատ վատ երեւույթներ են: Թշնամին ամեն օր պատրաստվում է պատերազմի, մենք խոսում ենք խաղաղության ու զիջումների մասին: Դա սխալ մոտեցում է, որովհետեւ, եթե մենք պատրաստ չենք պատերազմի, անիմաստ է մտածել խաղաղության մասին, դա քաղցած մարդու երազ է, ճոխ սեղանների մասին: Եւ մի բան էլ` զիջողական տրամադրությունները դարեր շարունակ մասնատել են մեր երկիրը: Պատմությունը զորեղ ուսուցիչ է…