Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակովՙ բարերար Վարդան Նազիրյանին շնորհվել է Սբ. Ներսես Շնորհալի պատվո շքանշանՙ ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տեր Հովնան արք. Տերտերյանի:Շքանշանը Վ. Նազիրյանին է հանձնվել Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցումՙ հանդիսավոր պայմաններում:Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակում նշված է.«Դուք աննվազ նախանձախնդրությամբ ազնիվ ջանքեր եք ներդրել եւ նյութական աջակցություն բերել ի նպաստ ազգօգուտ բազմաթիվ ծրագրերի, որոնք կյանքի են կոչվել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության եւ այլ հաստատությունների կողմից: Բարի գործերի Ձեր վաստակը հարստացրել եք նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի մայր տաճարին եւ թեմական տարբեր նախաձեռնությունների իրականացմանն ի նպաստ կատարած բարերարություններով, որոնք ծառայում են մեր ժողովրդի զավակների ազգային ու հոգեւոր կյանքի զորացմանն ու պայծառությանը:Ազգային եւ եկեղեցանվեր Ձեր արդյունաշատ ծառայության բարձր գնահատականով, սիրով ընդառաջ թեմակալ առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ պատվո բարձր շքանշանը» :Ցուցադրվել է նաեւ Նազիրյանիՙ մայր հայրենիքում եւ Սփյուռքում ծավալած հայրենանվեր, ազգօգուտ եւ եկեղեցանպաստ երկարամյա գործունեություն եւ կյանքի մասին պատմող երկու ֆիլմՙ անգլերենով եւ հայերենով: |