Մինչ վարչապետ Փաշինյանը պատրաստվում էր ամփոփել իր պաշտոնավարման մեկ տարին` Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում տպագրվեց Հայաստանի նախկին նախագահի փեսա Միքայել Մինասյանի նոր հոդվածը` «Հայկականության նոր ճարտարապետություն կերտելու մասին» վերնագրով, Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց տվեց «Ռոյթերին», իսկ Արցախում էլ տեղի ունեցավ մի համաժողով, որտեղ հավաքված ուժերը փորձում էին հստակեցնել հայկական դիրքորոշումն Արցախի հարցի վերաբերյալ….
Միքայել Մինասյանը խոսում էր համահայկականության նոր, համարձակ ու արդյունավետ արտաքին ճարտարապետության անհրաժեշտության մասին, Ռոբերտ Քոչարյանն ասում էր, թե կմիանա այժմ միավորվող ընդդիմադիր հզոր ուժերին, որոնք շուտով մարտահրավեր են նետելու Հայաստանի նոր իշխանություններին, որոշակի քաղաքական ուժերը Արցախից էին խորհրդաժողովի լեզվով բան հասկացնում դեպի Հայաստան: Խորհրդարանում ընդդիմության դիմակայությամբ (երկու ընդդիադիր խմբակցություններն էլ դեմ քվեարկեցին) ընդուվեց կառավարության կառուցվածքային փոփոխություների մասին օրինագիծը` «Իմ քայլը» միայնակ փաստորեն ստանձնեց այդ կառուցվածքով կառավարության հաջողությունը կամ ձախողումը:
Նախորդել էր նաեւ Գագիկ Ծառուկյանի պատասխանը` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ` գործարարությամբ չզբաղվելու մասին համոզիչ ապացույցներ ներկայացնելու պահանջին. ոչ, Ծառուկյանը գործարարությամբ չի զբաղվում, իր բաժին բիզնեսները տվել է հավատարմագրային կառավարման, այդ հարցը բարձրացնում են ոչինչ չարած, նախանձ մարդիկ:
Չգիտենք` այս կարգի պատահականություններ շատ են լինում, թե՞ ոչ, բայց այս զուգահեռ իրականության ֆոնին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփում էր իր կառավարման մեկ տարին:
Տեխնիկական պատճառով չկարողացա մասնակցել այդ ասուլիսին, ու որ ներկա լինեի` հարցնելու էի, թե Փաշինյանն ինչ բանաձեւ ունի ազգի ներսում հանդուրժողականություն ու միասնականություն ներդնելու հարցում:
Ասուլիսը տեւեց մոտ յոթ ժամ (սա ժամանակային առումով, կարելի է ասել, մազոխիզմ է)`այնտեղ շատ նոր մտքեր, անգամ սենսացիոն հայտարարություններ հնչեցին, չենք կարող մեծ մասին անդրադառնալ, առանձնացնենք երկու-երեք հասարակական հնչեղություն ունեցողները` հուսալով, որ իրական հետաքրքրվողներն ուղիղ հետեւել են ասուլիսին:
Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի օբյեկտիվ քննությունը ԱԱԾ-ի կողմից կասկածի տակ դնող հարցին ի պատասխան. ԱԱԾ-ը չի կարող գործն օբյեկտիվ չքննել, քանի որ Հայաստանը, Փաշինյանի խոսքով` ընկերապետություն չի, հին սխեմաների հարթությունն այեւս գոյություն չունի, եթե օբյեկտիվ քննություն չլինի` քննություն իրականցնողները դաժանորեն կպատժեն, չնայած այն բանին, որ Սանասարյանը վարչապետի ընկերն էլ է: Իսկ թե գործի հարուցումը ԱԱԾ-ՊՎԾ հակամարտության, այսինքն` իշխանության թեւերի հակամարտության արդյունք է` Փաշինյանը կոշտացավ, թե միթե ինքը նման է մարդու, ում կառավարությունում թեւեր պետք է լինեն, եթե այդպիսի թեւեր հայտնվեն` անմիջապես կկտրի դրանք, չորացնելով սաղմնային վիճակում…
Ի դեպ` այդ հարցին պատասխանելիս վարչապետը սենսացիոն հայտարարություն էլ արեց, թե նախկին իշխանությունները հեռանալիս ԱԱԾ արխիվից նյութեր են ոչնչացրել, դա հանցագործություն է, ու դրա առթիվ այժմ քննություն է իրականացվում: Ավելի ուշ` Հայաստանում մինչեւ այժմ եղած գործակալական ցանցը քողազերծելու հարց-առաջարկին ի պատասխան էլ ասաց, թե ԱԱԾ արխիվներ են ոչնչացվել, ի՜նչ լյուստրացիայի մասին է խոսքը:
Ի դեպ` այս մասին Փաշինյանը խոսել է նաեւ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորի հարցին: Նա նշել է, որ ծառայողական նյութերի բացակայության փաստը հայտնաբերվել է անցած տարվա ամռանը: Այժմ ծառայողական քննություն է կատարվում, նյութերն իրենց տեղում չեն, հնարավոր է քրեական գործ հարուցվի եւ ծառայողական հետաքննություն սկսվի, քանի որ նյութերը վերաբերում են ներքին գործընթացների լուրջ հատվածի, այդ թվումՙ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: «Դրանք կապված են ե՛ւ անձերի, ե՛ւ իրադարձությունների հետ: Հայտնաբերվում են նյութերի հատվածները, եւ երբ անցկացվում է ստուգում, պարզվում է, որ սկզբնաղբյուրը չկա: Ես չեմ կարող ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել, սակայն փաստը մնում է փաստ: Մենք հատուկ ստուգում չենք անցկացրել, այլ նյութերի բացակայությունը նկատել ենք հետաքննություն անցկացնող մարմինների աշխատանքի ընթացքում», ասել է վարչապետը:
Վերջին շրջանում սահմանի լարվածության հետ կապված հարցին ի պատասխան ` վարչապետը նշեց, թե Ալիեւի հետ շուրջօրյա կապ կա, շփվում են իր ու նրա ներկայացուցիչները, փորձում են ճշտել տեղի ունեցողի վերաբերյալ տեղեկատվությունը, հայկական կողմը հայտնել է երկու վիրավորի, ադրբեջանական կողմը` մեկ վիրավորի մասին, պատճառների վերաբերյալ տեղեկությունների տարըբռնում կա: Տեղեկություններ փոխանակվում են` եզրահանգումերի գալու համար, այդ թվում` ԵԱՀԿ նախագահի ներկայացուցչի միջոցով եւս փորձ է կատարվում ամբողջական պատկեր ստանալ:
Ըստ վարչապետ Փաշինյանի` Ադրբեջանը վերջին 25 տարում պատրաստվում է պատերազմի, եթե կրակոցներ են, ուրեմն կիսապատերազմական վիճակում ենք, որոշ լարում կա, բայց ընդհանուր առմամբ կայունությունը պահպանվում է, Վիեննայի հայտարարությանը կողմերը պետք է հավատարիմ մնան, եւ պետք է հասկանանքՙ կողմերից մեկն արդյո՞ք ապակայունացնելու հրաման է տվել, քանի որ փոխադարձ մեղադրանքներ կան:
Բուն ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ վարչապետը գաղտնիքներ չունի եւ չի ունենալու, եթե իրեն մնար` հենց սոցիալական ցանցերով ամեն բան կպատմեր, քանի որ գտնում է` Ղարաբաղի հարցին ամեն հայ պետք է տիրապետի: Բայց հարցի շուրջ որոշ կոռեկտության պահպանման խնդիր կա.«Մեր քաղաքականությունը Ղարաբաղի հարցի վերաբերյալ էնքան բաց է, բացի կոռեկտությանը վերաբերող դետալներից»:
Սուպերվարչապետական համակարգից չհրաժարվելու հարցին պատասխանելով` Փաշինյանը մի պահ անցավ պատկերավորության, թեՙ ո՞րն է սուպերվարչապետությունը, երբ վարչապետը կարճ ժամանակում հինգ ասուլիս է անում, պատասխանում բոլոր լրագրողների բոլոր հարցերին, առհասարակ` շփվում է քաղաքացիների հետ, բիզնեսում քվոտաներ չի սահմանում, դատավորների վճիռների վրա չի ազդում, գնում է դատարան` որպես վկա, վարչապետի մեքենան կարմիր լույսի տակ կանգնում է….
Ըստ նրա`սուպերվարչապետական կարգն արդեն իսկ վերացված է ընտրություններով, ժողովրդավարական երկրում չի կարող սուպերվարչապետական համակարգ լինել:
Անդրադառնալով նախորդ իշխանությանն այն բացվածքով, թե Սերժ Սարգսյանի կողմից հարցերին պատասխաններ հնչեցնելը սպասվում է, նա հակադարձեց, թե Սերժ Սարգսյանը նախ պետք է պատասխանի` ինչպե՞ս էր, որ սահման պահող զինվորը «մայկա- տրուսիկ» չուներ, իսկ Սերժ Սարգսյանի ընտանիքը միլիոնատեր էր: Ու նման շատ հարցերի պետք է պատասխանեն նա էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, մյուսներն էլ` թե ինչպես են իրենց որդիները , փեսաները միլիոնատեր. «Մենք սահմափակված ենք օրենքով` եթե պարզվի, որ վարչապետի ընտանիքի որեւէ անդամ միլիոնատեր է դարձել վարչապետության արդյունքում, հաջորդ պահին ես բանտում պետք է լինեմ: Ամեն դոլարի համար պետք է պատասխանեն»:
Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ` Հայաստանի գլխավոր դատախազին դիմելու եւ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքի մասին էլ ասաց, թե հասկանում է նրանց մարդկայնորեն, երեւի ընկերներ են եղել, Ռ. Քոչարյանն Արցախի առաջին նախագահն է եղել: Մյուս կողմից` նրանք իրավական ճիշտ խորհուրդ չեն ստացել, ըստ վարչապետի, գլխավոր դատախազն այս պահին նման իրավասություն չունի: Ապա հեգնեց, թե Արցախի մյուս հերոսի` Մանվել Գրիգորյանի համար ինչո՞ւ չեն դիմել:
ԱԱԾ-ը սուպերկառույցի չի վերածվել, այդպիսի հարց կար, հեղափոխությունից առաջ ավելի գերկառույց է եղել, որով քաղաքականությամբ զբաղվողները լծակ են ունեցել մյուս քաղաքականությամբ զբաղվողներին ճնշելու: Իսկ հիմա շարքային, սովորական իրավապահ կառույց է, երբ ձեւավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին` որոշ լիազորություններ կվերցվեն ԱԱԾ-ից, քննարկվում է նոր կառույցի լիազորությունների շրջանակը: Վարչապետը նաեւ նշեց, որ Հայաստանն առանձին հետախուզական ծառայություն պետք է ունենա` սա էլ է մանրամասն քննարկելիք հարց:
Փաշինյանի երազանքն է հեռանալ պաշտոնից ազատ, անկախ ընտրություններով. «Դա իմ քաղաքական առաքելությունը կհամարեմ, որ Հայաստանում այդպես լինի: Գալն ու գնալւը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով լինի»: