Անկախ լրագրող Դավիթ Բոյաջյանի հաղորդմամբ (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր) Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Բելմոնտի (Մասաչուսեթս) հանրային գրադարանը (տնօրենՙ Փիթըր Ստրուցիերո) հատուկ ցուցահանդես է կազմակերպել հայկական գրքերի, խտասկավառակների (CD) եւ թվային տեսասկավառակների (DVD): Մի խումբ ամերիկահայեր, որոնց թվում են լրատվության հեղինակը, Ժիրայր Հովսեփյանը, Լուսինե Գասպարյանը, Մարկ Մամիկոնյանը, Հիթեր Քրաֆյանը եւ Ջուդիթ Անանյան-Սառնոն, մտահղացել են այս գաղափարը եւ առաջարկել մոտ 40 վերնագրեր, որոնք արժանացել են գրադարանի տնօրենության հավանությանը:
Ցուցադրված անգլերեն գրքերի թվում են Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանության պատմությունը», Թաներ Աքչամի «Սպանության հրամանները», Քրիստոֆեր Ուոքերի «Հայաստանՙ մի ամբողջ ազգի վերապրումը», Ռոբերտ Արամ Գալուստյանի «Դատեմՙ հորս գյուղը», Գառնիկ Փանյանի «Ցտեսություն, Անտուրա», Վրեժ Ներսեսյանի «Գանձեր տապանից: 1700-ամյա Հայկական քրիստոնեական արվեստը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը», Քրիս Բոյաջյանի «Ավազե ամրոցի աղջիկները» եւ Լեւոն Աբրահամյանի ու Նենսի եւ Սեմ Սուիզիների «Հայկական ժողովրդական արվեստը եւ մշակույթը»: Ցուցադրվել են նաեւ Դին Կեյնի եւ Մոնտել Ուիլյամսի «Ժխտողականության ճարտարապետները» ֆիլմը եւ «Կոմիտաս-Ասլամազյան» խտասալիկը Չիլինգիրյան քառյակի կատարմամբ:
Գաղափարը մտահղացողներից Հովսեփյանը Բելմոնտի քաղաքային խորհրդի անդամ է, Գասպարյանըՙ գրող եւ քաղաքական ծաղրանկարիչ, Քրաֆյանըՙ Հայ օգնության ընկերության (արեւելյան շրջանի) վարչության անդամ, Մամիկոնյանըՙ ՆԱԱՍՐ-ի ակադեմիական գործերի տնօրեն, իսկ Անանյան-Սառնոնՙ Բելմոնտի Քաղխորհրդի անդամ: