Մեդֆորդի (Մասաչուսետս) Թաֆթս համալսարանի Գոդար մատուռում, հովանավորությամբ այդ համալսարանի պատմության բաժանմունքի, հայոց պատմության Տարաքչյան-Ջաֆարյան ամբիոնի, հայկական ակումբի եւ հայագիտական ուսմանց եւ հետազոտությունների ազգային ընկերակցության, ապրիլի 4-ին տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություն, որի ընթացքում բանախոսությամբ հանդես է գալու Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանի կուրատոր դոկտ. Հելեն Էվանսը : Հենվելով թանգարանում վերջերս կազմակերպված «Armenia!» ցուցահանդեսի նմուշների տեղեկությունների վրա, նա խոսելու է «Հիշատակման միջնադարյան ավանդույթների» մասին: «Հայերը հավատում են հիշատակման գերագույն ուժի առկայությանը, որը դաժան ու սարսափելի ժամանակներում ինքնապահպանման խթան է հանդիսացել, ինչը շատ վառ արտահայտված է միջնադարյան ձեռագրերում, հիշատակարաններում եւ եկեղեցիների ճակատային մասի արձանագրություններում», նշել է Էվանսը, որ 1994-ին Մորգան գրադարան-թանգարանում կազմակերպել էր հայկական հին ձեռագրերի «Treasures in Heaven» ցուցահանդեսը, 1997-ին Մետրոպոլիտեն թանգարանումՙ «Բյուզանդիոնի փառքը (843-1261)» եւ 2012-ինՙ «Բյուզանդիան եւ մահմեդականությունը (անցման ժամանակաշրջան: 7-9-րդ դարեր)» ցուցահանդեսները: