Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ձգտում է վավերացնել Բրյուսելում 2017-ի նոյեմբերին 24-ին ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, ծանուցում է Բունդեսթագի կայքէջը: Ապրիլի 4-ին ժամը 13.15-ին Բունդեսթագի 92-րդ նիստում երկրորդ ( հնարավոր է նաեւՙ երրորդ ) ընթերցման է դրվելու փետրվարի 21-ին առաջին ընթերցումն անցած օրենքի նախագիծը: Քննարկման համար նախատեսված է 45 րոպե, իրազեկ ենք դառնում ԳԴՀ օրենսդիր մարմնի առցանց հաղորդագրությունից:
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ-ն համաձայնագիրը վավերացրել է միաձայնՙ 2018-ի ապրիլի 11-ին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում վավերացումից հետո:
ԵՄ անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան, Մալթան, Դանիան արդեն վավերացրել են վերոհիշյալ համաձայնագիրը: Օրեր առաջ նաեւ Շվեդիայի կառավարությունը երկրի օրենսդիրիՙ Ռիքսդագի վավերացմանն է ներկայացրել փաստաթուղթը: