Բրիտանիան քաղաքական սուր ճգնաժամի շեմին
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժեց վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած փոփոխված Brexit-ի համաձայնագիրը: Խորհրդարանի 391 պատգամավորներից 242—ը դեմ քվեարկեցին:
Մեծ Բրիտանիայի կոշտ Brexit-ի հավանականությունը մեծացել է բրիտանական խորհրդարանի քվեարկությունից հետո, ընդգծում է Եվրոհանձնաժողովի մամլո ծառայությունում: Բրիտանացի պատգամավորները գտնում են, որ Իռլանդիայի սահմանի վերաբերյալ Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերից Թերեզա Մեյի ստացած երաշխիքներն անբավարար են:
Brexit-ի հետ կապված քաղաքական գործոնը համապարփակ վտանգ է պարունակում: Դրան առանձնակի սրություն է հաղորդում այն հանգամանքը, որ տեղի ունեցող իրադարձությունները բարելավման հույս չեն թողնում, չէ՞ որ դրանք տեղի են ունենում Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերջնաժամկետիՙ մարտի 29-ի նախօրեին: Փորձագետ Վլադիմիր Ռոժանկովսկին հավաստում է, որ Մեծ Բրիտանիան Brexit-ի առաջին հանրաքվեից եւ նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնի պաշտոնաթողությունից ի վեր հայտնվել է քաղաքական անչափ սուր ճգնաժամի շեմին:
Խորհրդարանի քվեարկությունը վարչապետ Թերեզա Մեյին է՛լ ավելի մոտեցրեց այն սահմանագծին, որին կհաջորդի նրա հրաժարականը, չէ՞ որ Մեյը վարչապետի պաշտոնում Քեմերոնին փոխարինեց որպես մի թեկնածու, որը ի վիճակի է բրիտանացիներին սահուն կերպով անջատել ԵՄ-ից: Իսկ իրականում դա տեղի ունեցավ փոթորկալի պայմաններում:
«Առայժմ հայտնի է մեկ բան. մարտի 12-ին գործի դրվեց չպայմանավորված Brexit-ի մղձավանջային հետհաշվարկը, որի հետեւանքով երկիրը, հավանաբար, կհայտնվի ֆինանսական ճգնաժամի մեջ: Չհամաձայնեցված Brexit-ը քաոս է: Մեյի համար բարեհաջող հանգամանքների դեպքում Եվրոմիության հաստատելիք եռամսյա երկարաձգումը կընկալվի որպես Մեծ Բրիտանիայի պարտություն, իսկ Brexit-ի արմատական կողմնակիցները կարող են չքվեարկել եւ նույնիսկ դուրս գալ կառավարությունից», կարծում է փորձագետը:
Եվրոմիության ղեկավարությունը համոզված է, որ Մեծ Բրիտանիային հարկավոր է օրինակելի կերպով եւ խստորեն պատժել, ըստ որում այնպես, որ դա բացասաբար ազդի բրիտանացիների վրա: Այդ մասին «Ռեգնում»-ին պատմել է Գլոբալացման եւ սոցիալական շարժումների ինստիտուտի տնօրեն Բորիս Կագարլիցկին ՙ մեկնաբանելով Brexit-ի ներկայացուցիչ Միշել Բարնյեի խոսքերը: Վերջինս հայտարարել է, որ Եվրոմիությունը մտադիր չէ Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունները շարունակել Brexit-ի երկրորդ տարբերակի ձախողումից հետո: Բրիտանացի գործարարների մի մասը պատրաստ է նույնիսկ ամենավատ գործարքը կնքել Եվրոմիության հետ, իսկ մյուս մասը, ընդհակառակը, պատրաստ է արագացնել Brexit-ը, որպեսզի աշխուժացնի երկրի տնտեսությունը եւ փնտրի նոր շուկաներ:
Սակայն պահպանողականների կառավարությունը հայտնվել է ծանր կացության մեջ եւ չի կարողանում որեւէ կոնկրետ որոշում ընդունել: Պահպանողականների կուսակցությունը պառակտված է մի քանի փոքր խմբավորումների, որոնք մշտական տարաձայնությունների մեջ են: «Նրանց համախմբում է միայն այն վախը, որ պահպանողականների կառավարության տապալման դեպքում իշխանությունը կանցնի լեյբորիստներին եւ նրանց առաջնորց Ջերեմի Քորբինին»:
Կագարլիցկու կարծիքով, ԵՄ-ից դուրս գալը ձեռնտու կարող է լինել Մեծ Բրիտանիային լոկ այն դեպքում, եթե վերջինս արմատապես փոխի իր տնտեսական քաղաքականությունը: Երկիրը կարող է Եվրոպայում առաջինը սկսել զանգվածային վերաինդուստրացումՙ կողմնորոշվելով ոչ այնքան դեպի արտաքին շուկաները, որքան դեպի ներքին շուկանՙ աշխատավարձերի եւ բնակչության եկամուտների ավելացման, ներքին պահանջարկի աճի հաշվինՙ եվրոպական շուկաների կորուստը փոխհատուցելով նախկին Բրիտանական կայսրության երկրների հետ կապերի սերտացմամբ: