ՀՈՎԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Շտապ վիրահատության անհրաժեշտություն ունեի, բայց ֆինանսական պայմանների պատճառով անընդհատ հետաձգվում էր: Գրողների միության նախագահ պրն. Միլիտոնյանն ասաց, որ ներքին պայմանավորվածություն ունենք «Մեդլայն» կլինիկայի հետ, կարող եմ գնալ եւ համապատասխան օգնություն ստանալ, եւ, որ մի քանի տարվա ընթացքում շատ գրողներ են օգտվել:
Անկեղծ ասած, հավատալս չէր գալիս, թե մեր ժամանակներում նման մարդասիրություն կարող է լինել: Հատկապես գրողների հանդեպ, երբ մարդիկ գիրք չեն կարդում, երբ մեծ դժվարությամբ տպագրված գրքերը մնում են գրախանութների դարակներում: Համոզելու համար Միլիտոնյանը զանգահարեց տնօրենին: Ես անմիջապես մեկնեցի: Եվ ինչքան մեծ էր զարմանքս, երբ դեռ կես ճանապարհին կլինիկայի աշխատակցուհին կապվեց ինձ հետ, բացատրեցՙ ինչպես հասնել կլինիկա եւ ում մոտենալ:
Հարցերը լուծվեցվին անմիջապես, գլխապտույտ արագությամբ: Աշխատակցուհին վերցրեց անձնագիրս, համապատասխան գրանցումներ արեց: Այդ եւ հաջորդ օրը նա անձամբ ինձ առաջնորդեց մասնագետ բժիշկների մոտ, կատարվեցին բոլոր անհրաժեշտ անալիզներն ու հետազոտությունները: Այնպես, որ երրորդ օրն արդեն ամեն ինչ պատրաստ էր վիրահատության համար:Հանդիպեցի վիրահատող բժշկինՙ «Մեդլայն» կլինիկայի գլխավոր բժիշկ, Երեւան քաղաքի գլխավոր պլաստիկ վիրաբույժ եւ միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանին: Անհավատալի բարությամբ մի մարդ, ոչ հաճախակի հանդիպող լավատես, ներքին խաղաղությամբ եւ հոգատար:
Կլինիկայից դուրս գրվելուց հետո կարող էի ազատորեն, ցանկացածս ժամի զանգահարել, խորհրդակցել: Բուժումը շարունակվում էր տանը: Գիշերը հանկարծ վիրահատված մասից ուժեղ արյունահոսություն սկսվեց: Շփոթվեցինք, իրար անցանք, ցանկանում էինք շտապօգնություն զանգահարել: Մտածում էինք, թե անհարմար է բժշկին անհանգստացնել այդ ուշ ժամին: Բայց բոլոր դեպքերում զանգահարեցի, որովհետեւ վիճակը խուճապային էր դառնում: Եւ ինչպիսի պատրաստակամությամբ, հանգստությամբ ու իր գործը գերեզանց իմացողի վստահությամբ բժիշկը հանգստացրեց, խորհուրդներ տվեց, որոնք կատարելուց հետո արյունահոսությունն անմիջապես դադարեց: Իսկ ես կարծում էի, թե կդժգոհի այդքան ուշ ժամի անհանգստացնելու համար… Մարդկային փնտրված կերպար, որ հաճախ չի հանդիպում, բայց որի կարիքն ունի լուսավոր դարի մարդկությունը:
Այսպիսին է « Մեդլայն» կլինիկայի ողջ աշխատակազմըՙ կրտսեր աշխատակցից մինչեւ տնօրենը եւ գլխավոր բժիշկը: Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տնօրեն Բաբկեն Շահումյանին, գլխավոր բժիշկ Կարեն Պետրոսյանին, Պլաստիկ էսթետիկ վիրաբույժ Շահեն Հովհաննիսյանին, անեստոզոլոգ Լիլիթ Բարսեղյանին եւ ողջ աշխատակազմինՙ ջերմ վերաբերմունքի, հոգատարության եւ իրենց մասնագիտությանն անմնացորդ նվիրվածության համար: