1914-1923 թվերի Հայոց ցեղասպանությունները ոգեկոչող խաչքար է տեղադրվել Քենտերբերիի տաճարում: Ըստ «Canthedral Newsletter» տեղեկատու պարբերականի, երկու մետր երկարությամբ եւ կես տոննա կշռող խաչքարը պատրաստել են տաճարի պաշտոնաթող (2016-ին) դատական կատարածու, բրիգադիր Ջոն Միըրդոնը եւ ինժեներ Վարդան Մոսկոֆյանը : Այն մարտի 2-ին տաճարի «Հիշատակի այգում» տեղադրվել է երեկոյան կարճ ժամերգության ընթացքում: «Վարդանն ու ես Քենտերբերիում գործող «պարզ ոճ» սիրողական քանդակագործության խմբի անդամներ ենք: Վարդանը պատրաստեց նախագիծը, իսկ ես ավագ քահանային խնդրեցի օժանդակել: Առաջարկը ընդունվեց, քանի որ ժամանակին (առաջին աշխարհամարտի օրերին) արքեպիսկոպոս Ռենդոլ Դավիթսոնը հայկական հարցի հետապնդման ջատագովներից էր եղել եւ այժմ էլ հանգչում է տաճարի կամարակապ սրահում: Հայ համայնքի ջանքերի շնորհիվ հավաքվեց անհրաժեշտ գումարը, որպեսզի քարը Հայաստանից տեղափոխվի Քենտերբերի: Աշխատանքները սկսեցինք 2018-ի հուլիսին: Անսահմանության, հավերժության խորհրդանշանը, երկու սիրամարգերի հետ հսկում են դեպի երկինք տանող աստիճանները, որի տակ մակագրված էՙ «Ես գնում եմ դեպի լույսը», նշել է այդ առթիվ Միըրդոնը, ավելացնելով: «Տրդատ թագավորը մոտ 1300 տարի մեզանից առաջ քրիստոնեությունը որպես պետական կրոն հաստատեց Հայաստանում»:
Խաչքարի տեղակայման պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Քենտերբերիի արքեպիսկոպոս Ջաստին Ուելբին, ավագ քահանա Ռոբերտ Ուիլիսը եւ հայ համայնքի 200-ից ավելի ներկայացուցիչներ: