ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի օրերս տարածած հայտարարության անսովորությունն այն է, որ համանախագահները որոշեցին հրապարակել կարգավորման հիմքում ընկած օրակարգը: Նախ եւ առաջ, նրանք չեն պաշտպանում բանակցությունների ձեւաչափը փոփոխելու գաղափարըՙ ակնհայտորեն նկատի ունենալով բանակցություններում Արցախին ներգրավելու Փաշինյանի առաջարկությունը: Երկրորդ, նրանք որոշեցին պաշտոնական բնույթ հաղորդել 2009-2012 թթ. համանախագահների առաջարկած լրացուցիչ տարրերին:
Նախանշված է մի քանի կետՙ (առաջին) ԼՂ շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, ԼՂ ժամանակավոր կարգավիճակ, որը կապահովի անվտանգություն եւ ինքնակառավարում, (երկրորդ) Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցք, (երրորդ) իրավաբանորեն պարտադրող կամարտահայտման միջոցով Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշում, (չորրորդ) իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու բոլոր փախստականների եւ ներքին տեղահանված անձանց իրավունք, (հինգերորդ) անվտանգության երաշխիքներ, որոնք կներառնեն խաղաղարար գործողություն: Ըստ որում, ընդգծվում է, որ «սկզբունքներից կամ տարրերից մեկի նկատմամբ մյուսի գերադասումը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման ապահովումը»:
Ավելի վաղ, հակամարտող կողմերի քննարկումների ժամանակ, քննարկվել էր մասնավորապես կետերի հաջորդականությունը, օրինակՙ նախ տարածքների ազատում, ապա ԼՂ կարգավիճակի հարց ազատ կամարտահայտման միջոցով: Կամ էլ այդ երկուսն իրականացվում են միաժամանակ ԵԱՀԿ համանախագահ երկրների երաշխավորմամբ: Բայց խնդիրն այն է, որ նախանշված կետերը, որոնք այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերակն են, հակամարտող կողմերը որպես բանավոր պայմանավորվածությունների հիմք էին ընդունել, եւ դրանք իրավաբանական ուժ չունեն: Ուստի Բաքուն եւ Երեւանը կարող են որոշակի պայմաններում հրաժարվել այդ սկզբունքներին հետեւելուց: Այնպես որ, երբ Փաշինյանն առաջարկում է Ստեփանակերտին ներգրավել բանակցությունների ձեւաչափի մեջ, նրա հետ կարելի է միայն բանավիճել, համաձայնել կամ չհամաձայնել, բայց բնավ չի կարելի նրան մեղադրել իրավաբանորեն պարտադրող պայմանավորվածությունների խախտման մեջ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :
Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը իր հայտարարությամբ որոշակի «ծուղակներ» է ստեղծում: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան հայտարարեց, որ Բաքուն «հավանություն է տալիս արդյունքին միտված ինտենսիվ բանակցությունների միջոցով հակամարտության լուծմանը հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»: Անմիջապես հարց է ծագում. դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ադրբեջանական կողմը ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ սկզբունքները եւ պատրաստ է այդ հիմքի վրա բանակցել, թե՞ խոսքը միայն Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման անցկացման մասին է:
Ավելին, եթե Բաքուն բանակցությունների ձեւաչափը չփոխելու վերաբերյալ Մինսկի խմբի որոշումը ընկալում է որպես «հաղթանակ», ապա նա պետք է հասկանա, որ ԼՂ կարգավիճակի որոշման եւ հակամարտության գոտի միջազգային խաղաղարար կորպուս բերելը մեկ ուրիշ փուլում անխուսափելիորեն խաղի մեջ կմտցնի Ստեփանակերտը:
Ինչ վերաբերում է Երեւանին, ապա պետք է ընդունել նրա դիվանագիտական մանեւրայնությունը: Իր այն հայտարարությամբ, որ առանց Ստեփանակերտի ներգրավման անհնար է բանակցություններում առաջ շարժվել, Փաշինյանը ստեղծեց նոր իրավիճակ, որը ազդակ դարձավ Մինսկի խմբի հայտարարության համար: Ըստ որում, դա տեղի ունեցավ ՀՀ վարչապետի եւ ԱՀ նախագահի երեք, եւ երկու արգործնախարարների չորս հանդիպումներից հետո:
Հարկ է մատնանշել եւս մեկ հանգամանք. բանակցութունների ձեւաչափի փոփոխման գաղափարը մերժելովՙ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստորեն չառաջարկեց որեւէ նորամուծություն, իսկ գոյություն ունեցող սկզբունքների դեմ առարկություն ունեն Բաքուն ու Երեւանը կամ կողմերից որեւէ մեկը (օրինակՙ Ադրբեջանը շեշտը դնում է «տարածքային ամբողջականության վրա»):