Ս.թ. փետրվարի 20-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը վերադարձրեց Արգենտինայից Սերխիո Նահապետյանի վերաքննիչ բողոքը ընդդեմ Ռամկավար ազատական կուսակցության: Վերոհիշյալ անձնավորությունը, որ ներկայացել էր իբրեւ «Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ», դատարան է ներկայացրել բողոքՙ պահանջելով փոփոխել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի կողմից վավերացված Ռամկավար Ազատական կուսակցության կանոնադրության մեջ ամրագրված կուսակցության անվանումը, զինանշանի ու դրոշի նկարագրությունը:
Հիշեցնենք, որ նույն անձնավորությունը դեռեւս 2018 թ. փետրվարին նույն պահանջով դիմել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը 13.12.19 թվականի վճռով հայցն ամբողջությամբ մերժել էր: Իսկ Վերաքննիչի մերժումը փաստորեն հաստատում է բացահայտը, որ դիմորդը իրեն, ինչպես նաեւ իր «վարչությանը» համարելով դեռեւս 1921 թ.ին Կ. Պոլսում հիմնադրված ՌԱԿ-ի իրավաժառանգորդը, դատարանի առաջ անհեթեթ պահանջներ է դնում փոփոխության ենթարկելու օրինավորապես գրանցված կուսակցության կանոնադրությունը: