ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ, վերլուծաբան
Շաբաթաթերթի էջերը հեղեղված են հայհոյանքներով
«Հայ կեանքը» երկլեզու շաբաթաթերթ է: Լույս է տեսնում Լոս Անջելոսում: Թերթերն առհասարակ տեղեկատվություն են տալիս, հրապարակում են հոդվածներ եւ վերլուծություններ անում: Որպես կանոն, թերթի խմբագրապետը հոգ է տանում, որ հրապարակված տեղեկատվությունը լինի հնարավորինս հավաստի, հոդվածներն ու վերլուծությունները՛ փոքրիշատե հիմնավորված: «Հայ կեանքի» պարագայում, սակայն, իրավիճակը բոլորովին այլ է: Հրապարակումների հավաստիությունն ու հիմնավորվածությունը դեռ մի կողմ, այս շաբաթաթերթը բամբասանքների հիման վրա լկտիաբար մարդկանց է զրպարտում:
Հետեւելով արեւելյանՙ «շունը հաչում է, քարավանը քայլում» ասացվածքին, թերեւս կարելի էր շրջանցել լկտիության այդ դրսեւորումը: «Հայ կեանքի» լկտիությունը, սակայն, սոսկ զրպարտություններով չի սահմանափակվում: Շաբաթաթերթի էջերում լկտիությունը ամենայն ամբարտավանությամբ համադրվում է զրպարտություններով, զրպարտությունն էլՙ ամենաայլանդակ հայհոյանքներով: Քանի որ հայհոյելը խուժանին յուրահատուկ վարքագիծ է, իսկ «Հայ կեանքի» էջերը հեղեղված են հայհոյանքներով, ճիշտ կլիներ շաբաթաթերթի խմբագիր Ափո Չափարյանին միանգամայն անվանել խուժանապետ: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ շաբաթաթերթ կոչվող, բայց իրականում հայհոյանքների ամփոփագրից ոչնչով չտարբերվող «Հայ կեանքի» փետրվարի 4-ի համարին:
Մինչ անդրադառնալը, սակայն, պետք է նշեմ, որ այս համարի անգլերեն հատվածում համապատասխան մեկնաբանություններով տեղադրվել են մի քանի լուսանկարներ, որոնցում թուրքական «Գորշ գայլեր» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության անդամ Հասան Օքթայը պատկերված է ինչպես Գարեգին Բ կաթողիկոսի ու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այնպես էլ իմ կողքին: Նկարին կից մեկնաբանությունները կաթողիկոսին ու նախկին վարչապետին մեղադրում են Օքթային տուրք տալու, իսկ տողերիս հեղինակը մեղադրվում է «դավաճանության» եւ «Գորշ գայլերի» հետ համագործակցելու մեջ:
Գարեգին Բ կաթողիկոսն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը չգիտեին եւ չէին էլ կարող իմանալ, որ Հասան Օքթայը «Գորշ գայլերից» է, իսկ ես, լինելով թուրքագետՙ գիտեի եւ այդ մասին միանշանակ հայտարարել էի Հասանի հետ իմ հանդիպումից հետո Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսում եւ միաժամանակ բացատրել, թե ինչո՞ւ եմ հանդիպել: Չեմ կարող հիմա մանրամասնորեն վերհիշել շուրջ 6 տարի առաջ հրավիրված ասուլիսը, ոչ էլ հաշվետվության պարտավորություն ունեմ չափարյանների կամ նրա խմբագրությամբ հրապարակվող «թերթի» առջեւ: Պարզապես հիշեցնեմ, որ 1993-ի մարտին, Փարիզում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել էր, «Գորշ գայլերի» առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի հետ, ընդ որում քննարկելու համար մշակութային ինքնավարություն շնորհելու պայմանով Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցը, սփյուռքի մեր շատ ազգասեր հայրենակիցները բերանը ջուր առած լռել էին, ես էի միայն «Ազգի» էջերում անդրադարձել հանդիպմանը: Հասան Օքթայի հետ իմ հանդիպման պարագային, սակայն, մի ամբողջ վայնասուն բարձրացրին, կարծես ոչ թե Լեւոնն էր Արցախը հանձնում Թյուրքեշին, այլ եսՙ Հասանին:
Ի դեպ, Հասանն ինձնից առաջ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում հանդիպել էր Լեւոն Զուրաբյանին: Բայց նա, Սփյուռքի մեր շատ ազգասեր հայրենակիցների պես, խնայելով Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնտեղ ոչ լուսանկարվել էր, ոչ էլ այդ մասին արտահայտվել: Ինձ դավաճանության մեջ մեղադրող Չափարյանի «դավաճանության» պատկերացումները ելնում են ինչպես մեղադրվող անձի, այնպես էլ զրպարտության նպատակահարմարությունից, այսինքն իրավիճակային են, կամ պայմանավորված են շաբաթաթերթի հովանավորների ու պատվիրատուների քմահաճույքով, կա՛մ մոլի դաշնակցական Չափարյանը, տղամարդկանց հրապուրող մարմնավաճառի ջանասիրությամբ կուսակիցներին սիրունատես երեւալու փորձեր է անում, կա՛մ էլ որպես ծախու ապրանք, նա իր հետաքրքրությունները լոկ սահմանափակել է պատվերով «հոդվածներ» հրապարակելու շրջանակով: Ըստ երեւույթին հաճախորդներ շատ ունի եւ սրանք լավ են վարձատրում այս մեծարգո՜ պարոնին:
Ինչ վերաբերում է «Գորշ գայլերի» հետ համագործակցելու մեղադրանքին, ըստ երեւույթին այս արարածն այնքան է ծառայել տարբեր երկրների պետական կառույցներին, որ համագործակցությունը նրա համար սովորույթ է դարձել, ուստի մի արշինով է չափում բոլորին: Որքան ինձ հայտնի է, Չափարյանը ծննդով Լիբանանից կամ Սիրիայից պիտի լինի: Գիտեմ նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներից ԱՄՆ գաղթածների հանդեպ Կենտրոնական հետախուզական կազմակերպությանՙ CIA-ի ցուցաբերած հետաքրքրության մասին: Այդ հետաքրքրությունը կրկնապատկվում է, եթե ներգաղթողը կրթությունը ստացած է լինում կոմունիստական երկրում, ինչպես ասենք Սիրիայում ծնված Գեւորգ Յազչանի պարագայում, որն ավարտել էր Երեւանի պետհամալսարանը: Գուցե վերոհիշյալ հետաքրքրությունն է պատճառ դարձել, որ դաշնակցական Չափարյանը համագործակցի լեւոնական Յազչյանի հետ:
Գալով «Հայ կեանքի» փետրվարի 4-ի համարին, որտեղ զետեղված է 3 հրապարակում, մեկը պատկանում է Չափարյանին, մյուս երկուսը անստորագիր են: «Գարեգին Բ ստեղծել է հանձնախումբ, իր դեմ պայքարողներին հայտնաբերելու եւ չեզոքացնելու համար» խորագրի տակ անանուն հեղինակը բարբաջում է, որ Գարեգին Բ կաթողիկոսն իբր ֆեյքերի գրառումների կիսումներն ապահովելու հանձնարարական է տվել Մայր աթոռի ու թեմերի աշխատակիցներին, ապա եւ «հայրապետական տնօրինությամբ» կարգադրելՙ «Գրառումների մեջ որքան բարձր լինի ստոր եւ զրպարտության տոկոսը, այնքան բոնուսները կավելանան: Առաջնագծի թիրախում առայժմ պահում ենք Գեւորգ Յազչյանին: Նա մեր բոլոր կեղտերը հերթով ջրի երես է հանում: Արդեն Ամերիկային է խառնել իրար, վաղը կհասնի Լիբանան, մյուս օրըՙ Երուսաղեմ: Ծաղրեք նրան մինչեւ վերջ, հայհոյեք որքան կարող եք»:
Այս կարգադրությունը կաթողիկոսին վերագրելու համար առնվազն բթամիտ պետք է լինել, կամ մտավոր հաշմանդամի տեղ դնել ընթերցողին: Նման կարգադրությունները նախ չեն հրապարակվում, այսինքն գաղտնի են տրվում: Եթե անգամ անանուն հեղինակը հաջողացներ ինչ-որ ձեւով գաղտնազերծել կարգադրությունը, այնտեղ չէր գտնի «նա մեր բոլոր կեղտերը հերթով ջրի երես է հանում» նախադասությունը, որովհետեւ այդ նախադասությունը գործած մեղքերի յուրատեսակ խոստովանություն է: Որքան էլ վերոհիշյալ կարգադրությունը տրված լինի Մայր աթոռի եւ թեմերի աշխատակիցներին, Գարեգին Բ կաթողիկոսը նրանց առջեւ հազիվ թե խոստովանություն աներ:
Հետեւաբար մենք այստեղ, ի դեմս հեղինակի, գործ ունենք ինչ-որ մի զավեշտարարի հետ, որի բթամտությամբ զրպարտությունն անգամ ծիծաղելի է դառնում: Նա եւ նրա նմաններն այնքան տափակ են, որ նույնիսկ զրպարտելիս իրենք իրենց են խայտառակում: Բայց, առանց ամաչելու հայհոյել կարողանում են, այն էլ ամենաայլանդակ ձեւով: Հայհոյանքի պարագայում ես նկատի ունեմ 2-րդ անստորագիր հրապարակումը, որի բովանդակության մասին ամբողջական պատկերացում է տալիս «Տեր Ղազար, եթե այդքան տղա ես, ու դուխդ քեզ խեղթում է, մի անգամ էլ մատդ թափ տուր քո պօռնիկ եւ աթեիստ, մասոն գեղարդավաճառ կաթողիկոսի վրա» վերնագիրը: (Այս եւ հաջորդ մեջբերումների ուղղագրությունը պահում ենք բնագրին հարազատ: Հ.Չ.):
Հայհոյախոս անանուն հեղինակին իր «Գարեգին Բ-ի օրոք հայ սուտ հոգեւորականներու «առաջադիմությունները»… խորագիրը կրող հոդվածում լրացնում է Ափո Չափարյանը: Ահա թե ինչ է գրում. «Հայաստանեաց Առաքելական եկեղեցին թաքուն սեռահարներու թաքստոց չէ: Այն որ կուսակրօնութեան ծխածածկոյթին տակ գաղտնաբար հազար ու մեկ սրիկայութիւններ, ներառեալՙ մանկապղծութիւն կ՛ընէ, խորհելով որ իր կատարածները ջրի երես պիտի չի քան, չարաչար կսխալուին: Ամենապիղծը իր հարազատ եղբայրՙ Եզրասն է… սեռային կապեր կունենան իգականներու, նոյնիսկ միասեռական կապեր կգործեն… Գարեգին Բ ապօրինի կերպով տիրացած է եւ բռնազաւթած կպահէ Ամենայն հայոց կաթողիկոսութեան Ս. Աթոռը»:
Կաթողկիկոս Գարեգին Բ-ն, ինչ խոսք, ունի թերություններ, որոնց, վերջինի կրավորական դիրքորշման պայմաններում, ավելի ակնհայտ դարձրեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման ծնունդը հանդիսացող թավշյա հեղափոխությունը: Այդ թերություններից գլխավորը, թերեւս, անարժան հոգեւորականների թեմակալ առաջնորդներ նշանակելու Գարեգին Բ-ի գործելակերպն է: Նրանց ապիկարության պատճառով անվստահություն է առաջանում Մայր աթոռի նկատմամբ:
Այս մերձեցման բնականոն ընթացք ապահովելու, ինչպես նաեւ Մայր աթոռի ճգնաժամը հաղթհարելու նախապայմանը, սակայն, կաթողիկոս հայհոյելը չէ: Հայհոյանքն ընդամենը հրճվանք կպատճառի մեր դարավոր թշնամիներին, մասամբ նաեւ մի հայտնի հատվածի, մեկ էլ առիթ կտա որոշ ընթերցողներին, որ «պօռնիկ» բառը կարդալիս մտովի հիշեն հեղինակի հարազատներին:
Ինչ վերաբերում է Չափարյանի կողմից Գարեգին Բ-ին վերագրվող «կաթողիկոսական աթոռին ապօրինի տիրելու» կարծիքին , ապա բոլորը գիտեն , որ տիրելու հարցում «մեղավորը» կաթողիկոսը չէ, այլ 430 հոգանոց Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորների մեծամասնությունը:
Բարոյական ինչպիսի նկարագրի տեր պիտի լինի մարդը, որ առանց վարանելու մանկապղծության, միասեռականության մեջ մեղադրի Մայր աթոռի հոգեւորականներին եւ դեռ «պօռնիկի» պիտակ կպցնի: Քանի որ կաթողիկոսությունը Գարեգին Բ-ի սեփականությունը չէ, ուստի Չափարյանը եւ նմանները հայհոյելիս առաջին հերթին անարգում են նաեւ ավելի քան 1700 տարվա վաղեմություն ունեցող Մայր աթոռը: Ըստ երեւույթին սրանք Հայ Առաքելական եկեղեցու խնդիր որպես այդպիսին չունեն, կամ էլ հրաժեշտ տալով բանականությանը, չեն գիտակցում, որ հայհոյելն ընդամենը անպատկառություն է, որեւէ խնդիր չի լուծում:
Ինչ արած, հարգենք չափարյանների անպատկառությունը, լկտիությունն ու տգիտությունը: