Քրդական պետությունըՙ տարածաշրջանային գործոն
Օրերս ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարեց, որ Արցախի հակամարտության գոտում հաջողվել է հասնել լարվածության թուլացման որոշակի մակարդակի: Նրա խոսքերով, «վերջին ամիսներին միջնորդ պետությունների եւ տարածաշրջանի երկրների ջանքերը հանգեցրել են լարվածության մեղմացմանը, ինչը թույլ է տվել շարունակել հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքը»: Խոսքը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կանոնավոր դարձած հանդիպումների մասին է, որոնք թույլ տվեցին որոշակի արդյունքների հասնել վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկման եւ հաշտության գործընթացի պայմանների ստեղծման ուղղությամբ: Խոսքը նաեւ այն մասին է, որ վերջին տասնամյակներում առաջին անգամ բարձր մակարդակով հաստատվել է շփման ուղիղ գիծ: Միեւնույն ժամանակ հավաքական անվտանության կովկասյան ուղղությունում պահպանվում է բարդ իրադրությունը, ինչը պայմանավորված է նախ եւ առաջ մոտակայքում հակամարտային ներուժի առկայությամբ, ինչպես նաեւ տվյալ տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ձգտմամբ, գտնում է Սիդորովը:
Ռուս գեներալի խոսքերը ուշադրության արժանի են մի քանի պատճառներով: Առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը այն է, որ եթե անցյալում գլխավորապես միայն փորձագետներն էին կապ տեսնում Մերձավոր Արեւելքի իրադրության եւ Արցախի հակամարտության միջեւ, ապա այժմ այդ մասին խոսում են նաեւ զինվորականները: Բայց Մերձավոր Արեւելքի ո՞ր իրադարձությունները կարող են ազդել Անդրկովկասի իրադրության վրա: Դեռ մի քանի տարի առաջ, երբ Մերձավոր Արեւելքում ծավալվում էր արաբական գարնան երեւույթը, քչերն էին ենթադրում, թե տարածաշրջանային հակամարտությունների մեջ կներքաշվեն Թուրքիան եւ նրա մոտիկ հարեւանները:
Ավելին, ոչ ոք, կամ գրեթե ոչ ոք, չէր ենթադրում, որ Վաշինգտոնը կսկսի եռանդագին կերպով առաջ մղել Քրդստանի աշխարհաքաղաքական գաղափարը, որի ստեղծումը կարող է խախտել Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եւ Իրանի տարածքային ամբողջականությունը: Քրդական ուղղությամբ նկատվում է գերլարվածություն, իսկ «Իսլամական պետության» դեմ շարունակվող կամ ավարտվող պայքարը միայն ֆոն է ծառայում տեղի ունեցող իրադարձությունների համար, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :
Ի դեպ, ինքնավարության կարգավիճակ ունեցող քրդական մի պետություն արդեն, փաստորեն, առկա է Իրաքի կազմում, օբյեկտիվ նախադրյալներ կան Սիրիայում եւ Թուրքիայում նման ինքնավար կազմավորումների ստեղծման համար: Տարասովը համամիտ է այն փորձագետների հետ, որոնք գտնում են, որ քրդերի գլխավոր խնդիրը համընկնում է ոչ թե Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի զարգացման ռազմավարության եւ ազգային շահերի հետ, այլ ԱՄՆ-ի ծրագրերի հետ, որն ամեն ինչ անում էՙ ստեղծելու քրդական մեծ պետություն, որը կունենա Թուրքիային եւ Իրանին զսպելու հնարավորություններ: Քրդերին աջակցելովՙ ԱՄՆ-ը հասկանում է, որ դա կարող է հանգեցնել Թուրքիայի տրոհմանը, բայց չի խոչընդոտում դրան, քանի որ Թուրքիային այլեւս չի դիտարկում որպես Ռուսաստանի եւ Իրանի հակակշիռ, մինչդեռ քրդական պետությունը կարող է շատ երկրնրի վրա ազդելու լծակ դառնալ ի շահ Վաշինգտոնի: Եվ այս ամենը տեղի է ունենում տարիներ շարունակ Արցախի հակամարտության մեջ խրված Ադրբեջանի եւ Հայաստանի սահմաններից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Ավելին, քրդական հարցը եւ Արցախի հակամարտությունը ունեն որոշ ընդհանուր գծեր, որոնցից մեկը դրանց միջազգայնացումն է:
Այս կապակցությամբ անդրադառնանք Սիդորովի մեկ ուրիշ դրույթի, որը Կովկասի ուղղությամբ գոյություն ունեցող լարվածությունը բացատրում է այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի ձգտմամբ: Իրոք, վերջերս Անդրկովկաս հաճախ են այցելում ԱՄՆ-ի եւ Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաներ, Բաքուն եւ Երեւանը զարգացնում են ռազմատեխնիկական կապերը ՆԱՏՕ-ի հետ, չնայած որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Անցյալում դա Մոսկվային առանձնապես չէր մտահոգում: Իսկ հիմա՞: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, որի ձեւաչափում, համենայն դեպս հանրային մակարդակով, նրանք Արցախի խնդրի նկատմամբ չեն դրսեւորում նկատելի քաղաքական կամ աշխարհաքաղաքական պատեհապաշտություն, չեն ցուցադրում, թե իրենք ունեն Արցախի առանձին նախագիծ: Ավելին, նկատելի է Արեւմուտքի պասիվությունը այդ ուղղությամբ, ինչը խորհել է տալիս, որ Արեւմուտքը շահագրգռված է հակամարտության սառեցմամբ:
Բայց այստեղ, Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերից բացի, զգացվում են Թուրքիայի եւ Իրանի շահերը: Ի դեպ, Թեհրանը քանիցս հայտարարել է, որ ինքը հրաժարվում է ճանաչել Արցախի հակամատության կարգավորմանն ուղղված 2009 թվականի Մադրիդյան նորացված սկզբունքները, քանի որ կարգավորման գոտում նախատեսվում է տեղաբաշխել միջազգային զորաբաժին: Իրանը պահանջում է հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես տարածաշրջանի երկրների ջանքերով:
Երեւանը ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակիցն է, անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր է ստորագրել Եվրոմիության հետ: Ադրբեջանը շարունակում է ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետՙ հավասարակշռություն պահպանելով Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Ըստ որում, Բաքուն Արցախի հակամարտության հարցում չի կարողանում ի նպաստ իրեն օգտագործել մասնակցությունը միջազգային նավթագազային միավորումներում (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Անդրանատոլիական գազամուղ): Դրանք երկրորդ պլան են մղում Հայաստանի հետ ռազմական դիմակայությունը: Սա է Անդրկովկասում ներկայումս ստեղծված արտաքին քաղաքական պարադոքսի իմաստը:
Բաքվի համար վտանգն այն է, որ Սիրիայի խնդրի կարգավորման հեռանկարները կարող են հետագայում ազդել Արցախի հակամարտության վրա: Նման թակարդից Ադրբեջանը կարող է դուրս պրծնել միայն ճկուն արտաքին քաղաքականությամբ: Բայց, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի իրադարձությունների կապի կանխատեսումը բարդ հարց է: Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով Արցախի հակամարտության կարգավորման քայլերի անսպասելի ակտիվացումը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական հանդիպումներն ու բանակցությունները վկայում են, որ հակամարտող կողմերը կամ դրանցից մեկը փորձում է առաջ ընկնելՙ ծածուկ մշակելով փոխզիջումային առաջարկություններ: Պատահական չէ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, արտաքին եւ ներքին խաղացողները չպետք է բավարարվեն միայն սեփական շահերի պաշտպանությամբ:
Ըստ տրամաբանության, արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի եւ Փաշինյանի ու Ալիեւի աշխատանքի արդյունքում կողմերի դիրքերը պետք է ամրապնդվեին: Բայց, չգիտես ինչու, տեղի է ունենում արգելակում, որի համար պատասխանատվության բաժին ունի Բաքուն, որտեղից սկսել են հնչել «առաջիկա հաղթանակին» առնչվող խրոխտ հայտարարություններ: Դրանք պատրանք են ստեղծում, թե Երեւանը ուր որ է կստորագրի փաստաթուղթ Ադրբեջանին ձեռնտու պայմաններով: Միեւնույն ժամանակ, Փաշինյանը Քյոլնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ «հայկական կողմը Արցախին առնչվող փոխզիջման կոչերին չի արձագանքի, քանի դեռ նույն հարցին չի պատասխանել Ադրբեջանը»:
Ստացվում է, որ պաշտպանական դիրքում հայտնված ՀՀ վարչապետը սկզբում Ադրբեջանին առաջարկում է բացել խաղաքարտերը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Բայց Փաշինյանի այն պարզաբանումից հետո, որ Երեւանը մերժում է «տարածքներ խաղաղության դիմաց» ձեւակերպումը, Բաքուն նրան մեղադրեց բանակցային գործընթացի ձախողման մեջ: Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարեց, թե բանակցությունների հիմքում շրջանները Բաքվի վերահսկողությանը վերադարձնելու անխախտ սկզբունքն է: Սա այնպիսի տպավորություն է ստեղծում, թե Փաշինյանը բանակցությունները վարել եւ վարում է միայն Բաքվի առաջարկությունների, այլ ոչ թե փոխզիջումային տարբերակների հիման վրա:
Այժմ ՀՀ վարչապետը անցել է հակագրոհիՙ հայտարարելով, որ Հայաստանի համար առաջնայինը Արցախի անվտանգությունն է եւ ներգրավումը բանակցային գործընթացում: Սա Ալիեւին առաջարկվող բանակցային նոր օրակարգ է: Դժվար է ասել, թե ինչու տեղի ունեցավ այս փոփոխությունը: Տարասովը կարծում է, որ ինչ-որ չափով ազդել է արտաքին գործոնը: Ակնհայտ է մեկ ուրիշ բան. հակամարտության կարգավորման երբեմնի պայմանները կա՛մ անհետանում են, կա՛մ էլ սահմանափակվում, մասնավորապես երկու ժողովուրդներին հաշտության նախապատրաստելու առումով: Հետեւաբար, հավանական է, որ ապագայում իրավիճակը հայտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի վերահսկողության տակ: Փորձը ցույց է տալիս, որ նման բարդ հակամարտությունները «ոտքի վրա բանակցություններով» չեն կարգավորվում:
Քանի դեռ տիրապետում է «դիմացինին խորամանկությամբ գերազանցելու» սկզբունքը, ոչինչ չի ստացվի: Քանզի Արցախի հակամարտությունը վաղուց արդեն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիր է, եւ նույնիսկ նույնիսկ ոչ միայն ներքաղաքական հարց, այլեւ աշխարհաքաղաքական խնդիրՙ կապված Մեծ Մերձավոր Արեւելքի հետ: Նման բաները չհասկանալը հասցրել եւ հասցնում է դիվանագիտական փակուղի: Ահա թե ինչու մոտ օրերս եթե Զոհրաբյան Մամեդյարով հանդիպում կայանա էլ, ապա նրանք ստիպված կլինեն սկսել զրոյից:
Ադրբեջանը ձգտում է հակամարտությունն արագորեն լուծել սեփական անվտագության հետ կապված պատճառներով: Իրանի սահմանների երկայնքով նրա դեմ հնարավոր ռազմական գործողությունները, Սիրիայի ճգնաժամը եւ Թուրքիայի իրադրությունը Բաքվին ստիպում են գործել ոչ ստանդարտ ձեւով: Երեւանում իրադրությունը գնահատում են փոքր-ինչ տարբեր կերպովՙ գտնելով, թե Հայաստանը որոշ իմաստով կարող է հույսը դնել Արեւմուտքի վրա: Սակայն այդ տեսակետի ջատագովները ստիպված են հաշվի առնել աշխարհաքաղաքական իրողությունը: Ամեն դեպքում, գեներալ Սիդորովն իրավացի է այն բանում, որ Արցախի հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել միայն հակամարտող կողմերի խաղաղ երկխոսության միջոցով: