ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող
2019թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ ճանաչված տնտեսագետներ, ակումբի անդամներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը եւ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը անց են կացրել տնտեսագիտական հետազոտություն միեւնույն թեմայով, որը բերված է այս հոդվածի վերնագրում: Սա թվով չորրորդ ամենամյա ուսումնասիրությունն է, որն իրականացնում է ակումբը, նպատակ ունենալով ամփոփել արձանագրված տնտեսական ցուցանիշները եւ կանխատեսումներ անել 2019թ. համար: Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր գործընկերների աշխատանքի որոշ ուշագրավ արդյունքներՙ մեր քաղաքագիտական մեկնաբանություններով ու կանխատեսումներով:
Քաղաքական տարին տնտեսական գործընթացների համար
Պրոֆ. Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ 2018թ. տնտեսական վիճակը ճիշտ հասկանալու համար պետք է հասկանալ այն քաղաքական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան մեզանում: Պաշտենապես անցում կատարվեց խորհրդարանական կառավարման համակարգին: Մեկ տարում երկիրն ունեցավ երեք տարբեր վարչապետ եւ երեք անգամ ներկայացվեցին կառավարության ղեկավարի հրաժարականներ: Մեր իրականության մեջ առաջին անգամ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրվեց նաեւ Երեւանի նոր ավագանի: Այս քաղաքական համապատկերում է, որ խնդիր դրվեց իրականացնել արմատական տնտեսական բարեփոխումներՙ պայքար մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ, տնտեսական հանցագործությունների բացահայտում եւ այլ նախաձեռնություններ, որոնք ներկա իշխանությունը հռչակել է որպես «տնտեսական հեղափոխություն»: Կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի արդյունքում պետությանն է վերադարձվել 42 մլն. դոլարից ավելի գումար:
2017թ. Հայաստանի տնտեսության գրանցված աճը 7,2% նախադրյալ էր 2018թ-ին ՀՆԱ-ի աճի խթանման համար: Առաջին եռամսյակում ՀՆԱ-ն իսկապես աճեց մինչեւ 9,7%: Հետագայում, սակայն, աճի տեմպերը սկսեցին նվազել: Ինը ամիսների ընթացքում ՀՆԱ-ի աճը հասել էր 6,6%: Կենտրոնական բանկը 2018թ. համար կանխատեսել էր Հայաստանի ՀՆԱ-ի աճ մինչեւ 4,6%-5,1%, Արժույթի միջազգային հիմնադրամը մինչեւ 6%, Համաշխարհային բանկըՙ մինչեւ 5,3%, Ասիական զարգացման բանկըՙ 5,35%, Fitch-ըՙ մինչեւ 5%: Կանխատեսվածից բարձր տնտեսական ակտիվության աճը (մոտ 6%ՙ ըստ Թ.Մանասերյանի) արդյունք էր նաեւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության: Տարվա վերջում Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ-ի նախագահությունը: Հունվարից այդ լիազորությունները ուժի մեջ են: Վերաբաշխվել են ԵԱՏՄ պետությունների միջեւ մաքսատուրքերը: Հայաստանի մասնաբաժինը կաճի 0,11 %-ից մինչեւ 1,22% (ավելի վաղ դա 1,11% էր): Բելառուսի մասնաբաժինը կկազմի 4,56%, Ղազախստանինը` 7,055%, Ղրղզստանինըՙ 1,9%, ՌԴ-ինըՙ 85,265%:
2018թ. համար գրանցված ձեռքբերում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ ժամանակավոր համաձայնագրի կնքումը: 2019թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շարունակելու է բանակցությունները Սինգապուրի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի եւ Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման նպատակով:
ԵԱՏՄ անդամ երկրները սկսել են միասնաբար աշխատել ընդհանուր կենսաթոշակային տարածք ձեւավորելու ուղղությամբ:
2018թ. հունվար-դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5,8%-ով: Դրան նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առեւտրի շրջանառության եւ բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Միաժամանակ նվազել է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը: Գրանցված տնտեսական աճը, ըստ Թ.Մանասերյանի, կարելի էր գնահատել բավարար: Նույնիսկ այն դեպքում, երբ շոշափելի ետընթաց կա ԵՄ արտահանվող հանքարդյունաբերության ոլորտում: Նաեւ նվազել են աշխատանքների ծավալները Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության շրջանակում: Ներկայիս կառավարությունը տնտեսության զարգացման նոր ռազմավարությունը կառուցում է բարձր տեխնոլոգիաների եւ արտահանմանը միտված մրցունակ արդյունաբերության վրա: Եվրասիականության գաղափարախոս, ՌԴ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է վերականգնել առաջատար դիրքերը ԵԱՏՄ-ում գործիքաշինության եւ հաշվիչ տեխնիկայի ոլորտում, արժեւորելով տեխնոլոգիական զարգացման հարցերի շուրջ արտադրական համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ: Նրա կարծիքով, Հայաստանն, իրավամբ, համարվում է հետխորհրդային տարածքի բարձր զարգացած երկիր, որտեղ տասնյակ տարիներ շարունակ ձեւավորվել է գործիքաշինության, հաշվիչ տեխնիկայի, բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության հիմքը: «Ուրախալի է տեսնել, որ Հայաստանի այդ մասնագիտական ոլորտն այսօր վերականգնվում է, ընթանում է ակտիվ համագործակցություն հայկական ընկերությունների եւ «Ռոստեխ» կորպորացիայի միջեւ…, որը մեր տնտեսության տեխնիկական-տնտեսական զարգացման ֆլագմանն է»,- ասել է նշանավոռ ռուս տնտեսագետը: Թ.Մանասերյանը կարծում է նաեւ, որ, ի վերջո, երկրում նկատվել են որոշ դրական միտումներ բնակչության սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ: Աղքատության մակարդակը 2018թ. վերջին 2017թ. համեմատ նվազել է 3,7%-ով, կազմելով բնակչության մոտ 25,7%-ը: Եվ, վերջապես, կարեւոր է նկատել, որ Հայաստանում քայլեր են արվում կրիպտարժույթի, մայնինգի ուղղությամբ, համաքայլ ընթանալով համաշխարհային զարգացումների հետ:
Հայաստանի արտահանումն ու ներկրումը ԵԱՏՄ շրջանակներում
Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը պնդում է, որ էական տնտեսական զարգացման համար արտադրանքի եւ ծառայությունների արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է հասնի 50%-ի: 2018թ. Հայաստանի արտահանումը պատմության մեջ առաջին անգամ կազմել է 2,401 մլրդ. դոլար, աճելով 9,8%-ով: Արտահանումը Ռուսաստան ավելացել է 22,8%-ով եւ կազմել մոտ 652 մլն. դոլար: 66,2%-վ աճել է արտահանումը Բելառուս եւ 97,8%-ովՙ Ղազախստան: Եվրասիական փորձագիտական ակումբը համոզված է, որ չնայած համաշխարհային տնտեսության մեջ առկա են անորոշություններ եւ տատանումներ, սակայն արտահանման աճի դրական միտումը եվրասիական ուղղությամբ կարելի է պահպանել նաեւ 2019թ.: Դրա մասին մենք դեռ կխոսենք:
Հայաստանը Ռուսաստանից ներկրել է 1,395 մլրդ. դոլարի արտադրանք եւ աճն այստեղ կազմել է 10,1%: Հայաստանի ներկրումն ամբողջությամբ արտասահմանյան երկրներից կազմել է 4,964 մլրդ. դոլար:
2018 թ. էապես աճել է տեքստիլ արտադրանքի արտահանումըՙ 65%-ով: Մրգերի արտահանումը Ռուսաստան, նույնիսկ գյուղատնտեսության ընդհանուր ծավալների անկման պայմաններում, աճել է ավելի քան երկու անգամ: Ձկնարդյունաբերության աճը ավելացել է 34%-ով, 17 մլն. դոլարից հասնելով 23 մլն. դոլարի: Այս ապրանքները գնում են ԵԱՏՄ երկրներ: Հետաքրքրական է, որ 45%-ով աճել է նաեւ Շվեյցարիա գնացող ժամագործական արտադրանքը: 12%-ով աճել է Մերձավոր Արեւելք գնացող ծխախոտագործական արտադրանքը: Գունավոր մետաղների հանքանյութը, որը գնում էր Եվրոպա եւ Չինաստան, պակասել է 8%-ով: Տրանսֆերտների եւ զբոսաշրջության տարեկան ցուցանիշները դեռեւս ամփոփված չեն: Սակայն ակնհայտ է, որ զբոսաշրջության հնարավորությունները մեր երկրում մեծապես կապված են ԵԱՏՄ-ին մեր անդամակցության հետ, որովհետեւ դրանով խթանվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների ազատ տեղաշարժվելու իրավունքները:
Պրոֆեսոր Աշոտ Թավադյանը կարծում է, որ եթե ԵԱՏՄ անդամ երկրներում պետական պարտքի եւ պետական բյուջեի դեֆիցիտի հարցում էական հիմնախնդիրներ չկան, ապա արժեզրկման եւ, հատկապես, ազգային արտարժույթի հարցում նշվում են էական անհամաձայնություններ: Անվանի տնտեսագետը համոզված է, որ անհրաժեշտ է հստակորեն պահպանել ԵԱՏՄ Պայմանագրի 63 հոդվածի պահանջները արժեզրկման մակարդակի վերաբերյալ եւ աստիճանաբար իջեցնել պայմանագրում արժեզրկման մակարդակների միջեւ տարբերությունը մինչեւ 3%-ի: ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի համար առանցքային խնդիր է դառնում համաձայնեցված արտարժույթային քաղաքականություն վարելը: Շատ կարեւոր է բարձրացնել կարգապահությունը եւ հստակ կատարել պայմանագրային պարտավորությունները ԵԱՏՄ բոլոր անդամների կողմից, այդ թվում մակրոտնտեսական ցուցանիշների մասով:
2018թ. Հայաստանում անցավ ԱՊՀ երկրների գիտնականների համաժողովը, որտեղ ընդունվեց ԱՊՀ երկրների գիտնականների համաժողովի Հռչակագիր: Ա.Թավադյանը համոզված է, որ ԵԱՏՄ անդամ երկրների գիտական հետազոտությունների միջպետական հիմնադրամի ստեղծումը թույլ կտա լուծել հիմնարար եւ կիրառական առաջնահերթ հետազոտությունների, նորարարական եւ վենչուռային նախագծերի համապատասխան ֆինանսավորման հարցը, նաեւ նպաստել թվային տնտեսության հիմնախնդիրների լուծմանը:
Հանուն «տնտեսական հեղափոխության» հաղթանակի
Հայաստանի նոր իշխանությունը 2019թ. համար հայտարարել է տնտեսական հեղափոխության տարի: Սա նշանակում է, որ փնտվելու եւ գտնվելու են միջոցներ տնտեսությունը աշխուժացնելու համար: Եվրասիական հեղինակավոր կառույցների փորձագետները կարծում են, որ 2019թ. երկրորդ եռամսյակից տնտեսական կյանքը Հայաստանում հունվար-փետրվարյան նիրհից հետո կարող է էականորեն աշխուժանալ: Մենք համոզված ենք, որ պետք է խոստովանել, որ հայաստանյան հասարակության ճնշող մեծամասնության համար դեռեւս հասկանալի չէ, թե ի՞նչ է նշանակում վերոհիշյալ հեղափոխությունը եւ ինչպե՞ս է նա հաջողելու: Բացի կոռուպցիայի դեմ պայքարից, որը նոր իշխանությունը պարզապես հնար չունի այլեւս դադարեցնելու, անհրաժեշտ է փնտրել եւ գտնել ներդրումների նոր հնարավորություններ: Եվրասիական փորձագիտական ակումբը, խորհրդակցելով բազմաթիվ գործընկերների հետ, համոզված հայտարարում է, որ մեր երկրում տնտեսագետների, սոցիոլոգների, ինտելեկտուալների հնարավոր ամենալայն շրջանակի մասնակցությամբ անհրաժեշտ է անցկացնել որակյալ հասարակական-փորձագիտական քննարկումներ: Այդ քննարկումների բովանդակությունը մատչելի լեզվով ներկայացնել հայաստանյան հասարակությանը: Հնարավորինս լայն խավերի ներկայացուցիչներին հարկավոր է ներգրավել ստեղծարար գործընթացներում: Հստակ պետք է հասկանալ, որ մեր քաղաքական, կենսական հրամայականները այլեւս տեղ չեն թողնում անդեմ լիբերալ բարեփոխումների եւ կեղծ տնտեսական կատեգորիաների համար: Մեզ պետք են թարմ եւ խելացի լուծումներ, բուժման հայկական դեղատոմսեր, որոնք կկարողանան լուծել ՀՆԱ-ի աճը տարեցտարի էապես ավելացնելու գերբարդ հարցը: Ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը այդ քայլերից միայն մեկն է: Մյուս քայլերի անհրաժեշտությունը կգծագրվի վերոհիշյալ կառուցողական ու բովանդակաշատ քննարկումների ժամանակ: Առանց հասարակական եւ ինտելեկտուալ լուրջ աջակցության շատ դժվար կլինի հռչակված սկզբունքները բաժանել մոտակա տարիների վրա եւ քայլ առ քայլ կենսագործել դրանք: