ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., միջազգային անվտանգության մասնագետ
Արցախյան հիմնախնդրի շուրջ վերջին ամիսների զարգացումները եւ դրա շուրջ կատարվող հայտարարությունների հիմնական լեյտմոտիվը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու թեզն է: Այս հայտարարությունը որոշակի անհանգստություն եւ դժգոհություն է առաջացրել խնդրով մտահոգ մարդկանց մոտ, որոնք հստակ հասկանում են, թե ինչ նկատի ունեն, այսպես կոչված, խաղաղության նախապատրաստողները եւ ինչ հետեւանքներ դրանք կարող են ունենալ հայության համար:
Ինչեւէ, վերցնելով, այսպես կոչված, խաղաղության նախապատրաստության գործընթացը մեր ձեռքը, փորձենք ներկայացնել մեր մոտեցումը այդ եզրույթը մեկնաբանելիս: Հասկանալի է, որ այն պետք է իրականացվի տարածաշրջանում ընթացող զարգացումների եւ հատկապես ռազմական փոփոխությունների, դինամիկայի հաշվառմամբ ու դրանց դիմակայելու կարեւորության շեշտադրմամբ:
Այն, որ Հայաստանի Հանարապետության եւ Արցախի քաղաքացիները պետք է նախապատրաստվեն խաղաղությանՙ փաստ է, մնում է հասկանալ, թե դա ինչպես է հնարավոր իրականացնել մի երկրում, որը երկու կողմից շրջապատված է մոտ 90 միլիոնանոց թուրքալեզու բնակչություն ունեցող պետություններով: Այստեղ պետք է հաշվի առնել նաեւ այդ պետությունների հետ հարեւանության պատմական փորձը եւս:
Այսպես. մոտ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում ծվարած հայությունը պետք է սկսի նախապատրաստվել խաղաղության` կյանքի կոչելով ազգ-բանակ սկզբունքը: Ասեմ, որ այս սկզբունքը էականորեն տարբերվում է նրանից, որը ժամանակին առաջ էր քաշում ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը :
Հայությանը խաղաղության նախապատրաստելու գործընթացը պետք է սկսել դեռ դպրոցներից, ռազմահայրենասիրական դաստիարակության ներարկմամբ, որի հիմքում պետք է լինեն հայ ժողովրդի ռազմական պատմության հերոսական էջերն ու այն հերոսները, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը հաղթանակներ է տարել ռազմի դաշտում: Պետք է ավելացվեն ռազմաուսումնական դասընթացները դպրոցներում եւ ռազմական նախնական պատրաստությունը պետք է պարտադիր դառնա բոլոր աշակերտների համար, անկախ սեռից:
Ծառայությունը բանակում պետք է դառնա ոչ միայն պարտադիր, այլեւ պատվաբեր, իսկ այդ ծառայությունից խուսափածները տեղ պետք չէ ունենան հասարակական կայնքում, էլ չեմ ասումՙ կառավարության կազմում: Ցավոք սրտի, մեզ մոտ հակառակն է, երբ նոր կառավարության եւ խորհրդարանի անդամների 80%-ը ժամանակին «հաջողությամբ» խուսափել են այդ ծառայությունից, իսկ նրանք, ում կենսագրությունում, այնուամեայնիվ, նշված է այդ ծառայության մասին, իրականում այն անցկացրել են գրագիր աշխատելով տարբեր շտաբներում:
Սակայն ծառայության երկու տարիները բանակում կարեւոր, բայց ոչ բավարար պայման են հայությանը խաղաղության նախապատրաստելու համար: Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում վաղուց արդեն ժամանակն է պահեստազորային բանակին անցնելուն: Սա ժամանակի պահանջն է եւ տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական ու անվտանգային դինամիկայի փոփոխությանը դիմագրավելու միակ եղանակը:
Պահեստազորային բանակին պետք է անդամագրվի թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի եւ թե՛ Սփյուռքի հայությունը: Այս տիպի բանակի ստեղծումը կարեւորագույն հրամայական է, այնտեղ ծառայությունը պետք է լինի պարտադիր եւ դրան արդեն կարող են մասնակցել ոչ միայն տղաները, այլեւ աղջիկները:
Ընդհանրապես խաղաղության նախապատրաստման գործընթացում կարեւոր է կանանց դերակատարությունը, որոնք 18 տարին լրանալուց հետո պետք է ռազմական պատրաստության եռամսյա կուրսեր անցնեն, իսկ ցանկության դեպքումՙ իրենց ռազմական կարիերան շարունակեն ՀՀ Զինված ուժերում: Պարտադիր պայման է նաեւ համալսարաններում ռազմական ամբիոնների վերականգնումը, ինչը հնարավորություն կտա ռազմական ծառայություն անցած տղաներին խորացնել իրենց գիտելիքները այդ բնագավառում եւ ստանալ սպայի կոչում համապատասխան ամբիոնի հաջող ավարտման դեպքում:
Ինչպես նշեցի, խաղաղության նախապատրաստման գործընթացում կարեւոր է պահեստազորային բանակի ստեղծումը, ինչի համար պետք է նոր գործընթաց սկսվի, մասնավորապես Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ամբողջ տարածքով մեկ պետք է կառուցվեն հատուկ զորավարժարաններ, որտեղ իրենց ռազմական հմտությունները պետք է կատարելագործեն բանակից զորացրված եւ պահեստազորի շարքերը լրացրած տղաներն ու աղջիկները (որոնք անցել են եռամսյա զինվորական պատրաստություն): Ծառայությունը պահեստազորում պետք է տեւի 1-ից մինչեւ 4 շաբաթ, պայմանավորված պահեստազորայինի տարիքով եւ նրա առջեւ դրված խնդիրներով:
Խաղաղության պահպաման եւ խորացման համար հարկավոր է, որ զորացրված տղաները ամեն տարի մինչեւ 2 շաբաթ ժամանակով նորից հայտնվեն հատուկ իրենցՙ պահեստազորայինների համար ստեղծված զորավարժարաններում իրենց հմտությունը չկորցնելու եւ դրանք կատարելագործելու համար: Պահեստազորը պետք է բաղկացած լինի ակտիվՙ 20-ից մինչեւ 35 տարեկանները, եւ պասսիվՙ 36-ից մինչեւ 55 տարեկանների խմբերից: Եթե առաջինՙ ակտիվ խմբի համար նմանատիպ ծառայությունը պետք է լինի ամեն տարի, ապա պասսիվ պահեստազորայինները դրանց կմասնակցեն 2 տարին մեկ անգամ սկզբունքով:
Պահեստազորային ծառայութունը պետք է պարտադիր լինի բոլորի համար, անկախ տարիքից, սեռից, զբաղեցրած սոցիալական դիրքից եւ պաշտոնից: Նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառով խուսափել են ծառայությունից զինված ուժերում, խուսափել պահեստազորից չեն կարող, այնտեղ կարող են օգտագործել իրենց կարողությունը այլ բնագավառներում եւս: Խուսափումը պահետազորային ծառայությունից պետք է լինի քրեորեն պատժելի արարք, միաժամանակ այդ տիպի ծառայությունը պետք է խրախուսվի պետության կողմից եւ պաշտպանի պահետազորայինների բոլոր իրավունքները իրենց ծառայության ընթացքում:
Սակայն խաղաղության նախապատրաստման գործընթացը կիսատ կլինի, եթե այն չուղեկցվի ռազմաարդյունաբերության զարգացմամբ: Նոր տիպի բանակիՙ պահեստազորայինի ստեղծման գործընթացը, որը պետք է գործող բանակի հարվածային հիմնական ուժը լինի, նաեւ նոր տիպի ռազմական պահանջներ է դնում:
Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի բարձր տեխնոլոգիաների հիման վրա նոր տիպի զենքերի եւ զինամթերքի մշակման ու կիրառման գործին: Ակտիվ պահեստազորի առկայությունը հնարավորություն կտա իրականացնել այդ սպառազինության զանգվածային փորձարկումներ ու դրանց կիրառումը արդեն բանակում:
Հայությանը խաղաղության նախապատրաստության գործընթացում շատ կարեւոր է, որ պետությունը մշակի անվտանգային եւ պաշտպանական ռազմավարություններ, որոնք հիմք կհանդիսանան պետության զարգացման, այդ թվում տնտեսական ու պետական ծրագրերի մշակման համար: Պետական բյուջեի կարեւոր մասը պետք է ուղղված լինի ՀՀ-ում ու Արցախում համապատասխան ինֆրակառուցվածքներիՙ համապատասխան լոգիստիկ համակարգերի ստեղծմանը:
Նմանատիպ քաղաքականությունը, տնտեսության զարգացումը ռազմական ռելսերի վրա դնելը կնպաստի պետության զարգացմանը եւ հզորացմանը, սա մի ճանապարհ է, որով անցել են ու հաջողել են այն պետությունները, որոնք իրենց նետված ռազմական սպառնալիքը ընկալել են որպես մարտահրավեր եւ ոչ թե փախել են դրանից, այլ փորձել են այն օգտագործել ի նպաստ իրենց հզորացմանը: Խաղաղության նախապատրաստման նմանատիպ տրամաբանությունը միակ ընդունելի ու ընկալելի տարբերակն է ոչ միայն ողջ հայության, այլեւ տարածաշրջանի պետությունների համար, որոնք հարգում են միայն ռազմական ուժը: