Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ԴՐՍԵՑԻՆԵՐ» ՄՆԱՑԻՆ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Խորհրդային տարիների համատարած կուսակցականացման գործընթացից խուսափել եմ, չնայած որ առաջարկներ եղել են: Գլխավոր պատճառը կոմիսարների կաշվե բաճկոնները արտասահմանյան արտադրության շքեղ կոստյում-փողկապներով փոխարինած ղեկավարների համատարած «ինչ ուզենք-կանենք» գործելաձեւերից զզված լինելս էր: Չէ, քաղաքական պայքարում չեմ եղել, ուղղակի ինքս այլընտրանքի պահանջ էի զգում եւ գտա: ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանողին (այսինքն` ինձ) երկրորդ կուրսից «Արմենական» էին անվանում թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները:

Արմենականների վերաբերյալ աղբյուրներ էի փնտրում: Չգիտեմ պատահաբար, թե նախախնամության թելադրանքով, սկսեցի շփվել սփյուռքահայ ռամկավար (Արմենականների ժառանգորդներն են) ուսանողների հետ: Իսկ երբ Խորհրդային կայսրությունում իր հայտնի перестройка-ով (վերակառուցման քաղաքականություն) իշխանությունը գլխավորեց Միխայիլ Գորբաչովը եւ երկրում ծայր առան գաղափարական զարթոնքն ու նորովի մտածողությունը, ես արդեն «պատրաստի» արմենական-ռամկավար էի: Սկզբում փոքրաթիվ մտերիմներով, այնուհետեւ որպես «նախաձեռնող խումբ» հիմնադրեցինք Հայաստանի ՌԱԿ-ը: Հենց այդ օրվանից էլ ինձ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչու սփյուռքահայ ավանդական կուսակցությունները խորհրդարանում ունենալով 23 անդամից բաղկացած խմբակցություն (ՀՌԱԿ) եւ տեւական ժամանակ մաս կազմելով իշխանություններին (ՀՅԴ-ն ուներ, ավելի ուշՙ նաեւ նախարարներ, մարզպետներ, համայնքապետեր եւ այլ աստիճանի պաշտոնյաներ), ՀՀ-ում այդպես էլ վճռական գործոններ չդարձան: Ինչու ազգ, երկիր եւ պետություն առաջնորդող որոշումներում դրանց մասնակցությունը փաստորեն բացակայում է:

Բոլորիս` հայաստանաբնակ թե սփյուռքահայ, երազանքը մեկն է`ունենալ հզոր, բարգավաճ եւ շարունակաբար զարգացող հայրենիք: Իհարկե, ցանկությունների մեջ տարբերություններ կան. հայրենաբնակ հայը աշխատանքի, օրվա հացը վաստակելու, կյանքը բարելավելու անհրաժեշտություն է զգում: Իսկ սփյուռքահայը` հուշերի, երազային զգացումների ու անսահման կարոտը գովերգող երգերի, բանաստեղծությունների, լուսանկարների ու տեսանյութերի կարիք ունի:

Ակնհայտ է նաեւ, որ հանապազօրյա հացի հայթայթման ամենօրյա դժվարին գործընթացում գտնվող հայրենաբնակ եւ ինքնության պահպանման համար բազմաթիվ ու բազմապիսի մարտահրավերների դիմագրավող սփյուռքահայը մեկ օրում չէին կարող վերափոխվել: Գաղտնիք չէ նաեւ, որ խորհրդային միակուսակցական 70 տարիների ընթացքում մեր կամքից անկախ հայության երկու հատվածներն զգալի խորթացել էին միմյանցից, առանձին դեպքերում նույնիսկ թշնամացել: Բնականաբար, որքան էլ մտածեինք, որ նույն ժողովուրդն ենք, չէինք կարող անտեսել, որ տարբեր «մշակումների» էինք ենթարկվել ու տարբեր դարձել, իսկ այդ տարանջատումը մեկ օրում հնարավոր չէր հաղթահարել:

Ի դեպ, զարմանալի է, սակայն տարանջատման գործընթացին նպաստեցին նաեւ տարբեր նպատակներով սփյուռքահայ խմբերի հայրենիք այցելություններն ու զբոսաշրջությունը: Հայրենաբնակը տեսնելով լավ հագնված, նոր ու թանկարժեք ֆոտոտեխնիկայով զինված սփյուռքահայերին եւ այդ հնարավորություններից զուրկ լինելով, (ոչ միայն հնարավորություն չուներ դրանցից գնելու, այլեւ չէր կարողանում ճամփորդել), իսկ զբոսաշրջիկի կամ մեկ այլ կարգավիճակով հայրենիք այցելածների տեսքը ճոխության եւ հարստության մասին էին վկայում: Հենց դա էլ ստեղծում էր այն հաճախ իրականությանը չհամապատասխանող տպավորությունը, թե բոլոր դրսում ապրողները հարուստ էին: Սա էլ դրդում էր մտածելուՙ իսկ ինչու ինքն էլ հարուստ չլինի ու չվայելի կայնքը ինչպես իր սփյուռքահայ եղբայրները: Հայրենաբնակը որտեղից իմանար, որ այդ զբոսաշրջիկներից շատերը պարտքով կամ վարկով են ձեռք բերել այդ ուղեգրերը: Որ նրանցից շատերի տների ու շքեղ ավտոմեքենաների համար նրանք վճարում են երբեմն ողջ կյանքում:

Այս ամենի արդյունքում աստիճանաբար ծնվեց եւ արմատացավ այն մտայնությունը, որ Սփյուռքում բոլորն անխտիր հարուստ են: Անկախությունից հետո էլ միանգամայն բնական համարվեց, որ հենց Սփյուռքը պիտի օգնի վերաշինելու եւ ծաղկեցնելու Հայաստանը: Ավանդական կուսակցություններին էլ ոչ ավել ոչ պակաս վերապահվեց հարուստ քեռու դերակատարություն: Քեռի, որը զարմիկներին պարզապես պարտավոր էր «ապահովել» շոկոլադով: Սակայն չընկալվեց այն պարզ ճշմարտությունը, որ Սփյուռքն ընդամենը աշխարհասփյուռ հայություն է եւ նրան պետության հետ համեմատելը անշնորհակալ գործ: Մոռացվում էր, որ սփյուռքյան կառույցները հազիվ էին կարողանում բավարարել հենց Սփյուռքի կարիքները:

Ահա այս բարոյահոգեբանական մթնոլորտում իրենց գաղափարական, ծրագրային եւ կառուցվածքային տարբեր մոտեցումներով էլ մեր ավանդական կուսակցությունները վերադարձան հայրենիք: Դիմավորող հայրենաբնակները հիմնականում նրանց չէին ճանաչում եւ Հայրենիք վերադարձող կուսակցություններին վերաբերում էին ոչ որպես լիիրավ քաղաքական կազմակերպությունների, այլ ավելի շուտ որպես դրամական միջոցներ ունեցող կամ բարեգործական առաքելություն իրականացնող միությունների: Այսինքն` ավանդական կուսակցություններից, որքան էլ որ զարմանալի է, երկրի քաղաքական կյանքում լիիրավ մասնակցի, առավել եւս առաջնորդի դերակատարություն չէր ակնկալվում:

Անկախության առաջին տարիներին ավանդական կուսակցություններին չնչին բացառությամբ անդամագրվեցին հիմնականում ոչ գաղափարական համոզմունքներից ելնելով, այլՙ խորհրդային տարիների սովորությանը եւ այն համոզումին, որ կուսակցական տոմսը լայն հնարավորություններ էր ապահովում: Ավելի շատՙ այդ հարթակն ու ֆինանսական հնարավորություններն օտագործելով հասարակության մեջ դիրք գրավելու նպատակով: Ավանդականների վերադարձն էլ շատերի կողմից բնական չհամարվեց, քանի որ վաղուց արդեն գաղափարական եւ հոգեբանական ընկալումների տարբերություններ էին արմատավորվել: Մի բան, որ ակնհայտ դրսեւորվել էր դեռեւս ներգաղթի օրերին` ազգի մի հատվածի մոտ այլամերժության վտանգավոր ախտ էր նկատվել:

Անկախության առաջին տարիներին ավանդական կուսակցությունները տարբեր դիրք գրավեցին օրվա իշխանությունների նկատմամբ, ավել կամ պակաս հանդուրժվեցին վերջիններիս կողմից, սակայն բոլոր դեպքերում համարվում էին օտարերկրացիներ եւ ողջ ազգի ղեկավարումը դրանց չէր վստահվում: Հնարավոր էր համարվում միայն անհատ անդամների նյութական ու մասնագիտական ներդրումը: Իսկ կուսակցությունները իրենց հայապահպանական ջանքերն ու հայաբաղձ ձգտումները նկատի ունենալով միամտաբար հույս ունեին անմիջապես եւ գրկաբաց ընդունվել հասարակության եւ նույնիսկ պետության ղեկավարության կողմից: Մի բան, որն այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը:

Ավելին, ազգային-ավանդական կուսակցությունները Հայաստանում ընդհանուր ղեկավարություն չէին կարող դառնալ, քանի որ դրսից եկածը հոգեբանորեն ընդունելի չէր համարվում: Իսկ նրանք, որ անդամագրվեցին ավանդական կուսակցություններին, չնչին բացառություններով, չունեին այն գաղափարական եւ ծրագրային համոզմունքները, ավանդույթներն ու կարոտ-երազը, որ հատուկ էին դրանց սփյուռքահայ անդամներին, ուստի նույն հաջողությամբ կարող էին անդամագրվել դրանցից յուրաքանչյուրին: Տարբեր մակարդակի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ Հայաստանի հանրային կարծիքը երկար ժամանակ շարունակում էր դրսեցի եւ օտար համարել ավանդական կուսակցություններին, նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք ներկայացնողներն արդեն ՀՀ քաղաքացիներ էին: Ցավոք, այսօր էլ այդ վիճակն է:

Որպես կանոն, Հայաստանի բնակչությունն իր մտավորականությանն ունկնդրելու ավանդույթն ունի: Բայց արի ու տես, որ ավանդական կուսակցությունները չկարողացան ապահովել մտավորականությանը անկողմնակալ եւ ոչ հատուկ քարոզչական շարժառիթներով ներկայությունը իրենց գործառույթներում: Անհրաժեշտ էր գիտակցել, որ Հայաստանը բարձրակարգ մտավորականություն ուներ, որի հետ հարկավոր էր խոսել ոչ թե հրամանների, կարգապահական եւ այլ զանազան քարացած մոտեցումներով: Որ նրա հետ արհեստական միջոցներով փոխհասկացողության հնարավոր չէր հասնել: Հարկավոր էր ուսումնասիրել, գտնել դեպի հասարակության լայն խավերը տանող ուղիները, ամուր կամուրջներ ստեղծել նրա հետ: Այնինչ, այս տարրական պարզ ճշմարտությունը շատ անգամներ չընկալվեց, որի արդյունքում էլ Սփյուռքն իր գաղափարական, մշակութային եւ հոգեբանական բազմաշերտությամբ եւ իր կուսակցություններով հանդերձ ընկալվեց ավելի շատ դրսի բարեգործական կամ նմանատիպ այլ կառույցների կարգավիճակով:

Մի շատ կարեւոր հանգամանք էլ. անցած դարի ընթացքում գրեթե բոլոր գաղափարական տեսություններն ու աշխարհայացքները արմատական ձեւափոխությունների (mutations) ենթարվեցին, բայց ավանդական կուսակցություններն իրենց ինքնության պահպանումով տարվածՙ չհետեւեցին համաշխարհային այդ փոփոխություններին, մնացին նույնը, ինչ էին սկզբում: Ու թեեւ դրանցից, օրինակ ՀՅԴ-ն, բավական ժամանակ մաս կազմեց իշխանության վերնախավին, սակայն դա բոլորովին էլ չէր նշանակում, որ վճռորոշ դերակատարություն ուներ կարեւորագույն հարցերի լուծման դեպքում: Արդ, ավանդական կուսակցությունները պետք է մանրամասն հետազոտություն կատարեն եւ պարզեն, թե ինչու այնուամենայնիվ իրենք հայաստանյան հասարակության կողմից լիարժեք չեն ընդունվում, որ նրանց նկատմամբ բոլոր դեպքերում առկա են որոշ վերապահություններ:

Հարկավոր է սթափվել եւ վերանորոգվելով վերանորոգել հիմնավորապես, քանի որ կարկատաններով հագուստը երբեք նորի հետ համեմատելի չի դառնա: Հարկավոր է ազգակերտ, հայրենակերտ, ապագայակերտ նոր ըմբռնումներով առաջ ընթանալ, հարկավոր է գիտակցել. որ քառակուսի անիվներով ճանապարհ դուրս գալը նման է սիզիֆյան` ասել է` անիմաստ աշխատանքի: Հարկավոր է գիտակցել, որ վաղն արդեն ուշ կլինի, եւ ամեն ինչ սկսել հենց այս պահից, յուրաքանչյուրս մեզանից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ԶԳԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական