Բումերանգ
Զարմանալի բան` վերստին վարչապետ նշանակված Նիկոլ Փաշինյանն իր վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դժգոհում էր մի բանից, որը ստեղծվել է նաեւ երկար ժամանակ իր ղեկավարած թերթի շնորհիվ, երբ մամուլը դառնում է ոչ թե երկրին պատուհասող պրոբլեմներից ելքերի որոնման, այլ այս կամ այս այն գործչին անհատապես ոչնչացնելու, սրա- նրա անձնական խնդիրները քչփորելու հարթակ: Հիմա ինչու է դժգոհում Փաշինյանը մամուլից: 13 տարի աշխատում եմ «Ազգում» եւ խորհրդարանի աշխատանքն եմ լուսաբանում: Այդ տարիներին մենք գրում էինք խնդիրներից, ուրիշները`սրա-նրա խնջույքից ու թանկարժեք կոստյումից, մենք գրում էինք իշխանության սխալներից, ուրիշները «Ֆլորենս» եւ «Օջախ» ռեստորանների քեֆերից, մենք գրում էինք քաղաքական դաշտի` վերեւից փսորման տխուր գործելակերպի, ուրիշները` Լֆիկի ու Շմայսի արկածների մասին: Վերջինն անում էին շատ լրատվամիջոցներ: Այդպես էիք ընթերղող աճեցնում-դաստիարակում. ա՛յդ տեսակի լրագրությունն էր խթանվում անընդհատ, ուրիշի սպիտակեղեն քրքրողները, քաղաքական պապաների պատվեր կատարողները դառնում էին պատգամավոր ու պաշտոնյա, ստանում ֆինանսական հնարավորություններ ու քվոտային գովազդ: Հիմա հանրությանը սովորեցրել եք այդ կարգի լրատվոթյամբ սնվել` հո մի փայտիկով կամ մի «լայվով» կարծրատիպ չեք կոտրի ու պահանջարկ չեք փոխի:
Անգամ նկատեցի` հանրային հեռուստատեսության «Լուրերն» են վերջին օրերին փորձում այդ նիշին համապատասխանել` խորհրդարանից ռեպորտաժները ոչ թե ԱԺ քննարկումների խորքային արտացոլանքն են, այլ` այս բուծովի պահանջարկի «թեթեւ» թեմատիկայով հագեցածը:
Մինչդեռ խորհրդարանում հնչած մի շարք ելույթներում բավական բաց տեքստով հնչեց կառավարության ապագա կառուցվածքի ուրվագիծը` ԱԺ հանձնաժողովների շրջանակում, քանի որ խորհրդարանում այժմ ստեղծվող տասնմեկ հանձնաժողովները կառավարության դեռեւս մտմտացվող կառուցվածքի դեռ չբացահայտված մանրամասներն էին մատնում, այն դեպքում, երբ Աժ օրակարգ ներառված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նոր, փոփոխված նախագիծը դեռ չկա ու պատված է խորհրդավորության քողով: Նիկոլ Փաշինյանի այն խոստովանությունը, թե կառավարության անդամների 2/3-ը դեռ կնշանակվի, քանի որ կառուցվածքի դետալները դեռ չեն հստակեցվել, միայն ժամանակ հայցելու ձեւ է` խորհրդարանի առաջին նիստն ավարտելուց հետո մի փոքր հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու եւ ժամանակից շուտ օրենքի քննարկումով մամուլի բերան չընկնելու համար:
Մի խոսքով`ստացվել է այսպիսի մամուլ եւ այսպիսի քաղաքական դաշտ` մեկը մյուսի արտացոլանքը: Հիմա ինչից է դժգոհ Փաշինյանը` որ «լայվում» է, թե իննսուն տոկոս լրատվամիջոցները նախկին իշխանությանն են: Հա, ում ձեռքին փողն է, նա էլ շարունակելու է թելադրել ԶԼՄ-ներում, քաղաքական ուժեր-լրատվամիջոցներ ստեղծել, քաղաքական դաշտը բնակեցնել խամաճիկներով, ինչպես եւ առաջ, ծածկադմփոցով ժուռնալիստների միության նախագահ նշանակել, եւ այլն: Կարո՞ղ է դա փոխել Փաշինյանն իր մի «լայվով». սեփական լրատվական օրինակի անցյալի ուրվականը եթե նկատի առնենքՙ հազիվ թե:
Այո, լրատվամիջոցները շարունակելու են աշխատել պատվիրատուի պատկերով ու նմանությամբ, ավելի լավ է` Փաշինյանն ինքը փոխվի, գլխովին խրվի աշխատանքում եւ մոռանա նրանց, իր անդրադարձներով նրանց ակամա գովազդը չկազմակերպի, ինքն էլ գիտի, որ Հայաստանի նման փոքրիկ երկրում մամուլի դեմ պայքարողը միշտ էլ պարտվում է, քանի որ հենց ինքն ու իր պես մտածողներն են ժամանակին մամուլից ստեղծել բոլորին խժռող մոնստերներ, ոչ թե պետության օգնական: Ու այս դեպքում բնական է, որ նրա վերջին «լայվը» շատերն են դիտում որպես մամուլին զսպելու փորձ, ինչին ժամանակին հենց ինքը հակադրվում էր բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի մեթոդներով: Եւ միայն արդյունավետ աշխատանքով կարող է վարչապետը դիմակայել, որ իր իշխանությունը ՀՀԿ իշխանության հետ չհամեմատեն: Մանավանդ երեկ երկրում իրավիճակ փոխելու համար նրա նշած բանաձեւն ամենեւին ամբողջական չէ. թե` եթե երեք բան վերացնենք` աղբը, «բուդկաները» եւ ավտոմեքենաների «կարկասները»: Ավելի արմատական խնդիրներ կան:
Սատանան այնքան էլ սարսափելի չէ
Նոր խորհրդարանն այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում էր առաջին հայացքից: Սահմանադրական մեծամասնությունը, զանազան աղջիկների ու տղաների հետ, նաեւ մի երկու տասնյակի չափ կրթված ու տեղյակ մարդկանց է բերել խորհրդարան, որոնք հակակշռում են մեծ մասի անփորձությունն ու անտեղյակությունը: Բայց դա, իհարկե, չի կարող լիովին սքողել համալսարան ընդունված առաջին կուրսեցիների սինդրոմի թեւածումը խորհրդարանի դահլիճում եւ միջանցքներում, որին, որս տեսած գիշատչի նման, թիրախավորում է մեր լրատվական դաշտը: Պատգամավորներից շատերը դեռ չեն ընկել խորհրդարանական տրամաբանության մեջ, ու անընդհատ մոռանում են Ազգային ժողովի կանոնակարգը, որքան էլ շտապ օգնություն-Թաթուլ Սողոմոնյանն (քարտուղարության պետը) իր բարձրության վրա լինի, անգամ131 քվեով`132-ից ԱԺ նախագահ դարձած Արարատ Միրզոյանը չի բարեկամանում կանոնակարգի հետ` անընդհատ ժամանակից շուտ ընդմիջում հայտարարելով, կամ` ընդմիջումը դասամիջոցի հետ շփոթած երիտասարդներն են տասն -տասնհինգ րոպե ուշացումով գալիս մյուս դասին, ներեցեք` նիստի շարունակությանը:
Սակայն այլ տեսարժան նորություններ էլ կան` Գագիկ Ծառուկյանը ոչ միայն նիստի է գալիս, այլեւ ելույթ է ունենո՜ւմ, պատկերացրեք, պատասխանում է իր ղեկավարած խմբակցությանը ընդդիմախոսող «կլասիկներին», եւ դա կարող է բավական երկար տեւել: Խորհրդարանի դահլիճը դատարկ չի լինում առաջվա նման, քանի որ պատգամավորներն այնքան լավ չգիտեն ներքին խոհանոցը , որ իրենց սենյակներից հետեւեն քննարկումներին, նրանց մի մասն անգամ սենյակ չունի: Ասացինք` ԱԺ-ն պատգամավորախեխդ մի արեք: Նրանք շրջում են խմբերով, լրագրողներիցս հարցնում բուֆետի եւ այլ անհրաժեշտ վայրերի տեղը եւ մի տեսակ շփոթվածի տպավորություն թողնում:
Ունի՞ նոր խորհրդարանն իրական ընդդիմություն
Մեր այն դիտարկմանը, թե թղթի վրա, իրոք, ընդդիմություն կա, իրականում` ոչ, Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց: Բայց հենց միայն ԱԺ նախագահի ընտրության քվեներն են ցույց տալիս, որ ամենաառանցքային հարցերում իրենց ընդդիմադիր անվանած ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» մնացած խիստ առանցքային հարցերում եւս սատարելու են իշխանական մեծամասնությանը, որքան էլ զանազան խուճուճ բացատրություններ հնչեցնեն իրենց քվեարկության հիմքերի մասին: Իրական ընդդիմությունը Ազգային ժողովի նախագահի սեփական թեկնածու է ներկայացնում սովորաբար: Ու համաձայն չենք, որ ժողովուրդն է լուսավորյալներին կամ բարգավաճածներին ընտրել ընդդիմություն, սա սխալ մոտեցում է, քանի որ ժողովուրդն իր հասկացածով հեղափոխությանը այս կամ այն չափով աջակցած ուժերին իրենց աջակցության չափով էլ քվե է տվել, ինչպես պիտի հեղափոխականներին աջակցածները եւ այդ հողի վրա քվե ստացածները ընդդիմախոսեն նրանց:
Չնայած` եթե վերադառնանք այս ուժերի ստեղծման ակունքներին` ապա հեղափոխության ընթացքում նրանք խնդիր ունեին համագործակցության` հենց խորհրդարան անցնելու համար, հետագայում, իհարկե, կրկին տարբեր շահեր կարող են ներկայացնել, բայց ոչ մեր պատկերացրած դասական, իշխանությանը հակակշռող ընդդիմությունը: Սրա վկայությունն է նաեւ այն, որ հենց խորհրդարանի դահլիճում են նրանք իրար հետ հաշիվներ մաքրում, փորձելով գլխավոր ընդդիմադրի «պաշտոնը» գրավել: Հայաստանի նախագահի հորդորը` թե դուք միմյանց հակառակորդը չեք, այլ ընդդիմախոսը, թիրախավորեք ոչ թե անձերին, այլ խնդիրները`անմիջապես էլ շրջանցվեց խորհրդարանի դահլիճում հնչելուց մի քանի ժամ հետո, երբ լուսավորյալ Արման Բաբաջանյանն անվանապես «կպավ» բարգավաճյալ Գագիկ Ծառուկյանի հետ ազգակցական կապերով հայտնի, Ուկրաինայի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին: Դրա պատասխանը ոչ խորհրդարանական «ռազբորկա» էր հենց խորհրդարանի դահլիճում: Իրենց ընդդիմություն անվանող երկու խմբակցությունների նոր հաշիվմաքրոցիները հավանաբար չպետք է բացառել, չնայած ԱԺ փոխնախագահ ընտրված Վահե Էնֆիաջյանի (ԲՀԿ) նվիրած ծաղկեփունջը ԱԺ փոխնախագահ չընտրված Մանե Թանդիլյանին («Լուսավոր Հայաստան») որեւէ խնդիր չլուծեց: Բոլոր դեպքերում Էդմոն Մարուքյանն արդեն խորհրդարանում նստած է նախկինում Նիկոլ Փաշինյանի տեղում, եւ բոլոր հարցերի վերաբերյալ աշխատում է ընդդիմախոսել համ իշխանությանը, համ ԲՀԿ-ին, լիովին մտնելով այդ տեղին հարիր կերպարի մեջ: Անգամ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ բացասական գնահատեց իրավիճակը հետհեղափոխական Հայաստանում մարդու իրավունքների տեսակետից եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նոր իրավիճակի, փնթի քննված գործերի արդյունք համարեց Հայաստանից նոր գործեր վարույթներ վերցնելու փաստը, հետագայի առումով`վատ նախանշան:
Ինչ տեսք ունի նոր խորհրդարանը
Նախորդ ԱԺ-ում կար 9 մշտական հանձնաժողով, այս խորհրդարանը թվակազմով ավելի բազմամարդ լինելով` ձեւավորում է ԱԺ 11 մշտական հանձնաժողով, որից 8-ի նախագահին առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը, երկուսին` ԲՀԿ-ն եւ մեկինՙ «Լուսավոր Հայաստանը»: Խմբակցությունների ղեկավարներ են Լիլիթ Մակունցը` «Իմ քայլ», Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ, Էդմոն Մարւքյանը` «Լուսավոր Հայաստան»: «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահներ են ընտրվել Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:
Երկու նոր հանձնաժողովներն են` տարածաշրջանային ինտեգրման մշտական (ԵՏՄ եւ մյուս պետությունների հետ տնտեսական հարաբերությունների խորացման) հարցերով մշտական հանձնաժողովը (նախագահ`Միքայել Մելքումյան, ԲՀԿ), վերստեղծված մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովը (կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ):
«Իմ քայլականների» գլխավորած հանձնաժողովներից առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ կլինի Նարեկ Զեյնալյանը, արտաքին հարաբերություններինը`Ռուբեն Ռուբինյանը, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի (այսքան շատ ոլորտ, որը նաեւ կառավարությունը պետք է դնի մի նախարարության ներքո) հանձնաժողովինը` նախկինում սփյուռքի նախարար աշխատած Մխիթար Հայրապետյանը, պետաիրավական հանձնաժողովինը` Վլադիմիր Վարդանյանը ( ի դեպ` շատ պատրաստված ու պրոֆեսիոնալ մեկը` ՍԴ աշխատակազմի ղեկավարը), եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովինը` վարչապետի մամուլի նախկին խոսնակ Արման Եղոյանը, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության հանձնաժողովինը` Վարազդատ Կարապետյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովինը` նախկինում լրագրող Բաբկեն Թունյանը:
Ամենաառանցքային` ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ կլինի «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը:
Մի խոսքով` ընդունեք նոր խորհրդարանը, որի քարտեզով մենք փաստորեն ապրում ենք «դուխով». բարգավաճ եւ լուսավոր Հայաստանում: Այստեղ մեծամասնության բոլոր պատգամավորներն իրենց խոսքը, հարցերն ու ելույթները կառուցում են այնպես, որ կարծես իրենցից առաջ Հայաստանում խորհրդարան չի եղել, առաջարկներ անում այդ կանխավարկածով, խոսում տեսլական ու դոկտրին ունենալու անհրաժեշտությունից` նրանց համար քիչ է ծրագիր, հայեցակարգ ու հեռանկար ունենալը: Իմքայլականներին տեսլականը կվայելե, այդ բառն այս քանի օրը մի հարյուրհիսուն անգամ հնչած կլինի խորհրդարանում:
Կառավարության սպասվող կազմը
Կառավարության կազմի վերջնական տեսքը կախված է նրանից, թե կառավարության կառուցվածքի վերաբերյալ օրենքի նախագիծը երբ կքննարվի եւ կընդունվի, իսկ դրա մասին պատգամավորները դեռ պատկերացում չունեն: Մինչդեռ կառավարության կազմման սահմանադրկան ժամկետները սուղ են եւ դրանք խախտել չի կարելի: Հայտնի է միայն, որ նախարարությունների թիվը 17-ից կրճատվելու է եւ դառնալու 12: ԱԺ հանձնաժողովների ձեւավորման ժամանակ հնչած ոլորտային ելույթներից անգամ պարզ էր, որ կրճատվող սփյուռքի, մշակույթի նախարարությունների հետագա դերակատարության մասին պատկերացումները եւս աղոտ են: Օրինակ` սպասվելիք շատ ոլորտներ ներառող գերնախարարությանը համարժեք ԱԺ-ում ստեղծվող գերհանձնաժողովի նախագահի թեկնածու Մխիթար Հայրապետյանի խոսքից պարզ դարձավ, որ երկիրը դեռ ռեսուրս չունի եւ պատրաստ չէ մեծ հայրենադարձության, բայց սփյուռքի կառույցների ու ռեսուրսների գույքագրումը շուտափույթ կատարվելու է, եւ որ` սփյուռքի նախարարությունը մտցնելով մի ուրիշ նախարարության կազմ` չի նշանակում, որ սփյուռքի վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնող մարմին չի լինելու` լինելու է, սփյուռքի հարցերով հանձնակատարի պաշտոն է ստեղծվելու: Դեռ լսումների թեմա էլ կդառնան սփյուռքի գործիչներին ներառող երկպալատանի ապագա խորհրդարան ունենալու հարցը:
Կամ որ նոր իշխանության օրոք, հատկապես ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի` Ռուբեն Ռուբինյանի ղեկավարության ստանձնումից հետո, Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլեւս իմիտացիոն չի լինելու, տեսլական կամ դոկտրին ենք ունենալու արտաքին ոլորտում: Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ խոսվում էր ոստիկանությունն ու անվտանգությունն ԱԺ-ին հաշվետու դարձնելու մասին` նրանց անկախությունն ավելի գործնական դարձելու համար: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի թեկնածության առիթով քննարկումից էլ պարզ դարձավ, որ աշխատողների իրավունքների պաշտպանի հարց կարող է հետագայում բարձրանալ: Այս բոլորը վերաբերում է կառավարությանը, սակայն կառավարության կազմը դեռեւս չի ձեւավորվել, որ իմանանք, թե այս բոլոր նորարարություններից ինչին են հակված կառավարությունում: